HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մելիք Մանուկյանի մեքենան դեպքի վայրից հեռացնելու կասկածանքով բերման ենթարված Մարկոս Մարկոսյանը ոստիկանության աշխատակից է. պաշտպան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի մեքենան պայթյունից հետո դեպքի վայրից հեռացրած  Մարկոս Մարկոսյանը ոստիկանության աշխատակից է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Գևորգյանը:  Նշենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած պայթյունից հետո Մելիք Մանուկյանին պատկանող Range Rover  մեքենան դեպքի վայրից  տարվել, ապա  ետ է վերադարձվել:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանն ու Մարկոս  Մարկոսյանը:

Դեպքից հետո տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մարկոսյանը Մելիք Մանուկյանի թիկնապահն է:  Մեզ հետ զրույցում Հրանտ Գևորգյանն ասաց, որ չի կարող հստակ ասել, թե ոստիկանության որ վարչությունում է աշխատում  Մարկոսյանը՝ չբացառելով նաև, որ  նա կարող է լինել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից:  Այս վարչությունը զբաղվում է ինչպես պետական կառույցների, պետական նշանակության և պատմամշակութային օբյեկտների, այնպես էլ  իրավաբանական և ֆիզիկական բազմաթիվ անձանց, նրանց գույքի պահպանությամբ:

«Հետքի» հետ զրույցում Հրանտ Գևորգյանը որոշ մանրամասներ հայտնեց Range Rover-ը դեպքի վարից հեռացնելու հանգամանքների մասին:

Մասնավորապես,  ըստ փաստաբանի՝ Մարկոս Մարկոսյանը մեքենան ցանկացել է տանել և կայանել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող գործարանում: Խոսքը Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարարի մասին է:

Հրանտ Գևորգյանն ասում է, թե Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, որտեղ պահվում են մեքենաներն, անվտանգ չէ:

«Ոստիկանության բակում մեքենաները լցվում են,  պատասխանատու չկա, տեր ու տիրական չկա, մեքենաները թալանում, ջարդում են: Թանկանոց մեքենա է, եթե տանեին, ջարդեին կամ թալանեին, մեծ վնաս կպատճառվեր»,- ասաց Հրանտ Գևորգյանը:

Ըստ փաստաբանի՝ այն ժամանակ, երբ Մարկոսյանը մեքենան տարել է, դեպքի վայրի զննությունն արդեն ավարտված է եղել, և մեքենան տանելն ու վերադարձնելը գործում ոչինչ փոխել չէր կարող:

«Մարկոսյանն այն տանում էր գործարան, որպեսզի փակի տակ պահեր, բանալին հանձներ քննիչին, որպեսզի վերջինս տնօրինի»,- ասաց Գևորգյանը:

Դիտարկմանը, որ ոստիկանը Մարկոսյանին հորդորել է չտանել մեքենան, բայց, այնուամենայիվ, Մարկոսյանը դա արել է, Գևորգյանը պատասխանեց,  թե նա  չի հասկացել, որ չեն թույլատրել տանել:

«Որ  խոսել են մեքենան տեղափոխելու հետ կապված, ինքը մտածել է, թե  թույլտվություն կա  և տարել է: Ոստիկաններից մեկը կանգնած է եղել 4-5 մետր հեռավորության վրա, ասել է՝ Մարկոս մի՛ տար, պատասխանել է, թե թույլտվությւոն ունի: Եթե իմանար, որ թույլտվություն չկա, չէր տանի: Պարզապես տարել է, 15 րոպեից նորից վերադարձրել է ոստիկանություն: Ընդամենը 15 րոպեի պատմություն է»,- ասաց Հրանտ Գևորգյանը: Վերջինս հիշեցրեց, որ Մարկոսյանը պայթյունի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել: Պաշտպանն ասաց, որ  Մարկոսյանը պայթյունի գործով տուժող ճանաչված անձանցից մեկն է, գտնվելիս է եղել մեքենայի մեջ:

Ըստ գործի նյութերի՝  Մարկոսյանին մեքենան դեպքի վայրից տանելուն դրդել է Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռուբերտ Մանուկյանը: Մեր հարցին, թե այս հանգամանքի վերաբերյալ ի՞նչ է հայտնել  Մարկոս  Մարկոսյանը, Հրանտ Գևորգյանն ասաց, թե իր պաշտպանյալը դեռևս ցուցմունք չի տվել:

Հիշեցնենք, որ Մանուկյանի մեքենայի պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի վրա: Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով կասկածյալի կարգավիճակ ունեն Մարկոս Մարկոսյանն ու Ռոբերտ Մանուկյանը: Ըստ կասկածանքի, Մանուկյանն է Մարկոսյանին դրդել մեքենան տանել դեպքի վայրից:

Նշենք, որ Մարկոս Մարկոսյանի ձերբակալման դեմ Հրանտ Գևորգյանը բողոք է ներկայացրել դատարան: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, այսօր հրապարակել է որոշում` նրա ձերբակալումն իրավաչափ  ճանաչելու վերաբերյալ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter