HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նորաստեղծ հավելվածը վերավաճառում է ավտոկայանատեղերը

Գործարկվել է ավտոկայանատեղեր առաջարկող 2PARK հավելվածը։ Այս հավելվածի միջոցով վարորդները կարող են նախապես կայանատեղ ամրագրել՝ վճարելով 250 դրամ։ Թեև հավելվածը նոր է գործարկվում, սակայն մի շարք վարորդներին արդեն մտահոգության տեղիք է տվել։

Կարգն այսպիսին է. ավտոմեքենան կայանած վարորդը կայանատեղն ազատելուց առաջ հավելվածում նշում է իր տեղը քարտեզի վրա և կայանատեղ առաջարկում։ Կայանատեղ փնտրող օգտատերերից ստանում է հայտեր, ընտրում դրանցից որևէ մեկը և վճարի դիմաց իր տեղը զիջում։

Վարորդը հասնում է կայանատեղ, վճարում 250 դրամ, որից 150 դրամը փոխանցվում է զիջող վարորդին, իսկ 100 դրամը հավելվածի միջնորդավճարն է։ Գումարի շարժը օգտատերերի միջև տեղի է ունենում հավելվածի ներսում գործող անձնական դրամապանակների միջոցով։

Գոռ Էլչյանի կարծիքով` 2PARK հավելվածի գործունեությունն ավտոկայանատեղերի արհեստական դեֆիցիտ է առաջացնելու, իսկ որ ամենակարևորն է՝ իրենք արդեն իսկ վճարում են «կարմիր գծերի» համար։ Ըստ նրա` որոշ մարդկանց համար սա կարող է բիզնես դառնալ․ նրանք, անգործ լինելով, կկայանեն մեքենան և միայն վճար ստանալու համար իրենց տեղը կզիջեն։

«Վարորդներ կան, ովքեր կարող են պարապ լինել, գան տեղեր զբաղացնեն և դրանք վաճառեն, քաղաքում արդեն իսկ տեղ չկա»,-ասում է նա։

Նշենք, որ հունիսի 25-ին ոստիկանությունը հերթեր վաճառելու դեպքեր էր հայտնաբերել ՃՈ-ի Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում։ Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման էր ենթարկվել 5 անձ, որոնք իրենց մեքենաներով նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում սպասող անձանց։

Այս դեպքում էլ հավելվածից օգտվող վարորդների ինքնությունը գաղտնի է․ ոչ մի տեղ չի երևում վարորդի անուն-ազգանունը, վարորդների միջև չկա անմիջական շփում, հեռախոսազանգերը կատարվում են 2Park հեռախոսահամարով, որը հնարավորություն չի տալիս գործարքի ավարտից հետո կապ հաստատել կամ գտնել մյուս վարորդին։ 

«Հետք»-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը փոխանցեց սքրինշոթ, որով օգտատերը հայտնել է, որ հավելվածը գործարկողներն օրական 8000 դրամ և յուրաքանչյուր մեքենայից գանձված 150-ական դրամ աշխատավարձով 10-ժամյա աշխատանք են առաջարկել։

hfjrirslk.jpg (102 KB)

2PARK հավելվածի հիմնադիրները հրաժարվեցին «Հետք»-ին հարցազրույց տալ, խոստացան պատասխանել մեր գրավոր հարցերին։ Սակայն հուլիսի 23-ին ուղարկված մեր հարցմանը նրանք այդպես էլ չեն պատասխանել և չեն արձագանքում մեր էլեկտրոնային նամակներին։

Մենք հավելվածի հիմնադիրներից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս են կարողանալու կանխել ավտոկայանատեղն արհեստականորեն զբաղեցնելու և այն որպես բիզնես չօգտագործելու դեպքերը, արդյոք վարորդներին կայանատեղը զբաղեցնելու աշխատանքի առաջարկ կատարե՞լ են։

Քաղաքապետարանը չի կարող վերահսկել և արգելել կայանատեղերի վերավաճառքը

Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ այս պահին իրավական գործիքներ չունեն՝ հավելվածի գործարկումն արգելելու կամ սահմանափակելու։ Սակայն, քաղաքապետարանն առաջիկայում նախաձեռնում է բարեփոխումների փաթեթ, որում կներառվի նաև հավելվածի դեպքը։

Մտավոր սեփականության գործակալության տվյալներով՝ հավելվածը որպես գյուտ գրանցվել է այս տարվա փետրվարին։ Որպես դրա բնույթ նշված է՝ փողոցում ավտոկայանատեղի որոնման եղանակ։

Երևանի ավագանու նախկին անդամ, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը հավելվածի գործարկման առնչությամբ իր մտահոգությունների մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներին։ Նրանք Սերգեյին տեղեկացրել են, որ քաղաքապետարանը ուսումնասիրել է հավելվածի գործարկման օրինականությունը և պարզել՝ օրենքով այն արգելելու իրավական հիմք չունեն։

«Առանց այն էլ կայանելու տեղի խնդիր կա, մի հատ էլ մարդկանց ներքաշում են գործողությունների մեջ, որ գնան ու կայանատեղ զբաղացնեն, հետո այդ կայանատեղը վաճառեն։ Նրանք փաստացի հանրային տարածքը վարձակալության են տալիս, բայց դրա դիմաց հանրությանը և քաղաքային իշխանությանը ոչ մի օգուտ չի լինում»,-նշեց նա։

Մեկնաբանություններ (2)

Yerevan2800
կարելի է դրանց կարգի հրավիրել հարկային մարմնի և այլ կառույցների համատեղ ուժերով որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն,
Արա
Մտահոգությունը շատ տեղին է։ Կդառնա բիզնեսի միջոց։ Առանց այն էլ քաղաքում կանգնելու տեղ չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter