
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով երեք անձի մեղադրանք առաջադրվեց
Երևան–Սևան ավտոմայրուղու վրա օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ. Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքի ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1974թ., մյուս երկուսը Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963 և 1966թթ:
Հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել