HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«12 ժամ անընդհատ կրակոցը չի դադարել պարիսպների վրա» (վիդեո)

Շուշիի գրոհը Շոշ գյուղի ուղղությունից

Ժորա Ֆարյանը առաջին ազատամարտիկն է, ով Շուշիի ազատագրումից հետո մտել է Սբ. Ղազանչեցոց եկեղեցի եւ մոմ վառել: Քաղաքի ազատագրումից հետո շատերը համոզված էին, որ եկեղեցին ականապատված է, այդ պատճառով խուսափում էին ներս մտնել եւ դրսի պատերին էին մոմ վառում: Սակայն Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար Ժորան համարում է, որ առաջինն ինքը չի մտել Սբ. Ղազանչեցոց, քանի որ իրենից առաջ օպերատորը արդեն մտել էր եկեղեցու շեմից, եւ ինքը հետո առաջ անցավ օպերատորից:

«Եթե օպերատորը, որը կոնկրետ ռազմական գործողության չի մասնակցում, առանց զենքի մտնում է, մի քիչ ոնց որ վախենալն էլ ամոթ է արդեն: Ոչ թե վախ, այլ անհանգստություն է եղել: Մի բան էլ կա. էդքան ճանապարհը անցնելուց, էդքան ազատագրելուց հետո իրականում ես մտածում էի, որ եթե մարդ զոհվի, հազար անգամ լավ է` էսպիսի տեղ զոհվի, քան ուրիշ տեղ»,- ասաց ազատամարտիկը: Իսկ ներս մտնող օպերատորը Հակոբ Պողոսյանն էր:

Շուշիի ազատագրման օպերացիան պետք է սկսվեր մայիսի 5-ին, սակայն ձյուն եկավ, եւ օպերացիան հետաձգվեց: Ժորա Ֆարյանը մասնակացել է քաղաքի ազատագրմանը Շոշ գյուղի ուղղությունից:

«Երեւի ապրիլի 28-29-ին 30 հոգու առանձնացրին, որ առաջինը մենք պիտի վազեինք քաղաքի վրա: Երբ մեզ ասում են` գիտեք, չէ՞, որ զոհվելու հավանականությունը շատ մեծ է, հասկանում ենք, որ եթե էսքանի միջից 30 հոգու ջոկում են, ուրեմն մի բան էն չի: Մենք արդեն բոլորից կտրված, առանձին էինք պարապում: Անընդհատ օրական մի 10 անգամ վազում-իջնում էինք: Ոչ մեկի հետ թույլ չէին տալիս, որ մենք խոսենք: Շոշի տակով եկանք, արդեն երբ մութը տվեց, մեզ էլ 10-10 հոգի բաց թողեցին: Դա 7-ից 8-ի գիշերն էր: Խավար էր, 2 մետրից չէր երեւում: Եկանք ձորի մեջ, կամաց-կամաց էդ ժայռերի վրայով բարձրացանք սկզբնական դիրք ու վազեցինք վերեւ: Նրանք կրակում են մեզ վրա, տեսնում են` մենք չենք փախչում»,- պատմեց Ժորա Ֆարյանը:

Անմիջապես նրանց ետեւում` մոտ 150 մետր հեռու, կռվող ազատամարտիկների շարքում է եղել Սամվել Զոհրաբյանը, ով եւս Շուշիի առանձնակի գումարտակից է: Նա նշեց, որ ամենածանր մարտերը եղել են մայիսի 8-ին` ժամը 6-ից մինչեւ 21-ը:

Սամվելը ջոկատի փոխհրամանատարն է եղել: Նա ասաց, որ քաղաքի ազատագրումից առաջ բոլորը հստակ գիտեին իրենց անելիքը, եւ իրենց արդեն 800-1000-ական փամփուշտ էին բաժանել: Ազատամարտիկները հացի փոխարեն նախընտրել էին փամփուշտ վերցնել իրենց հետ եւ ոչինչ չէին կերել 40 ժամ շարունակ:

«Կռիվը շատ սաստիկ էր: Երբ Ժորայենք միանգամից դուրս եկան, առաջին գիծ ալիք անցան, մենք ասինք` արդեն խփեցին տղերքին: Երկրորդ գիծը մենք էինք: Ընդամենը մի 150-200 մետրի վրա էինք Շուշիի պարիսպներից: Էնտեղից կարկուտի նման կրակ էր տեղում մեզ վրա` աջ, ձախ: Մենք էլ պիտի չդադարեցնեինք կրակոցը` տղաներին էինք պահում` Ժորայենց, որ մի քիչ հարմար դիրք մտնեն. ոչ էն էր` առաջ գնային, ոչ` հետ գային, կարող էին խփել: Բայց փառք տղերքին: 12 ժամ անընդհատ կրակոցը չի դադարել պարիսպների վրա»,- ասաց Սամվել Զոհրաբյանը:

Ժորա Ֆարյանը պատմեց, որ մայիսի 8-ին ողջ օրը` մինչեւ մութն ընկնելը, իրենք մի քանի անգամ մոտեցել են Շուշիին ու ետ քաշվել, մինչեւ իրենց հայտնել են, որ Բեկոր Աշոտը բերդի կողմից արդեն մտել է Շուշի, եւ իրենք ետ են քաշվել:

«Երբ մենք հետ քաշվեցինք, արդեն մեզ ասին. «Հիմա թեքվում եք ձախ ու տների մոտով մտեք քաղաք»: Դա արդեն լույս 9-ի առավոտն էր: Դեպի ռուսական եկեղեցու ուղղությունն էլ արդեն մենք մաքրելով դուրս եկանք, տեղափոխվեցինք մեր Ղազանչեցոց եկեղեցու կողմ»,- պատմեց Ժորա Ֆարյանը:

Սամվել Զոհրաբյանը իր օրագրում օր առ օր գրի է առել, թե ռազմաճակատում ինչ է տեղի ունենում: Նա պատմեց, որ իրենց առաջխաղացումը զուգակցվեց Ուջանի ջոկատի տղաների առաջխաղացման հետ:

«Մենք էնտեղ իրար չենք տեսել, բայց կրակոց է գնում: Մենք ստիպված մեր ազդանշանով` կրակոցի ձայնով, մոտեցանք իրար, մինչեւ գոռացինք հայերեն, նոր հասկացանք, որ մենք ենք, իրար վրա չենք կրակում: Էդ 2 ջոկատով հենց Շուշիի մեջ հանդիպեցինք, փաթաթվեցինք: Դա ամենամեծ երանության զգացողությունն էր: Ամսի 9-ի ժամը 10-ն էր արդեն: Երբ մենք իջանք ներքեւ, արդեն պարզապես ժողովուրդը մեր ավտոմեքենայի հետեւից վազում էր: Կանանց օրհնանքը ես չեմ կարողանում նկարագրել»,- ասաց Սամվել Զոհրաբյանը:

Ժորա Ֆարյանի մեջ տպավորվել է, որ երբ մայիսի 9-ին իջնում էին Ստեփանակերտի կամրջի մոտ, իրենց խնդրեցին ոտքով գնալ, որ ստեփանակերտցիները ողջունեն:

«Մի մարդ (ծեր մարդ էր) եկավ լացելով, փաթաթվեց, ասեց. «Խնդրում եմ, դանակդ տուր, քո դանակով մի հատ էս աքլորը մատաղ անեմ»: Երբ օպերացիան վերջացավ, ինձ հարցրին` օրինակ, էս վայրկյանին ի՞նչ կուզեիր, ասել եմ. «Ուրիշ բան չեմ ուզում. մենակ ուզում եմ 5 րոպեով ընկնեմ Աբովյան, տեսնեմ` ոնց են հայերը ուրախանում»»,- ասաց աբովյանցի Ժորա Ֆարյանը: Նա տնեցիներին չէր ասել, որ Շուշի է գնում:

Եվ նրա ընտանիքի անդամները հեռուստատեսությունից են իմացել, որ նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը:

«Իրենց մտածածն էն է, որ մեր վաշտը, որը հարձակվում է, էնքան ուժեր է հավաքում իր վրա, մինչեւ Բեկորը մտնի: Խելոք էր մտածված, լավ տարբերակ էր: Մանավանդ էստեղ հետաքրքիրն էն է, որ իրենք նաեւ համոզված են եղել, որ մենք չենք նահանջի: Հակառակ դեպքում, եթե մենք կպել ենք տներին, եթե էնտեղ էդ 30 հոգուս շպրտեին հետ, որեւէ մեկը մեզ չէր մեղադրի, որովհետեւ գրոհողը պիտի 3 անգամ շատ լինի, քան պաշտպանվողը. դա ռազմական օրենք է: Մենք մի քանի անգամ քիչ էինք»,- ասաց Ժորա Ֆարյանը: Նա Խորհրդային Միության ժամանակ ծառայել է հատուկ նշանակության ջոկատում:

Շուշիի գրոհը Ջանհասան-Քյոսալար ուղղությունից

Եսայի Բարսեղյանը քաղաքի ազատագրմանը մասնակցել է մեկ այլ` Ջանհասան-Քյոսալարի ուղղությունից: Նա սկզբից կռվել է Աշտարակի ջոկատում, հետո միացել ՀԱԲ-ին:

Նա նշեց, որ օպերացիային մասնակցել է հավաքական ջոկատ, որպեսզի որեւէ մեկ ջոկատ ամբողջությամբ չզոհվի. կային Գյումրիի, Աբովյանի, Ներքին Չարբախի, Կոշի, Ուջանի եւ այլ ջոկատներից տղաներ:

«Բարձրանալուց առաջ Դալիբալթայանի հետ էինք հանդիպել: Նա ասել է. «Գնում եք, տղերք, կարող է` չգաք: Ով ի վիճակի չի, ով ընտանիքից նեղված է, կարող է չգնալ»: Ձեռքերը սեղմել են, ճամփու են դրել: Մենք էլ ցտեսություն ենք ասել, գնում ենք ինչի՞ համար, գնում ենք Շուշին ազատագրելու համար: 7-ի երեկոյան արդեն սկսվեց դեպի Քյոսալար-Ջանհասան բարձունքը»,- ասաց Եսայի Բարսեղյանը:

Նա նշեց, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հրամանով, մոտ 10 օր շարունակ 150-200 հոգի ցերեկը բարձրանում, իսկ գիշերը թաքուն իջնում էր, որ թշնամին մտածի, թե կուտակումներ են լինում:

Մայիսի 7-ին` ժամը 11-11:30, նրանք սկսել են Մեղրագետով, Բալուջայով բարձրանալ դեպի Քյոսալար-Ջանհասան:

«Գիշերը` ժամը 12-ի կողմը, մեր արտիլերիան սկսեց աշխատել դեպի Քյոսալար-Ջանհասան: Ջանհասանի վրա Բալուջայի տղերքն էին, Քյոսալարը` մերոնք էին: 2 դիրքերն էլ եւ մենք ազատագրեցինք, եւ Բալուջայի ջոկատը: Հետո` արդեն լույսը բացվելիս, թուրքերը ամբողջ Շուշիից սկսեցին շարժվել դեպի Քյոսալար-Ջանհասան: Դրա համար էլ Շուշի հանգիստ մտնել եղավ: Դա Կոմանդոսի սարքածն էր: Խելոք օպերացիա էր»,- ասաց Եսայի Բարսեղյանը:

Նա օպերացիայի ժամանակ ծանր վիրավորվել է: «Կոշից Եղիշը ինձ ու Զորիկին քաշում էր, մեկ էլ Ամասիայից մի տղա, 24-25 տարեկան տղերք էին:

Վերջին պահին ես ասի. «Գնացեք, չդառնաք. թուրքը լցվել է արդեն, տանկերը դիրքավորվել են: Զորիկին քաշեք, դուրս եկեք. երեքդ էլ ջահել տղերք եք, ոչ երեխա, ոչ ժառանգություն»: Ասին` բա դո՞ւ: Ասի. «Իմացեք` չկամ, դուրս եկեք, հետ չգաք»: Դե, Զորիկը` վիրավոր, Եղիշը` արդեն կոնտուզիայի մեջ, ամասիացի էդ ջահել տղան` արդեն զոհված»,- պատմեց Եսայի Բարսեղյանը:

Զորիկը` այժմ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Զոհրաբ Խաչատրյանը, հիշում է այդ պահը. «Թուրքի նռնականետը ինձ հետ քարշ տալով` գալիս եմ, Եսոյին ասում եմ. «Ոտքիցս բռնի, ես քաշելով կտանեմ քեզ»: Մի ոտքս լավն էր, բեկոր կար, բայց դե աշխատում էր: «Գնա, ես իմ կյանքը ապրել եմ»: Ես որ շուռ եկա, տեսա` թուրքը արդեն հասել է: Մենք անտառի եզրով էինք իջնում: Երկուսս էլ խփվեցինք, մարդ չկար»,- ասաց Զոհրաբ Խաչատրյանը: Նա կռվել է «Արամո» եւ «Արծիվ 24» ջոկատներում:

Եվ Զոհրաբը, եւ Եսային լսել են, թե ինչպես է մի ադրբեջանցի ռուսերեն ասում. «Տեղ չես հասնի, մեկ է` կենդանի եմ բռնելու քեզ»:

«Թուրքը աշխատում էր ինձ վրա: Ինքը կրակում է, փամփուշտները, կողքերս պտպտալով, մտնում են հողի մեջ. չի ուզում սպանել, ուզում է կենդանի բռնել: Ես միանգամից ընկա թփերի տակ, փակվեցի: Թուրքը անցավ առաջ, ընկավ Զորիկի վրա: Էդ թուրքին ես իրոք չեմ տեսել, միայն ձայնն եմ լսում: Հետո մի ցերեկ, մի գիշեր սողալով մոտ 11 կմ իջել եմ: Արդեն մենակ էի: Իջա, մինչեւ հասա արդեն Մեղրագետ, նոր ջուր խմեցի: Ու հետ քաշվեցի գետից դեպի վերեւ, որ սպասեի մինչեւ գիշեր: Երեւի մի 3-4 կմ բան էր մնում, որ հասնեի Բալուջա: Բայց չեմ իմանում` Շուշին ազատագրվե՞լ է, թե՞ չի ազատագրվել»,- պատմեց Եսայի Բարսեղյանը:

Նրա ընկերները հայտնել են, որ Եսային կորել է, եւ Բալուջա գյուղի ջոկատը սկսել է փնտրել ազատամարտիկին: Երբ Եսայի Բարսեղյանը լսել է, որ իրեն մոտեցողները հայերեն են խոսում, դուրս է եկել թփերի տակից, ասել գաղտնաբառը, փաստաթուղթ ցույց տվել: Նա Բալուջայի ջոկատի տղաներից է իմացել, որ Շուշին ազատագրվել է, եւ կոնյակ խմել նրանց հետ:

Զոհրաբ Խաչատրյանն այսպես է հիշում Շուշիի ազատագրման մարտը. «Գիշերը` 2:20, մենք ժամանակից շուտ հասել ենք տեղ, գնացինք ու դուրս եկանք ուղիղ թուրքի տանկի դեմը: 2 հատ տանկային ական ունեինք, 2 անգամ տարա դրեցի տանկերի ցեպերի տակ, եկա, փոշմանեցի, գնացի հանեցի, ասի` էս տանկը ավելի լավ է վերցնենք: Տանկը քշեց, գնաց դիրքավորվեց: Երբ տեխնիկան եկավ, ես ասի` գնամ տեխնիկան կանգնեցնեմ, չմտնի. եթե տեխնիկան մտներ, մեզ կկոտորեր: Առաջինը տանկն էր: Վիլիսին խփեցինք: Վիլիսի հետեւից ԲՄՊ-ն եկավ: «Մուխաները» ինձ մոտ էին, 4 հատ «մուխայով» վազեցի, գնացի մտա տեխնիկայի տակ: ԲՄՊ-ն որ եկավ, կանգնեց, ես կողքից խփեցի ԲՄՊ-ին, պայթեց ԲՄՊ-ն»:

Եսայիից հետո վիրավորվել է նաեւ Զոհրաբը: Նա մոտ 15-20 մետր առաջ է եղել մյուս ազատամարտիկներից, եւ վերջիններս չեն տեսել, որ Զոհրաբը վիրավոր է:

«Ես մենակ էի, ոչ էլ ժգուտ կար ինձ մոտ: Ես գիտեի` տղերքը էնպիսի տեղ էին նստած, որ չէին կարող ինձ մոտ գալ: Ես մտածում էի, որ եթե գոռամ «Ես վիրավոր եմ, ինձ ժգուտ բերեք», ով էլ գա, խփվելու է: Բռնում ես ոտքդ` թուրքերը ոչխարի հոտի պես գալիս են քեզ վրա: Թողնում ես ոտքդ, կրակում ես` արնաքամ ես լինում: Նոր էդտեղ ստիպված ես գոռացի. «Մի հատ ժգուտ բերեք»: Մեկ էլ Ճուտը մեր եկավ կողքս: Ժգուտը տվեց, ոտքս կապեցի: Ավտոմատը ձեռքն էր: Ասի. «Դե, ավտոմատը տուր, դու գնա»: Ասեց. «Ես քեզ չեմ թողնի գնամ»: «Այ տղա,- ասի,- ես իմը պրծա արդեն. ես էստեղից էլ շարժվելու տեղ չունեմ»: 2 հատ «մուխա» կա ինձ մոտ, ցինկով փամփուշտը` 1180 հատ, ծոցս լցրած լիքը, նռնակները 10 հատ ինձ մոտ կան, ավտոմատն էլ` ձեռքս: Ես էլ գնալու տեղ չունեմ, մինչեւ վերջ պիտի կրակեմ ինչքան կա: Հետո Ճուտը ձեռքիցս քաշելով ինձ տարել է մինչեւ տղաների մոտ: Բայց շատ-շատ էին գալիս, լցվել էին արդեն գլխներիս: Էդտեղ Չեչ Սամոյի ձայնը լսեցի: Մեզանից մի 15 մետր վերեւ էր` որտեղ Բժիշկ Հարութը խփվել էր: Սամոն գոռաց. «Զորիկին հանեք», ու ես մի պահն եմ հիշում, որ Սամոն, բոյով մեկ կանգնած, գնդացիրը ձեռքին, կրակում էր»,- պատմեց Զոհրաբ Խաչատրյանը:

Եսային նրա ետեւից էր եկել մինչեւ մութն ընկնելը, հետո վիրավոր ազատամարտիկները կորցրել են իրար: Զոհրաբ Խաչատրյանը վիրավոր վիճակում իջել է Ստեփանակերտի ուղղությամբ եւ ընդամենն իմացել է, որ մեր տարածքում է:

«Էդպես կամաց աչքերիս դիմաց սպիտակեց ու կորավ: Լույսը բացվեց, արդեն Շուշիի մարտը տեսանք: Ուրախանում ենք, որ Շուշիում մարտ է ընթանում»,- ասաց Զոհրաբ Խաչատրյանը:

Չորս ամիս հետո նրան մի տղա է մոտեցել, փաթաթվել, լաց եղել եւ ասել, որ ինքն է գտել ազատամարտիկին` ճանապարհին ընկած: Զոհրաբին տարել են Բալուջա, հետո` Ստեփանակերտի հիվանդանոց:

«17 հոգի զոհ տվեցինք, ահագին վիրավորներ: Ես էնքան զոհված տղերք եմ թողել էնտեղ` Քյոսալար-Ջանհասան»,- ասաց Եսայի Բարսեղյանը: Սամվել Զոհրաբյանն էլ նշեց, որ հայերը չէին անարգում ադրբեջանցիների դիակները` ի տարբերություն թշնամու:

Շուշին ազատագրողները դժգոհ են քաղաքի ներկայիս վիճակից

Ժորա Ֆարյանի կարծիքով Շուշիի ազատագրմանը մասնակցել է առավելագույնը 700 ազատամարտիկ: Սակայն մեդալ ստացածների թիվը շատ ավելի մեծ է: Ազատամարտիկի խոսքերով` այդ հարցում մենք արդեն չափն անցել ենք, եւ քաղաքի ազատագրմանը մասնակցած, այդ թվում նաեւ զոհված շատ հերոսներ անտեսված են: «Սուտը կերել է ճշտին: էսօր շատ մարդիկ կան, որ Շուշիի տեղը չեն իմանում, բայց Շուշիի մեդալը ոչ թե դոշներին են խփել, այլ մեջքներին: Էն մաքուր կռված տղերքը, որ կյանքները դրել են, էսօր ոչ մի տեղ չեն երեւում»,- ասաց Զոհրաբ Խաչատրյանը:

Ազատամարտիկները նաեւ դժգոհ էին Շուշիի ներկայիս վիճակից: Սամվել Զոհրաբյանին, ով այժմ Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ուրախացրել է, որ Սբ. Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգվել է հայկական միջավայրի զգացողությամբ: Սակայն ազատամարտիկը նշում է, որ պատերազմի ավերածությունները մինչ օրս չեն վերացվել:

«Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց 20 մ այն կողմ 90 թ.-ի աղբը մինչեւ հիմա կա: Շուշին կարելի է դարձնել հայկական հոգեւոր 2-րդ կենտրոնը: Էսօր, ինձ թվում է, մեր արած գործը պիտի մեր հայ բարերարները, գործարարները շարունակեն, Շուշին ծաղկեցնեն»,- ասաց Սամվել Զոհրաբյանը:

Ժորա Ֆարյանը, ով այժմ մեխանիկ է աշխատում, հավելեց, որ ինքը երջանիկ է եղել, երբ պատմական Շուշին ազատագրվել է, իսկ հիմա շատ հիասթափված է քաղաքի վիճակից:

«Ուղղակի իրենք ուզում են ցույց տալ, նաեւ թուրքին են ցույց տալիս, որ էս քաղաքը մերը չի: Չեն սարքում, չեն բնակեցնում: 94 թ.-ից` պատերազմից հետո մինչեւ հիմա, բացի Ղազանչեցոց եկեղեցուց, ի՞նչ կա էնտեղ: Այսինքն` թե էս կառավարությունը, թե էն կառավարությունը Շուշին մերը չեն համարում, չեն սարքում: Ինձ կարո՞ղ է մեկնումեկը բացատրել` եթե Ստեփանակերտը էդպես ծաղկում է, կարծես Երեւանի Հյուսիսային պողոտան լինի, Շուշին ինչո՞ւ չի սարքվում»,- ասաց Ժորա Ֆարյանը:

Զոհրաբ Խաչատրյանը 6 ամիս առաջ է եղել Շուշիում: Նա եւս նշեց, որ Հյուսիսային պողոտայի շենքերը, որոնք դատարկ են մնացել, պետք էր Շուշիում կառուցել:

«Ես էլ մեծ հաճույքով էսօր իմ ընտանիքը կվերցնեի, կգնայի էնտեղ կապրեի, ինձ հետ էլ երեւի մի 15-20 ընտանիք կտանեի: Բայց դե որ ապրելակերպ չկա, ու՞ր գնաս մնաս: Էնտեղ ամեն ինչ բնությունը ստեղծել է. ջուրն էլ կա, հողն էլ կա: Ինչի՞ էնտեղ չսարքեն: Մի շաբաթ առաջ Քելբաջար գնացի: Երբ տեսա` էն ավերակ գյուղերում ինչ սիրուն, սպիտակ տներ են սարքել, երեխեքը, դպրոցը, ասում էի` վայ, Աստված ջան, փառք քեզ. էս հողին իզուր տեղը չի արյուն թափվել, ապրող կա, տեր կա: Այ, բոլոր տեղերը պիտի էդպես լինեն»,- ասաց Զոհրաբ Խաչատրյանը:

Շուշիի ազատագրման ժամանակ ծանր վիրավորված Եսայի Բարսեղյանն էլ, ում այսօր չեն տալիս հաշմանդամության կարգ եւ թոշակ, կարծում է, որ Շուշին կամաց-կամաց կկառուցվի: «Հո միանգամից չի՞ սարքվի»,- ասաց նա:

Լուս.` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (8)

Armenuhi
տխմար ու տափակ սցենարներով սերիալներ նկարելու փոխարել իրական և արժանի հերոսների մասին ֆիլմեր և սերիալներ պետք է նկարահանվեն, որ իմանան , թե ովքեր են ընդօրինակման արժանի , ում պետք է ձգտեն նմանվել , որոնք են իրական ու մարդկային արժեքները,որ ոչ թե պարծենալու առիթ, այլ ամոթ լինի հայրենակցին թալանելը,խաբելը,սեփական ժողովրդին ստրկացնելը,անպաշտպանին ճնշելը,մեծահասակներին,կանաց ու աղջիկներին չհարգելը,հայրենիքը կեղտոտելն ու փչացնելը, ստրկամիտ լինելը,հայրենավաճառությունը,արժանապատվության բացակայությունը և էլի շատ ու շատ աղտածին երևույթներ ամոթ և դատապարտելի համարվեն, ոչ թե հակառակը.
Կորյուն
ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԸ!!!!!!!!!!!
Aramazd
• Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է այնքան էլ գրավում է։ • Քաջերի սերունդները քաջեր են։ • Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ։
hay
kxndrei naev grel shushi gravum@ lachini koxmic irakanacnox 3 jokatneri masin,. kxndrei naev shushi lachini koxmic gravman tesanyut@ texadrel, tesanyter@ kan hastat...
Armenocide
Ketse AZART SHUSHIN. Hert@ JAVAKHKINN U NAKHICHEVANINN E!!!
Varaz Syuni in Amsterdam
HAY- VOCH, karik CHUNEM, vor avelin indz ases. ..................NAX, inch gites te 2000 TARI araj OV/inch kar IRAKANUM, kam chkar?.........2. HAY ASTVATSNERY MENK enk- yes, du, yev BOLOR Hayery. Usti VAHAGN u ANAHITY misht KENDANI en u KAN, kani der Hay ka..........................Yes haskanum em vor sa DZHVAR klini kez haskanal, vori GLUXY yerevi tarel e SEMAKAN sarkovi HEKIATI MEXKI multi-milliard biznesy..
Varaz Syuni in Amsterdam
Ruben- Yes hamadzayn CHEM ko asatsin. HAY ZINVORY ardyok KAROX e cristosi mshushot u HEZ kerpari mej TESNEL IREN (u markiti vogi)? Iharke VOCH.
Ruben
Paron Varaz Syuni in Amsterdam Hay TXAMARDU mej MARTIKI vogin erbek cher mahacel. Hay TXAMARD@ carakan banakum, covetakan banaki kazmum shat u shat sxrankner gorcec. cristoneutiuny miak chshmarit kronna.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter