
ՊԵԿ-ի քննիչները չեն վերադարձնում «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզսի» համակարգիչները
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Քրեական գործի ընթացքը փաստում է, որ քր.գործը հարուցվել է ընկերության բնականոն գործունեությունը խաթարելու, Հարթունյանների ունեցվածքը յուրացնելու հեռակա նպատակների համատեքստում:
Չներկայացնելով հարուցված գործի՝ անհեթեթության հասնող այլ մանրամասներ՝ փաստենք հետևյալը. հարուցված քրեական գործով ՀՀ ԿԱ ՊԵԿ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը 2011թ. հունիսի 22-ին խուզարկություն է իրականացնում «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքի Արարատյան 90/8 հասցեում գտնվող շինություններում, և առգրավվում է ութ համակարգիչ, այդ թվում նաև՝ անձնական համակարգիչներ:
2011թ. հուլիսի 8-ին քննիչը համակարգչային փորձաքննություն նշանակելու որոշում է կայացնում:
Դրանից հետո ընկերության անունից բազմիցս խնդրել են, որ փորձաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացվի, հնարավորություն տրվի օգտագործել ինչպես համակարգիչները, այնպես էլ դրանցում եղած տեղեկությունները:
Համակարգիչների առգրավումից անցել է մոտ 8 ամիս, իրականացվել է փորձաքննություն, և չնայած խոստումներին, որ դրանք կվերադարձվեն՝ համակարգիչներն ընկերությանը մինչ օրս չեն վերադարձվել:
Նշենք, որ նախկինում Հարթունյանների ընտանիքի վստահված անձ և ընկերության ղեկավար Սևակ Արզարունին ընկերությունից հեռանալիս իր հետ տարել է ընկերությանը պատկանող և իր օգտագործած համակարգիչներից մեկը, որը, սակայն, քննիչները, չգիտես ինչու, չեն առգրավել:
Հենց այդ համակարգիչը պետք է հետաքրքրեր քննիչներին, քանի որ դրանում էր ընկերության դրամական շարժի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, և եթե քննիչը ցանկանում էր «սև հաշվետվության» հետքեր գտնել, պետք է որ այդ համակարգչում դրանք փնտրեր: Ի վերջո, մինչ Նարեկի տնօրեն դառնալը ընկերության ղեկավարը եղել է հենց Սևակ Արզարունին:
Սա կրկին հաստատում է այն, որ այս բոլոր գործողությունները միտված են ընկերությանը վնաս հասցնելուն և ոչ թե օբյեկտիվ կերպով քննություն իրականացնելուն:
Համակարգիչները քննիչներն առգրավել են, իբր, տեղեկատվություն ստանալու պատրվակով, փորձաքննություն նշանակելու մտադրությամբ, սակայն մինչ օրս համակարգիչները չեն վերադարձվել ընկերությանը, և դեռ հայտնի էլ չէ, թե երբ դրանք կվերադարձվեն:
Ստացվում է՝ ընկերության մի համակարգիչը տարել է Սևակ Արզարունին, մնացածը՝ քննիչները:
Դրանց բացակայության պատճառով ընկերությունը զրկված է բնականոն գործունեության իրականացնելու համար անհրաժեշտ ինֆորմացիայից: Եթե հաշվի առնենք, որ ընկերության դրամական միջոցների վրա էլ կալանք է դրված, ապա պարզ է դանում, որ ամբողջապես խաթարված է ընկերության աշխատանքը:
Ստացվում է, որ քննությամբ հետապնդվող նպատակը միայն ընկերությանը վնաս հասցնել է. չէ՞ որ համակարգիչները, բացի ինֆորմացիայի կրիչ լինելուց, նաև ավելի քան 1.5 մլն դրամ արժողությամբ գույք են:
Առաջիկայում կներկայացնենք նախաքննության վերաբերյալ բավականին հետաքրքիր այլ մանրամասներ:
Հարթունյանների ընտանիքի մամուլի պատասխանատու
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել