HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցները՝ Հայաստանում. շրջանառություն, պատիժ, բուժում

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) հունիսին հրապարակել է թմրամիջոցների շրջանառության մասին տարեկան զեկույցը, որի համաձայն՝ 2017թ-ին թմրամիջոցների գործածումից մահացել է 585 հազար մարդ: Այլ կերպ այն հաշվարկվում է որպես առողջ կյանքի 42 մլն տարի: 

Հայաստանում չկա տեղեկություն այն մասին, թե տարեկան քանի մարդ է մահանում թմրամիջոցների չարաշահումից: 

2007թ-ից իրականացվում է թմրամիջոց գործածող անձանց բժշկական հաշվառում, որը ներառում է դրանք գործածելու հետևանքով հիվանդություն ձեռք բերող և նարկոլոգիական հաստատություն դիմող մարդկանց, ինչպես նաև նրանց, ում ոստիկանությունը հայտնաբերում է որպես թմրամիջոց գործածող և թունաքիմիական փորձաքննության արդյունքում ապացուցում է դա: 2019թ-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում այս մարդկանց թիվը մոտ 6900 է: Այն, սակայն, չի ներկայացնում թմրամիջոցից կախվածություն ունեցողների իրական քանակը:

Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների մոնիտորինգի բաժնի աշխատակից Սուրեն Նազինյանն ասում է, որ նրանց մեծ մասը՝ մոտ 4000-ը, կանաբինոիդներ օգտագործողներն են: Հիմնական մասին հայտնաբերում է ոստիկանությունը, քանի որ շատ քչերն են դիմում բժշկական օգնության: ՄԱԿ-ի զեկույցում նույնպես կանաբիսը նշվում է որպես ամենատարածված թմրամիջոց, որն օգտագործողների քանակը 2017-ին եղել է 188 մլն:

Մյուս հաշվառվածները հիմնականում գործածում են ափիոնատիպ նյութեր: Սրանք քնաբեր կակաչից (խաշխաշ) ստացվող և արհեստական ճանապարհով սինթեզվող թմրամիջոցներ են: Այս խմբին են պատկանում հերոինը, կոդեինը, մորֆինը և այլ թմրամիջոցներ: Ափիոնատիպ նյութերը շատ արագ են կախվածություն առաջացնում. նույնիսկ 1-2 գործածումը կարող է թմրամիջոցի նկատմամբ հիվանդագին կախում առաջացնել: ՄԱԿ-ի տվյալներով՝ հենց ափիոնատիպ նյութերն են պատասխանատու թմրամիջոցների գործածումից գրանցված մահերի 2/3-ի համար:

Որ թմրամիջոցներն են տարածված

ՄԱԿ-ի վերջին զեկույցներում նշվում է, որ հատկապես աճել է սինթետիկ օփիոիդների դասին պատկանող տրամադոլ տեսակի ցավազրկող նյութի օգտագործումը ոչ բժշկական նպատակով: Մինչ 2010թ-ին բռնագրավված տրամադոլի քանակը եղել է 10 կգ, երեք տարի անց այն հասել է 9 տոննայի, իսկ արդեն 2017թ-ին՝ 125 տոննայի:

Աճել է նաև հայտնաբերված կոկաինի քանակը՝ հասնելով 1275 տ-ի, որը մինչ այժմ գրանցված ամենամեծ քանակն է: Ամբողջ աշխարհում արտադրվող կոկաինի 70%-ը գալիս է Կոլումբիայից: 

Մյուս տարածված թմրանյութի՝ հերոինի սկզբնաղբյուր է համարվում Աֆղանստանը: Մաքսանենգության հիմնական ուղին շարունակում է մնալ Բալկանյանը, որով հերոինը Աֆղանստանից տարվում է Իրան, Թուրքիա և Բալկանյան երկրներ, ապա՝ տարբեր ուղիներով դեպի արևմտյան և կենտրոնական Եվրոպա: 2017թ-ին առգրավվել է 103 տ հերոին:

Հիշեցնենք, որ Հայաստանը թմրամիջոցների շրջանառության մասին զեկույցներում հայտնվեց հենց հերոինի մեծ քանակի մաքսանենգության դեպքի բացահայտումից հետո: 2014թ-ին Իրանի հետ սահմանակետին հայտնաբերվեց մոտ 1 տ հերոին, որը թաքցվել էր Վրաստան ուղևորվող բեռնատարի մեջ: Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնը, հաշվի առնելով նաև այս դեպքը, հնարավոր համարեց նոր՝ կովկասյան ուղու առաջ գալը: 

2014թ-ին հայտնաբերված այդ հերոինի քանակը մոտ 2 անգամ գերազանցում է Հայաստանի իրավապահների կողմից 2012-2018թթ. ընթացքում առգրավված մյուս բոլոր թմրամիջոցների ընդհանուր քաշը: Հայտնաբերված թմրամիջոցների քանակի մասին ոստիկանության հրապարակած տարեկան հաշվետվություններում մեծ թիվ են կազմում կանեփ խոտաբույսն ու դրանից ստացվող մարիխուանա հոգեակտիվ նյութը, ափիոնը, պակաս քանակով հայտնաբերվել են նաև հաշիշ, կոկաին, մեթադոն, կոդեին, ամֆետամին և այլ թմրամիջոցներ:

5.տեսակներ.jpg (64 KB)

Ոստիկանությունն ամեն տարի անցկացնում է «Կանեփ-կակաչ» միջոցառումը, որի ժամանակ ոչնչացնում է վայրի աճած և ապօրինի մշակած ու աճեցրած կանեփի ու կակաչի բույսեր:

6.կանեփ_կակաչ.png (408 KB)

Իրավապահները մաքսանենգության ուղիների մասին վիճակագրություն չունեն

Ոստիկանությունը մեր հարցմանն ի պատասխան ներկայացրել է մաքսանենգության դեպքերով գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ու դրանց ընթացքի մասին տեղեկություններ: Այդ տվյալների համաձայն՝ վերջին տարիների ամենաշատ մաքսանենգության դեպքերը գրանցվել են 2017թ-ին:

2.մաքսանենգություն.jpg (65 KB)

Մաքսանենգության գործերը կասեցնելու հիմնական պատճառ է եղել այն, որ հայտնի չէ այն մարդը, որին պետք է ներգրավել որպես մեղադրյալ, իսկ կարճելու հիմնական պատճառ՝ այդ անձի մահանալը կամ արարքի մեջ հանցակազմ չլինելը:

Բայց այն մասին, թե մաքսանենգության քանի դեպք է գրանցվել Հայաստանի մաքսակետերից յուրաքանչյուրում, ոչ մի իրավապահ մարմին վիճակագրություն չունի: Նույնիսկ պետեկամուտների կոմիտեն, որը պարբերաբար հայտնում է սահմանին թմրամիջոցների հայտնաբերման մասին տեղեկություններ, պատասխանել է, որ չի հաշվառում մաքսանենգ ճանապարհով տեղափոխված թմրամիջոցների մասին տեղեկությունները, քանի որ «հարկային և մաքսային ծառայությունները օրենսդրական նման գործառույթ չունեն»:

Հրապարակված տարբեր դեպքեր վկայում են, որ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրամիջոցները հիմնականում բերվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից, որի մի մասն այնուհետև Բագրատաշենի սահմանային անցակետով տեղափոխվում է Վրաստանի Հանրապետություն: Այս մասին են վկայում նաև դատական գործերի «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալները: Վերը նշված հերոինի ուղին նույնպես անցնում էր այստեղով:

Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ են բերվում նաև Թուրքիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից, մի մասը՝ փոստային առաքանու միջոցով: «Հայփոստ» ընկերությունը հայտնել է, որ դրանց քանակի մասին տվյալներ չունի, քանի որ իրավասու չէ վարել փոստային առաքանիների ներդրվածքին վերաբերող վիճակագրություն:

Քրեական պատասխանատվություն՝ սեփական օգտագործման թմրամիջոցի համար

Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները մի քանի անգամ գերազանցում են իրավախախտումների դեպքերը: 

Նշենք, որ իրավախախտում կատարած անձինք ենթարկվում են վարչական պատասխանատվության, իսկ հանցագործության համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

1.դեպքերը.jpg (57 KB)

Նման ցուցանիշի պատճառներից են թմրամիջոցների համար օրենքով սահմանված սահմանաչափերը: Սուրեն Նազինյանն ասում է, որ կան նյութեր, որոնց «մանր» քանակը պրակտիկորեն հնարավոր չէ պահել, ինչը նշանակում է, որ կախվածություն ունեցող անձանց մոտ հայտնաբերված՝ թեկուզ մեկանգամյա օգտագործման թմրամիջոցի չափը համարվում է «զգալի», որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: 

4.քրեական պատասխանատվություն.jpg (87 KB)

Թեև վերջերս փոխվել է մարիխուանայի սահմանաչափը՝ դառնալով համեմատելի նույնիսկ եվրոպական որոշ երկրների հետ, այլ թմրամիջոցների դեպքում Հայաստանում գործող սահմանաչափերը քիչ են ոչ միայն ԵՄ, այլև ԱՊՀ երկրների սահմանած չափերից:

Բժիշկ-նարկոլոգը նշում է, որ պետք է խորությամբ ուսումնասիրել, թե ինչ արդյունքի կհանգեցնի սահմանաչափերի բարձրացումը: «Մենք պետք է տեսնենք՝ սահմանաչափերի ավելացումից շահո՞ւմ ենք, թե չէ»,- ասում է նա՝ հավելելով, որ միայն եվրոպական փորձով առաջնորդվելը արդյունավետ մեթոդ չէ: Այս հարցում միջազգային որևէ կառույց չունի միասնական մոտեցում. նույնիսկ եվրոպական երկրների սահմանաչափերը տարբեր են. «Յուրաքանչյուր երկիր վարում է այն քաղաքականությանը, որն իր երկրին ու հասարակությանը առավել ձեռնտու է»:

Մյուս կողմից, մասնագետի խոսքով, թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց բանտարկելը չի կարող արդյունավետ լուծում լինել ինչպես նրանց բուժման և իրավունքների պաշտպանության, այնպես էլ ծախսերի տեսանկյունից. «արած ծախսը համաչա՞փ է նրան, որ ուղղակի տանեիր բուժվելու»:

ՄԱԿ. Կախվածության կանխումն ու բուժումը անբավարար է շատ երկրներում

Միավորված ազգերի կազմակերպության հաշվարկով՝ ամբողջ աշխարհում թմրամիջոցից կախվածություն ունեցողների թիվը 35 մլն է, որոնք կարիք ունեն բուժման: Կախվածության կանխումն ու բուժումը, սակայն, դեռևս անբավարար է աշխարհի շատ երկրներում. թմրամիջոցից կախում ունեցող 7 մարդկանցից միայն 1-ն է բուժում ստանում:

Սուրեն Նազինյանն ասում է, որ Հայաստանում նույնպես անբավարար է բուժումը, բայց դրական միտում կա: «Իհարկե, այն ամենը, ինչ կա, բավարար չէ, բայց վերջին 15 տարիներին շատ բան է փոխվել: 2004թ-ին նարկոլոգիական կլինիկայի էդ մեծ շենքում բուժվել է ընդամենը 7 թմրամիջոցից կախվածություն ունեցող հիվանդ: Հիմա տարեկան բուժվում է մոտ 200 հոգի՝ միայն դետոքսիֆիկացիոն եղանակով»,- ասում է բժիշկ-նարկոլոգը:

Դետոքսիֆիկացիոն բուժումը ափիոնատիպ նյութերից կախվածության եղանակներից մեկն է: Սա դասական մեթոդ է, որի դեպքում մարդը թմրամիջոցների գործածությունը կտրուկ դադարեցնում է, որից հետո ունենում է ափիոնային զրկանք, որը բուժվում է հիվանդանոցային պայմաններում, և հիվանդը դուրս է գրվում:

Սկզբունքային տարբեր մյուս բուժումը իրականացվում է թմրամիջոցների օգնությամբ և հայտնի է որպես մեթադոնային բուժում: «Տասնյակ տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ մարդիկ ափիոնատիպ նյութեր շատ երկար են գործածում և ձեռք են բերում խրոնիկական հիվանդություն, որի դեպքում սրացումների հավանականությունը շատ մեծ է և ռեմիսիան շատ արագ կարող է ընդհատվել, շատ ավելի արդյունավետ է լինում փոխարինող բուժումը, երբ մարդուն նշանակում են երկարատ ազդեցության օփիոիդ, որն ընդունվում է բերանի միջոցով: Այդ բուժման ամբողջ էությունն այն է, որ մարդը ստանում է բժշկի կողմից նշանակված դեղաչափով դեղամիջոց, որի արդյունքում իր մոտ նախ թմրամիջոցի նկատմամբ հիվանդագին հակումն է վերանում, զրկանք չի առաջանում, ու սկսում է բնականոն կյանքով ապրել»,- ասում է Սուրեն Նազինյանը: Փոխարինող բուժումը Հայաստանում ներդրվել է 2009թ-ին:

Թմրամիջոցներից կախվածության բուժումն ավելի աննպաստ վիճակում է աշխարհի շատ երկրների բանտերում: ՄԱԿ-ի տվյալներով՝ Արևելյան Եվրոպայում ամեն 5 ազատազրկվածից 1-ը ազատազրկման ժամանակահատվածում գոնե մեկ անգամ թմրանյութ է օգտագործել: 46 երկրներ միջազգային կառույցին հայտնել են, որ բանտերում թմրամիջոցներից կախվածություն ունեցողների համար թերապիա նախատեսված չէ:

Հայաստանում չկան նման ուսումնասիրություններ, որոնք կպարզեին, թե կալանավորների որ մասն է ընդունում թմրամիջոցներ, քանիսն են սկսում գործածել հենց անազատության մեջ և այլն: Ոստիկանության տվյալներով՝ քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ամենաշատ դեպքերը գրանցվել են 2015թ-ին: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտել է, որ ՔԿՀ-ներում թմրամիջոցների շրջանառության գործերով մեղավոր են ճանաչվել այդ հիմնարկների 2 ծառայողներ:

3.ՔԿՀ.jpg (48 KB)

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2011թ-ից սկսել է իրականացվել մեթադոնային փոխանակման ծրագիր: «Անցյալ տարեվերջի դրությամբ Հայաստանում եղած բոլոր մեթադոն խմողների քանակը մոտ 500 էր, որից 170-ը քրեակատարողական հիմնարկներում էր ստանում, այսինքն՝ մոտ 30%-ը: Մեր հարևան ոչ մի երկրում քրեակատարողական հիմնարկներում այդպես զարգացած չէ մեթադոնային բուժման ծրագիրը»,- ասում է Սուրեն Նազինյանը, որը մի քանի տարի զբաղեցրել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նարկոլոգիական բաժնի պետի պաշտոնը: 

Բժիշկ-նարկոլոգը նշում է, որ շուտով հնարավոր կլինի հաշվարկել նաև Հայաստանում թմրամիջոցներից մահացության դեպքերը՝ Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի մասնագիտական օգնությամբ: Այդ ցուցանիշը կներառի ինչպես ուղղակիորեն թմրամիջոցի գործածության հետևանքով (օրինակ՝ գերդոզավորումից) գրանցված, այնպես էլ անուղղակիորեն՝ դրա հետ պայմանավորված մահերը (օրինակ, երբ մարդը մահանում է Հեպատիտ C-ից, որը ձեռք է բերել թմրամիջոցների գործածման հետևանքով):

Լուսանկարը՝ ՊԵԿ-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter