HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հերոինի աննախադեպ գործը մնում է չբացահայտված. անհայտ կազմակերպիչներից մանրամասներ չեն հաղորդվում

2014թ-ի հունվարին Հայաստանում կանխվեց մոտ մեկ տոննա թմրանյութի տեղափոխման փորձը։ Այն բերվում էր Իրանից՝ Եվրոպա տեղափոխելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: Մեկ տարի անց Հայաստանում ազատազրկման դատապարտվեցին թմրանյութը տեղափոխող բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին և բեռնափոխադրող ընկերության տնօրեն, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն։

Դեպքից երեք տարի անց, սակայն, դեռևս չեն հրապարակվել այս գործարքի բոլոր կազմակերպիչների անունները։ Քրեական գործի նյութերում հիշատակվում են որոշ անուններ, նաև մանրամասնվում են այն ձևերն ու ուղիները, որոնցով Հայաստանն ու Վրաստանը գործում են որպես տարանցիկ երկրներ՝ փոքր կամ մեծ քանակի թմրանյութերի տեղափոխման համար։

2013թ-ի ապրիլին Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն Վրաստանում հիմնել է բեռնափոխադրող մի ընկերություն, որը կոչել է «Հովո Լոջիսթիքս»: Օսմանն իր ցուցմունքներում ասել է, որ ընկերությունը հիմնել է Վրաստանում, քանի որ բեռնատարն այնտեղ էժան էր, և հնարավոր էր մեկ ավտոմեքենայով ընկերություն հիմնել՝ ի տարբերություն Թուրքիայի: Հայաստանում դատարանը եզրակացրել է, որ ընկերությունը ստեղծվել է միայն թմրանյութ տեղափոխելու նպատակով:

Օսման Ուղուրլուն

Մինչև 2008թ-ը Օսմանը բեռնատարի վարորդ էր եղել «Գուվենդ Լոջիսթիք» անունով թուրքական մի ընկերությունում, և բեռներ էր տեղափոխել հիմնականում դեպի Իրաք: Ցուցմունքներից մեկում նա նշել է, որ 2008թ-ին դատվել է գաղտնալսումների համար, մեկ այլ տեղ` բեռնատարով մաքսանենգորեն սիգարետ և խմիչք տեղափոխելու համար: Բանտում, ըստ իր խոսքերի, անցկացրել է 13-14 ամիս: Քրեական գործում առկա է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի գրությունը, որտեղ նշվում է, որ Օսմանի անունը կապվում է 2008թ-ի փետրվարին 149 կգ հերոինի տեղափոխման հետ: Օսմանը, սակայն, այս տեղեկությունը հերքել է:

Բանտից դուրս գալուց հետո Օսմանը, ըստ ցուցմունքի, աշխատանք է փնտրել, երբ ծանոթ մի երիտասարդի միջոցով իրեն գտել է Թուրքիայի քաղաքացի Մուստաֆա Ներգիզը: Օսմանը լսել էր նրա մասին որպես «ազդեցիկ մարդ, որը զբաղվում է թմրամիջոցների վաճառքով»:

«Մուստաֆան հանդիպեց ինձ և առաջարկեց, որ ես Վրաստանում բացեմ մի ընկերություն, գնեմ բեռնատար, որի համար ինձ գումար կտա և ինքը կասի, թե ինչով զբաղվեմ: Սկզբում նա չի ասել, թե դա ինչի համար է»,- իրավապահներին պատմել է Օսմանը:

Մուստաֆայի տված գումարով Օսմանն ընկերություն է հիմնել, Թբիլիսիի ավտոշուկայից գնել բեռնատարի քարշակը, ապա՝ կցորդը (միասին կազմել են մոտ 40 հազար դոլար) և տեղափոխել այն Թուրքիա՝ վերանորոգելու ու ներկելու համար: Մուստաֆան Օսմանին ասել է, որ ավտոարհեստանոցում բեռնատարի մեջ թաքստոց կպատրաստեն: «Ես ուղղակի չէի պատկերացնում, որ այդքան մեծ կլինի»,- ասել է Օսմանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության ժամանակ մասնագետները պարզել են, որ բեռնատարի կցորդի հատակային մասը հավանաբար պատրաստվել է գործարանային պայմաններում և ծառայել է որպես կցորդի ջերմամեկուսիչ հատված, որի հավասարաչափ խցերը օգտագործվել են որպես թաքստոց: Դրանց արտաքին հատվածները ապամոնտաժվել և հավաքվել են գործարանային սարքավորումների գործադրմամբ: Իսկ թե երբ է այդ ամենը տեղի ունեցել, փորձաքննությունը չի կարողացել պատասխանել:

Օսմանն Իրաքից բացի եղել էր Ուկրաինայում, Ռուսաստանում, բայց ծանոթ չէր Եվրոպային: Մուստաֆան ասել էր, որ բեռնատարը Եվրոպա է գնալու, և դրա համար պետք է գտնել վարորդ: Նույն մարդու միջոցով, ում օգնությամբ գնել էր բեռնատարը, Օսմանը ծանոթացել է վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլիի հետ:

Ավթանդիլ Մարտիաշվիլին

60-ամյա Ավթանդիլը 30-40 տարվա վարորդ էր: 2009թ-ից աշխատել էր վրացական «Սակավտոտրանս» ընկերությունում և բեռներ էր տեղափոխել Վրաստանից, Հայաստանից ու Թուրքիայից դեպի Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան, Չեխիա: «Միշտ ազնվորեն և արհեստավարժ-մասնագիտորեն է կատարել իրեն վստահված պարտականությունները»,- հայ իրավապահներին ուղղված նամակում Ավթանդիլին բնութագրել է «Սակավտոտրանս»-ի տնօրեն Լևան Տոմարաձեն:

2013թ-ին լիզինգային ընկերությունն ընդհատել էր պայմանագիրը, և սեպտեմբերից ընկերության այլ վարորդների հետ Ավթանդիլն էլ գործազուրկ էր դարձել: Մոտ երկու ամիս անց նրան է զանգահարել իր ծանոթը՝ Սուլեյմանը, որը նաև օգնել էր Օսմանին բեռնատար գտնել, և առաջարկել աշխատել վերջինիս հիմնադրած ընկերությունում:

Ինչպես իրավապահներին պատմել էր Օսմանը, Մուստաֆան ցանկացել էր, որ մեքենան գոնե մեկ անգամ մեկնի Եվրոպա և վերադառնա: Այդ նպատակով 2013թ-ի նոյեմբերին Թուրքիայի Անթալիա քաղաքից Օսմանը նուռ է տեղափոխել Գերմանիայի Մյունխեն քաղաք: Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ն հաստատել է, որ բեռնատարը մեկնել էր Մյունխեն, բայց «որևէ թմրանյութ չէր հայտնաբերվել»:

Հետդարձի ճանապարհին մեքենան Լեհաստանից դեղեր է տեղափոխել Հայաստան` Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերության համար: «Ինչ-որ պատգամավորի տերմինալում բեռնաթափեցի դեղերը»,- իրավապահներին ասել է Ավթանդիլը: Բեռնատարն այս անգամ Հայաստանի սահմանը հատելիս ռենտգենային «Ռապիսկան» սարքով չի սկանավորվել. դատավճռում չի պարզաբանվում, թե ինչու:

Ավթանդիլը հավելել է, որ Հայաստանում Լեհաստան տեղափոխելու համար փայտ էր գտել, սակայն երբ այդ մասին հեռախոսով հայտնել է Օսմանին, նա ասել է, որ պետք չէ, և մեքենան դատարկ ուղևորվել է Վրաստան: Ավթանդիլն ու Օսմանը դժվարությամբ հաղորդակցվել են թուրքերենով և ռուսերենով:

2013թ-ի դեկտեմբերին, ըստ Օսմանի, Մուստաֆան հանդիպել է իրեն և ասել, որ ցանկանում է Իրանից Եվրոպա հաշիշ տեղափոխել. «Նա բացատրեց, որ հաշիշը դա հերոին կամ այլ ծանր թմրամիջոց չէ, և դրա դիմաց ինձ կտա 100 000 եվրո գումար»: Դրա համար նրանք նախ փայտ էին տեղափոխելու Իրան։

Դեկտեմբերի վերջին Օսմանն ու Ավթանդիլը Թբիլիսիի Էլյավա շուկայում մեքենան բարձել են փայտով և ուղևորվել դեպի Իրան: 25 խմ սղոցված փայտանյութը Հայաստանով Իրան էին տանելու իրանական «Վեսրթ Թերաբեր» ընկերության պատվերով:

Հասնելով Իրան՝ նրանք մեքենան բեռնաթափել են Թեհրանի մաքսային պահեստում և հաջորդող օրերին, մինչև կավարտվեին մաքսային ձևակերպումները, մնացել մեքենայում ու քաղաքի արվարձանում գտնվող մի հյուրանոցում: Ավթանդիլը ենթադրում է, որ թմրանյութը մեքենայում տեղավորվել է հենց հյուրանոցում մնալու երկու օրերին, երբ մեքենան իր տեսադաշտից դուրս էր, իսկ Օսմանը դուրս էր գալիս` պատճառաբանելով, որ փաստաթղթերն է ձևակերպում կամ հանդիպում է փայտի պատվիրատուի հետ:

Օսմանին Իրանում հանդիպել է Մուստաֆայի միջնորդը՝ աֆղանստանցի 50-56 տարեկան մի մարդ, որի անունը Նասրի էր: Նա վերցրել է մեքենան՝ այն թմրանյութով բարձելու համար: Հետագա ցուցմունքներից մեկում Օսմանը ասել է, թե Նասրին սկզբում ներկայացրել էր, որ ավազ են տեղափոխելու, որը, եթե մաքսակետերում չհայտնաբերվի, հաջորդ անգամ հաշիշ կտեղափոխեն: «Երբ բանալին ինձ տվեցին, ասացին, որ ավազ է. բացարձակապես վախենալու բան չկա: Եթե ես իմանայի, որ թմրանյութ է, կնշանակեր երկուսով գնում ենք մեռնելու, քանի որ Իրանում դա մահապատիժ է»,- դատարանում ասել է Օսմանը:

Ինչպես էր տեղափոխվելու թմրանյութը

Օսմանի ներկայացրած պլանի համաձայն` բեռնատարը Հայաստանից ուղևորվելու էր դեպի Վրաստանի Փոթի կամ Բաթումի նավահանգիստ: Այնտեղից Ավթանդիլը նավով շարունակելու էր ճանապարհը դեպի Ուկրաինայի Իլյիչովսկ նավահանգիստ, իսկ Օսմանը նավահանգիստ էր հասնելու ինքնաթիռով, քանի որ, ինչպես պատմել է, վախենում էր ջրից:

Պայմանավորվածության համաձայն՝ հունվարի 19-ից սկսած՝ Նասրին սպասելու էր Օսմանին Ուկրաինայի նավահանգստում: Հեռախոսով չէին հաղորդակցվելու, իսկ եթե այնուամենայնիվ չհանդիպեին Օդեսայում, Նասրին իրենց կսպասեր Կիևի ավտոկանգառներից մեկում:

«ՏԻՍԱ» կոչվող ավտոկանգառի գծագիրը և հնարավոր վայրը Կիևում

Ավտոկանգառի գծագիրը գծել էր Ավթանդիլը՝ Օսմանի խնդրանքով: Դրանում պատկերված էր Կիևի «ՏԻՍԱ» կայանատեղին, որտեղ Ավթանդիլը եղել էր Լեհաստանից վերադառնալիս: Գծագրի վրա նա գրել էր նաև իր հեռախոսահամարը:

Օսմանը պատմել է, թե այդ գծագիրը փոխանցելու էր տաքսու վարորդին՝ իրեն տեղ հասցնելու համար, մեկ օրինակ էլ տվել է Նասրիին, ում ուղարկած մարդը դրանով պետք է հասներ ավտոկանգառ, գտներ բեռնատարը՝ տալով Նասրիի անունը: Վերջինս իբր վաճառելու էր բեռնատարի նոր կցորդ՝ Օսմանից վերցնելով թմրանյութով բարձված հինը:

Բեռը փոխանցելու ժամանակ էլ Օսմանը, ըստ պայմանավորվածության, պետք է ստանար գումարը, իսկ բեռնատարը կամ կցորդը ուղարկվելու էր Հոլանդիա:

«Չնախատեսված դեպքերի համար Նասրին ինձ պետք է այնքան սպասեր, մինչև հասնեինք տեղ»,- ասել է Օսմանը: Եթե, այնուամենայնիվ, Կիևում չհանդիպեին, Օսմանը ասել է, որ թմրանյութը կհանձներ ոստիկանությանը կամ կոչնչացներ:

Օսմանը վարորդին ասել էր, թե Իրանից կոնցենտրատներ են տեղափոխելու Ուկրաինա: Աֆթանդիլը նախաքննության և դատավարության ընթացքում պնդել է, որ տեղյակ չի եղել թմրանյութի գործարքներից: Իր խոսքով` կարծել է, որ մեքենան գնվել է Թուրքիայից Եվրոպա միրգ և բանջարեղեն տեղափոխելու համար: Տախտակներն Իրան տեղափոխելու համար Ավթանդիլը Վրաստանում ստանալու էր 1000 դոլար:

Վարորդը դատարանին մեկ այլ հանգամանք է ներկայացրել: Իրանում մեքենան նստելուց հետո նա նկատել է, որ ճանապարհի հեռավորության ցուցիչը զրոյացված է: Հիշում էր, որ Թբիլիսիից Թեհրան ընկած հեռավորությունը 1596 կմ է եղել: Տեսնելով, որ Ավթանդիլը նկատել է դա, Օսմանն ասել է, որ իր ձեռքն է պատահաբար դիպել ցուցիչին: Վարորդի պատմելով` դա միակ անգամն էր, որ բանալին տվել է Օսմանին, որպեսզի նա վերցնի շորերը: Ձերբակալման հաջորդ օրը իրավապահները Օսմանի պայուսակից գտել են նաև երկրորդ բանալին:

«Նասրիին եմ տվել ավտոմեքենայի պահեստային բանալին, որի մասին Ավթանդիլը չգիտեր ու որը գտնվում է իմ պայուսակում… Նասրին տարավ ավտոմեքենան ու հաջորդ օրը կեսգիշերին մոտ զանգեց ու վերադարձրեց նույն կայանատեղի: Ավթանդիլի հետ այդ 2 օրը մնացել ենք հյուրանոցում: Ես ասում էի, որ սպասում ենք, դրանից հետո ես ասացի Ավթանդիլին, որ իբրև Եվրոպայից ավտոմեքենաներ պետք է բերենք Վրաստան, որը սուտ էր, ու այդ կոնցենտրատն էլ չի ստացվում, և մենք ճանապարհ ընկանք»:

Դեպի Հայաստան

2014թ-ի հունվարի 15-ին բեռնատարը շարժվել է դեպի Հայաստան: Հաջորդ օրն այն բարեհաջող անցել է մաքսային հսկողությունը Իրանի կողմից:

Հայաստանի սահմանը հատելուց հետո մաքսային ծառայության աշխատողները Օսմանին խնդրել են իջնել մեքենայից, իսկ բեռնատարը ենթարկել են զննության: Ժամը 16-ի սահմաններում «Ռապիսկան» սարքի միջոցով սկանավորելիս նրանք կցորդի հատակային մասում մուգ գույնի և մեծ խտությամբ կասկածելի զանգված են նկատել: Երկրորդ անգամ սկանավորելուց հետո այդ մասին հարցրել են Ավթանդիլին, որը հայտնել է, որ բեռնատարը դատարկ է: Նա բացել է կցորդի դռները՝ ցույց տալու համար, որ ներսում ոչինչ չկա:

Մաքսատան աշխատողները սկսել են քանդել կցորդի հատակային մասը: Նրանց պատմելով՝ Ավթանդիլը հանգիստ է եղել, ու թեև անհանգստացել է, որ կարող են վնասել մեքենան, այդ աշխատանքներում ցանկացել է օգնել նրանց:

Օսմանն այդ ընթացքում Հայաստան մուտքի վիզա է ստացել: Մեքենայի ստուգումների ժամանակ նա հասկացել է, որ բեռը հայտնաբերվել է, և պատահական տաքսիով ուղևորվել է Երևան:

Կցորդի թաքստոցում փաթեթներ նկատելով՝ մաքսատան աշխատողները կնքել են այն: Մեքենան մաքսային հսկողությամբ ուղարկվել է Երևան, որտեղ մաքսային պահեստում հայտնաբերվել են 47 հատ մեծ փաթեթներ:

Փաթեթների միջին մեծությունը

Ամիսներ անց ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանն ասել է, որ մեքենայի նկատմամբ հսկողություն է սահմանվել դեռ Բագրատաշենի սահմանին՝ Իրան փայտ տեղափոխելիս։ «Համապատասխան վերլուծությունից հետո բեռնատարի պատկերը գնահատվել է ռիսկային  և վերցրել հսկողության: Վարչության աշխատանքներին կասկածանքի հիմք տվեց նաև այն հանգամանքը, որ  փայտանյութը կիսով չափ էր բեռնված և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր»,- ասել է նա:

տեսանյութում օգտագործված կադրերը` ՊԵԿ-ի

Հայաստանը՝ «այլընտրանքային ուղի»

Դեպքից երկու ամիս անց ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը հրապարակել է մի զեկույց, որտեղ նկարագրված են հերոինի ավանդական ու հնարավոր այլընտրանքային նոր ուղիները:

Աֆղանական հերոինը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներին որպես կանոն մատակարարվել է գրեթե բացառապես Բալկանյան ուղու միջոցով: Այս ուղին սկիզբ է առնում Աֆղանստանից և Պակիստանից, այնտեղից թմրամիջոցն ուղարկվում է Իրան, որտեղ որոշ խմբեր կազմակերպում են դրանց տեղափոխումը Թուրքիայի սահմանային շրջաններ: 2012թ-ին Թուրքիայի իշխանությունները կանխարգելել էին 850 կգ հերոինի տեղափոխումը Գերմանիա և Հոլանդիա, իսկ 2013թ-ի հուլիսին 718 կգ հերոին էր առգրավվել թուրք-բուլղարական սահմանին:

Սակայն վերջին տարիներին սահմանային հսկողությունը խստացնելը, ինչպես օրինակ` ռենտգենային սարքավորումների տեղադրումը Թուրքիայի արևելյան սահմաններին, որոշ մաքսանենգների կարող են դրդած լինել` որոնել այլընտրանքային ուղիներ: Հենց այդ այլընտրանքային ուղիներից, ըստ ՄԱԿ-ի, կարող են լինել Կովկասը կամ Իրաքի հետ սահմանը, որոնք թույլ են տալիս կատարել առևտուրը` շրջանցելով թուրք-իրանական սահմանը: Կան նաև այլ ուղիներ` Աֆղանստանից Պակիստանով կամ Իրանով, Պարսից ծոցի և Աֆրիկայի պետությունների միջոցով Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա հասնելը: Նման եզրակացության համար ՄԱԿ-ը հիմք է ընդունել ոչ միայն Հայաստանի սահմանին թմրանյութի հայտնաբերման այս դեպքը, այլև նույն տարվա հուլիսին Վրաստանում մոլդովական համարանիշով մի մեքենայով 116 կգ հերոին տեղափոխելու փորձը:

Հերոինի տեղափոխման միջազգային ուղիները` ըստ ՄԱԿ-ի 

Նախաքննության ընթացքում թմրանյութի քաշը պակասել է

Փորձաքննությունը հաստատել է, որ «բաց դարչնագույն փոշենման զանգվածը» հերոին տեսակի թմրամիջոց է: Այն տեղավորված է եղել նրբատախտակների մեջ՝ փաթեթավորված անգույն պոլիմերային թաղանթով, կպչող ժապավենով, շագանակագույն կտորով: Փորձագետները եզրակացրել են, որ փաթեթավորումը կատարվել է ոչ գործարանային եղանակով: Նրանք նշել են, որ թմրամիջոցի պատրաստման կամ ծագման երկիրը և ժամանակը պարզել հնարավոր չէ:

Սկզբում պետական եկամուտների կողմիտեի աշխատակիցները նշել են, որ թմրամիջոցի քաշը 927,6 կգ է: Փորձաքննության ժամանակ երկու փաթեթներից քարաբեկորներ են հայտնաբերվել, որոնք միասին կշռել են մոտ 6,5 կգ: Երեք ամիս տևած փորձաքննությունից հետո, սակայն, արձանագրվել է, որ թմրանյութի ընդհանուր քաշը 850,1 կգ է, այսինքն՝ նախապես հայտարարված կշռից 77,5 կգ-ով պակաս: ԱԱԾ-ն դեռևս չի պատասխանել այս հանգամանքը մեկնաբանելու մասին մեր հարցմանը*:

Հերոինի փաթեթները և դրանցում հայտնաբերված քարի բեկորներից մեկը

Ձերբակալման օրը Ավթանդիլն իրավապահներին ասել է, որ տեղյակ չէ ոչ միայն թմրանյութի, այլև այն մասին, որ իր մեքենայում թաքստոց է եղել: Նա նաև հայտնել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է Օսմանը:

Օսմանին Մեղրիից Երևան տեղափոխած տաքսու վարորդը պատմել է, որ ուղևորը վախեցած էր թվում, քանի որ երբ ինքը զանգ էր ստանում, Օսմանը հարցնում էր՝ «պրոբլե՞մ»: Նրանք հաղորդակցվել են հիմնականում ժեստերով, Օսմանը երբեմն դժվարությամբ ռուսերեն է խոսել: Վարորդը հիշել է, որ շատ չեն զրուցել, միայն Երևան հասնելիս ուղևորը հարցրել է, թե արդյոք հեռու է վրացական մաքսատունը: Երևանում նա հասկացրել է, որ ցանկանում է հյուրանոց գտնել, և գնացել են «Կոնգրես» հյուրանոց, որտեղ էլ իրավապահները Օսմանին ձերբակալել են հաջորդ օրը:

Ավելի ուշ իրավապահներն Օսմանին հարցրել են, թե արդյոք Վրաստանից Հայաստան, այնուհետև՝ Իրան մեկնելիս չի տեսել, որ մեքենաները սկանավորվում են: Օսմանը հերքել է, որ իրեն խոստացել են օգնել սահմանին: «Մտածում էի՝ որ բռնվեմ, ոչինչ, թող ձերբակալվեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ նման սցենարի դեպքում որևէ մեկին այդ մասին չէր հաղորդելու: Տաքսու վարորդը նշել է, որ Օսմանը Երևան գնալու ճանապարհին զանգ չի կատարել կամ ստացել: Նա երթուղու ընթացքում մեքենան գաղտնի ուղեկցողների չի նկատել: Նման մարդկանց չի նկատել նաև Ավթանդիլը՝ Մեղրիից Երևան ուղևորվելիս:

DAF մակնիշի բեռնատարը

ԱԱԾ-ն թմրանյութը գնահատել էր 100-200 մլն դոլար՝ ամեն գրամը հաշվելով 100-200 դոլար: Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն խոսում է 1 մլրդ դոլարի մասին:

«Ենթադրվում էր, որ Մարտիաշվիլին Վրաստանից Ուկրաինա միայնակ է անցնելու: Եթե նա իմանար թմրանյութի մասին, որևէ մեկը չէր վստահի նրան մեկ միլիարդ արժեցող ապրանքը, ճի՞շտ է»,- մեզ հետ զրույցում ասում է Մայսուրաձեն:

Ավթանդիլ Մարտիաշվիլիին և Օսման Ուղուրլուին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար: Մոտ 1 տարի տևած նախաքննությունից ու դատավարությունից հետո 2015թ-ի հունվարին Օսման Ուղուրլուն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման` հաշվի առնելով «հանցագործության կատարման մեջ առանձնապես ակտիվ դերը»: Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման` հաշվի առնելով նրա «դրական բնութագիրը»` ստացված հարևաններից և նախկին գործընկերներից:


Ավթանդիլ Մարտիաշվիլին (ձախ), թարգմանիչները և Օսման Ուղուրլուն՝ դատական նիստի ժամանակ

Դատավճիռը բողոքարկվել է, սակայն վերաքննիչ քրեական դատարանը այն թողել է օրինական ուժի մեջ, իսկ վճռաբեկ դատարանը մերժել է բողոքները վարույթ ընդունելը և եզրակացրել, որ դատական սխալ չի եղել:

Ավթանդիլ Մարտիաշվիլին հացադուլ է հայտարարել դատավճռի հրապարակման հաջորդ օրը: Նա պահանջում էր, որ միջազգային դիտորդներն այցելեն իրեն:

Մեզ հետ զրույցում Լեյլա Մարտիաշվիլին պատմում է, որ ամուսնու առողջական վիճակը վատացել է բանտում գտնվելու տարիներին: «Նա լուրջ առողջական խնդիրներ ունի: Ավելորդ մտահոգությունն ու անհանգստությունը նրան հասցրել են շաքարախտի: Շատ հիվանդ է և չի ստանում համարժեք բուժում կամ սնուցում: Նա խնդրեց տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, բայց մերժվեց»,- պատմում է Լեյլա Մարտիաշվիլին:

Ավթանդիլի հարազատները նրան Վրաստան արտահանձնելու հարցով դիմել են երկու երկրների պետական մարմիններին: Հայկական կողմը մերժել է, քանի որ Մարտիաշվիլին չի վճարել դատական ծախսերը, որոնք կազմում են մոտ 1,4 մլն դրամ: Բացի այդ, նրա ընտանիքին ուղղված նամակում նշված է, որ «լիազոր մարմինները նպատակահարմար չեն համարում Մարտիաշվիլիին արտահանձնել Վրաստան»՝ հավանաբար հաշվի առնելով այն, որ քննվում է մեկ այլ քրեական գործ՝ հանցագործության կազմակերպիչների մասով: Այժմ հարազատները փորձում են պարզել, թե արդյոք կարող են Մարտիաշվիլիին փոխադրել Վրաստան, եթե վճարեն գումարը:

Քրեական գործի հատորները

Քրեական գործից առանձնացված մասի քննությունը չի ավարտվել

Ավթանդիլը հիշում է, որ հեռախոսով խոսելիս Օսմանն առանձնանում էր: Նա խուսափում էր մարդաշատ վայրերից, ապրելու համար ընտրում էր հեռու հյուրանոցներ, և չնայած ասել էր, որ Վրաստանում ծանոթներ չունի, Թբիլիսիի փողոցներից մեկում գտնվող թուրքական ռեստորաններում հանդիպում էր ինչ-որ մարդկանց:

Օսմանը պատմել է, որ Մուստաֆային հանդիպել է 3-4 անգամ՝ Ստամբուլում: Նրա հետ կապը պահել է եղբոր՝ Իսմայիլ Ներգիզի միջոցով, որը տարբեր համարներով զանգել է, փոխանցել գումարը կամ պայմանավորվել Մուստաֆայի հետ հանդիպելու մասին, «քանի որ նրանց ղեկավարը Մուստաֆան էր»: Հենց Թբիլիսիի թուրքական ռեստորաններում էլ հանդիպել են Օսմանն ու Իսմայիլը: Վերջին հանդիպումը եղել է Իրան գնալու նախորդ երեկոյան, երբ Իսմայիլը հրահանգել է չզանգել իրեն՝ մինչև վերադառնալը, նաև մի թղթի կտորի վրա գրել է այն հեռախոսահամարը, որով Իրանում հանդիպելու էր Նասրիին:


«Անկարա» ռեստորանը Թբիլիսիում

Օսմանի պատմածից հետևում է, որ պլանը մանրամասն մշակված է եղել: Հիմնական խաղացողները մնացել են անտեսանելի: Նրա ցուցունքների համաձայն` Մուստաֆան հիմնականում հաղորդակցվել է իր հետ եղբոր միջոցով, ով այլոց, այդ թվում` Աֆթանդիլին, ներկայացել է ուրիշ անունով՝ որպես վարորդ: Նասրին ամեն անգամ նոր հեռախոսահամար է տվել Օսմանին, իսկ հանդիպելիս հետ է վերցրել հինը: Նրա ուղարկած մարդը Կիևում մոտենալու էր Օսմանին` չունենալով որևէ կապի միջոց և տալով միայն Նասրիի անունը: Օսմանը չէր կապվելու ոչ մեկին, երբ հասկանար, որ թմրանյութի տեղափոխման պլանը ձախողվել է: Որպեսզի հետագայում չպարզվեր թմրանյութը բեռնելու հնարավոր վայրը, կազմակերպիչները նաև զրոյացրել էին մեքենայի անցած հեռավորության ցուցանիշը: Օսմանի պատմածով՝ Նասրին նույնիսկ իրեն թույլ չի տվել մասնակցել թմրանյութը բարձելու գործին, որպեսզի չտեսնի այդ վայրը: «Նասրին ասել է, որ «հաշիշը բեռնելու են իրենց (Օսմանի և Ավթանդիլի-հեղ.) բացակայությամբ, և թուրքական ոստիկանությունը և ԱԱԾ-ն գիտեն, թե ով է թմրանյութի տերը»,- գրված է դատավճռում՝ առանց մանրամասների:

Նախաքննության փուլն ավարտելուց հետո, մինչև Ավթանդիլ Մարտիաշվիլիի և Օսման Ուղուրլուի վերաբերյալ քրեական գործը դատարանը ուղարկելը, Հայաստանի ԱԱԾ հատուկ կարևորության գործերով քննիչ Ա.Թևանյանը որոշել է քրեական գործից անջատել Մուստաֆա Ներգեզի, Իսմայիլ Ներգեզի և Նասրի անունով ներկայացած անձանց վերաբերյալ մասը:

Այս տարվա փետրվարին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, գնդապետ Աղաջանյանը մեր հարցմանը պատասխանել է, որ 2014թ-ի օգոստոսին որոշում է կայացվել վարույթը կասեցնելու մասին՝ «մինչև Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզներ և Նասրի տվյալներով հանդես եկած անձանց պարզելն ու հայտնաբերելը, ինչի ուղղությամբ իրականացվել և իրականացվում են համապատասխան միջոցառումներ»: ԱԱԾ-ն հրաժարվել է այս գործով այլ մանրամասներ հաղորդելուց:

Հերոինը, համաձայն ֆինանսների նախարարության հաղորդագրության, ոչնչացվել է 2015թ-ի հունիսի 6-ին` Արարատի ցեմենտի գործարանի վառարանում վառելու միջոցով:

տեսանյութում օգտագործված կադրերը` ՊԵԿ-ի

Հնարավոր կազմակերպիչներ

Օսմանի հայտնած անունները, եթե դրանք ճիշտ են, համընկնում են 2000թ-ին Թուրքիայում ձերբակալված մի խմբի անդամների անունների հետ: «Մատադոր» կոչված օպերացիայի ժամանակ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր 15 հոգու, որոնք փորձել էին բեռնատարով 21 տոննա մարիխուանա և 600 կգ մորֆին տեղափոխել: Ձերբակալվածների թվում է Մուստաֆա Ներգիզ անունով մի մարդ: Թեև Իսմայիլի անունը չի նշվում, կա Ներգիզ ազգանունով մեկ այլ դատապարտյալ ևս` Մեհմետ Բաքիր: Բացի այդ, ձերբակալվածների թվում հանդիպում ենք նաև Օրհան անունով մեկին. ըստ Օսմանի ցուցմունքների` Օրհանն էր առաջարկել իրեն աշխատել Մուստաֆայի մոտ, երբ ինքը 2009-ին բանտից դուրս էր եկել: Մուստաֆան, Մեհմետ Բաքիրն ու Օրհանը դատապարտվել են յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման:

Ոստիկանությունը Մերսին-Թարսուս ճանապարհին բացահայտել էր բեռնատարերի ավտոտնակը, որտեղ 10 բեռնատար էր եղել: Մերսին և Թարսուս բնակավայրերը հիշատակվում են նաև Օսմանի ցուցմունքներում. 2013թ-ին Կոնյա քաղաքում բեռնատարը վերանորոգելուց և թաքստոցը պատրաստելուց հետո Օսմանը տեղափոխել էր այն Թարսուս, որտեղից էլ մեքենան ընդունել էր Թուրքիա մեկնած Ավթանդիլ Մարտիաշվիլին:

Տեղական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` խումբը թմրաբիզնեսի խոշորագույն միջազգային օղակներից մեկն էր: Դրան օժանդակելու և տեղեկության արտահոսքի համար մեղադրվում էին ոստիկանության 7 աշխատողներ: Խմբի ղեկավարն էր Ուրֆի Չեթինկայան, որն այս բիզնեսում ներգրավված է եղել 1980-ականներից, և մեղադրվել է հիմնականում Աֆղանստանից, Պակիստանից և Իրանից եվրոպական երկրներ, հատկապես՝ Հոլանդիա և Իսպանիա թմրանյութեր տեղափոխելու համար:

Չեթինկայան այս գործի շրջանակում կրած ազատազրկման ընթացքում ազատվել էր առողջական խնդիրների պատճառով, այնուհետև կրկին ձերբակալվել «Վերջին տանգո» անունով օպերացիայի ժամանակ` մոտ կես տոննա հերոինի տեղափոխման փորձից հետո:

Ուրֆի Չեթինկայան դատարան է տեղափոխվում անվասայլակի վրա. վիրավորումը ստացել է 1998թ-ին՝ ոստիկանների արձակած կրակոցից / hurriyetdailynews.com

Ինչ վերաբերում է իրանական ընկերությանը, որի համար Օսմանը Թբիլիսիից փայտ էր տեղափոխում, քրեական գործում տարբեր անուններ են նշվում՝ «Վեսրթ Թերաբեր» և «Վերս Տարաբար»: Չի բացառվում, որ այս ընկերությունը ևս կապ ունի խմբի հետ, քանի որ Օսմանը ցուցմունքներում նշում է, որ այլ ծախսերի թվում փայտը գնելու գումարն իրեն տվել է Իսմայիլը, տեղափոխելու համար անհրաժեշտ 5000 դոլարը Իրանում ստացել է Նասրիից, իսկ փայտ տեղափոխելու գաղափարը եղել է Մուստաֆայինը:

Քրեական գործի նյութերում այս ընկերության մասին մանրամասներ չեն հաղորդվում: Իրանական ընկերությունների ռեգիստրում նման անունով գրանցված մեկ բեռնափոխադրող ընկերություն կա՝ «Վերեսկ Թարաբար» անունով:

Օսմանը Վրաստանում ևս մեկ ընկերություն էր հիմնել

Սահակաշվիլու նախագահության տարիներին Վրաստանում, բիզնես միջավայրը բարելավելու համար, մի շարք բարեփոխումներ են իրականացվել, որոնք նաև նպատակ ունեին նվազեցնել բյուրոկրատիան տեղացի և արտասահմանցի գործարարների համար: Որպես արդյունք` Վրաստանում ընկերություն գրանցելու համար պահանջվում է միայն մեկ օր:

Օսման Ուղուրլուի անունով․ «Հովո Լոջիսթիքս»-ից բացի, Վրաստանում գրանցված է ևս մեկ ընկերություն, որը կոչվում է OSM TRANS: Օսմանն այն գրանցել է 2013թ-ի դեկտեմբերին` Իրան մեկնելուց մոտ 20 օր առաջ: Այն, Վրաստանի ընկերությունների ռեեստրի համաձայն, նույնպես մասնագիտացած է բեռնափոխադրումների գործում և, ի տարբերություն «Հովո Լոջիսթիքս»-ի, կարող էր զբաղվել նաև ավտոմեքենաների ներկրմամբ, արտահանմամբ և վաճառքով:

Երկու ընկերությունների փաստաթղթերում նշված են երկու հասցեներ, սակայն նրանց իրավաբանական հասցեն նույնն է` Թբիլիսի, Քեթեվան Ծամեբուլի պողոտա 78, բնակարան 11: Իրավաբանական հասցեում ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը: Թեև ռեեստրի փաստաթղթերի համաձայն` Մարինե Մաչավարիանին տվել է իր համաձայնությունը, սակայն մեզ հետ զրույցում նա նշեց, որ չի հիշում Օսման Ուղուրլու անունով անձի` հավելելով, սակայն, որ ինքը ընկերություն ունի, որն օգնում է գրանցել այլ ընկերություններ: «Հավանաբար նա հասցե չի ունեցել, և ես թույլ եմ տվել օգտագործել իմը: Երբեմն այդպես եմ անում»,- ասաց Մարինե Մաչավարիանին:

Ցանկացած այլ հասցե, ըստ հանրային ռեեստրի, կարող է գրանցվել որպես ընկերության «այլ հասցե»: «Հովո Լոջիսթիքս» ընկերության «այլ հասցեն» Յոսեբիձե 20-ն է, որտեղ գրանցված են երեք բնակարաններ: Սեփականատերերը դրանք վարձակալության են տվել և չեն հիշում Օսման Ուղուրլուի անունը:


Թբիլիսիի Յոսեբիձե 20 հասցեն

Օսմանի երկրորդ ընկերությունը գրանցված է Ալեքսանդր Կազբեգի պողոտա 12ա հասցեում, որտեղ գրասենյակային տարածքներ տրամադրող երկու շինություններ կան: Այստեղ նույնպես Օսմանի կամ նրա ընկերության մասին չեն լսել:

Այս երկու հասցեների դեպքում էլ, որպես «դիմող», գրանցման փաստաթղթերում երևում է Մամուկա Մելաձեի անունը: Մենք կապվեցինք նաև Մելաձեի հետ` պարզելու նրա կապը Օսմանի և իր ընկերությունների հետ: Պարզվեց` նա հանրային ռեեստրի «լիազորված օգտագործող» է: Այս ինստիտուտը նույնպես ներդրվել է հանրային ռեեստրի հետ շփումը պարզեցնելու և երկար հերթերից խուսափելու համար: Լիազորված օգտագործողները կարող են գրանցել ընկերություններ իրենց հաճախորդների անունից` անհրաժեշտության դեպքում խնդրելով փաստաթղթեր հանրային ռեեստրից: Վերջինիս գլխավոր գրասենյակի ապակենտրոնացումից հետո, փաստորեն, քաղաքացիները կարող են օգտվել ռեեստրի ծառայություններից` առանց այնտեղ այցելելու: Ռեեստրի պաշտոնական կայքի տվյալով` Վրաստանում մոտ 350 լիազորված օգտագործող կա: Մամուկա Մելաձեն ասում է, որ մեծ թվով հաճախորդներ ունի` այնուամենայնիվ չհիշելով Օսման Ուղուրլուի անունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական բաժնի մամուլի ծառայությունից մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեցին, որ երկու երկրների իրավապահները համագործակցել են` գործի արդյունավետ հետաքննությունն ապահովելու համար. «Քանի որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, մենք բավարարվեցինք համագործակցությամբ: Այս գործով Վրաստանում անկախ հետաքննություն չի սկսվել»:

Օսման Ուղուրլուն և Ավթանդիլ Մարտիաշվիլին պատիժը կրում են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը մերժեց դատապարտյալների հետ հարցազրույց անելու մեր դիմումը` «աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով» այն նպատակահարմար չհամարելով։

* Ապրիլի 27-ին` հոդվածի հրապարակումից հետո, ԱԱԾ-ն պատասխանել է, որ 850,1 կգ-ը հերոինի` դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզված մաքուր քաշն է, «իսկ մնացած զանգվածը կազմել է թմրանյութի փաթեթավորումը և դրանցում առկա 4 քարաբեկորներ»:

Այս հետաքննությունն իրականացվել է n-vestigate նախագծի օգնությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter