HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի նոր փուլը. ինչ ազդեցություն կարող է կրել Հայաստանը

Չինական յուանը հատեց հոգեբանական շեմը

ԱՄՆ-Չինաստան առևտրատնտեսական պատերազմը օրերս նոր փուլ է մտել։ Չինաստանի իշխանությունները պետական ընկերություններին հրահանգել են դադարեցնել ԱՄՆ-ից գյուղմթերքի ներմուծումը, ինչը էական հարված է ԱՄՆ տնտեսությանը։

Չինական յուանն արժեզրկվել է և օգոստոսի 5-ին հատել 1 դոլարի դիմաց 7 յուանի հոգեբանական շեմը։ Դրանով Չինաստանը պատասխան հարված է հասցնում ԱՄՆ-ին առևտրային այս պատերազմում։ Համաշխարհային ֆոնդային բորսաների համար էլ սա իրական ցնցում է։ 

Ամերիկյան մամուլը շեշտում է, որ դրանով Չինաստանը պատասխան հարված է հասցնում ԱՄՆ-ին առևտրային այս պատերազմում. արժեզրկելով ազգային դրամը՝ Չինաստանը  էժանացնում է իր ապրանքները աշխարհի համար ու նոր հնարավորություն ստանում մեծացնելու արտահանումը։ Դրանով Չինաստանն ավելի առաջ է անցնում ԱՄՆ-ից իր արտահանման ծավալներով ու ամրապնդում իր մրցակցային դիրքը համաշխարհային առևտրում։ Այսինքն՝ թուլացնելով յուանը, Չինաստանը բարձրացնում է իր ապրանքների մրցունակությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է սեպտեմբերի 1-ից նոր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից 300 մլրդ դոլարի չափով ապրանքների վրա: Իսկ դրանից առաջ մաքսատուրքեր էին սահմանվել մոտ 250 մլրդ դոլարի ապրանքների վրա։ Այսինքն՝ Չինաստանից ԱՄՆ ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների մաքսատուրքերը բարձրանում են։ Որպես գլխավոր պատճառ նշվում է այն, որ Չինաստանը չի կատարել իր խոստումը՝ ամերիկյան գյուղմթերքի գնման ծավալներն ավելացնելու վերաբերյալ: Այս հայտարարությունները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի ֆինանսական շուկաներին։ Ներդրողների համար սա ազդակ է, որ ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմն ավելի վտանգավոր փուլ է մտնում։

ԱՄՆ-ն և Չինաստանը երկար ժամանակ է՝ բանակցություններ են վարում առևտրային անհամաձայնությունների լուծման շուրջ, սակայն դրանք փակուղի են մտնում: Երկու կողմերն էլ պարբերաբար հանդես են գալիս պատասխան պատժամիջոցներով։ 

Ինչ ազդեցություն կարող է կրել Հայաստանը

Մի շարք տնտեսագետներ հայտարարում են, որ ԱՄՆ-Չինաստան  տնտեսական պատերազմը սպառնում է դառնալ աշխարհում նոր տնտեսական ճգնաժամի հիմք։ Սա ոչ միայն վերաբերում է ամերիկյան ու չինական տնտեսություններին, այլև՝ բոլոր այն երկրներին, որոնք առևտրատնտեսական հարաբերություններ ունեն երկու հսկաների հետ։ Հայաստանը ևս այդ երկրների շարքում է։ Մասնագետները, սակայն, տարակարծիք են, թե հայկական տնտեսությունն ինչ ազդեցություն կարող է կրել այս իրավիճակում։ Մեր հարցումների ընթացքում տնտեսագետներն ու տնտեսվարողներն առանձնացնում են որոշակի հնարավոր ազդեցություններ, որոնք Հայաստանը կարող է կրել այս իրավիճակում, այդ թվում՝ և՛ դրական, և՛ բացասական։ Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ որևէ ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա չի կարող լինել։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը չի կարծում, որ ԱՄՆ-Չինաստան տնտեսական հարաբերությունները կարող են որևէ էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

«Այս պահին Հայաստանն այդ հարաբերություններից դուրս է։ Նշված երկրների հետ համագործակցության ծավալները փոքր են։ Հետևաբար, որևէ ուղղակի ազդեցություն մեր տնտեսության վրա առայժմ չի կարող լինել։ Որոշակի անուղղակի ազդեցություն կարող է լինել, բայց ոչ էական»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Հայկական «Մենյու» (menu.am) ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի խոսքով՝ ԱՄՆ-Չինաստան տնտեսական հակամարտությունն ու յուանի արժեզրկումը կարող են բացասաբար ազդել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում կատարվող ներդրումների վրա։ Իրենց ընկերության օրինակով է ներկայացնում. պատրաստվում են 10 մլն դոլարի ներդրում ներգրավել, սակայն ստեղծված համաշխարհային իրավիճակը կարող է առայժմ հետ պահել ներդրողներին։

«Ներդրողները վենչուրային և մասնավոր ինվեստիցիոն ընկերություններ են, որոնք, բնականաբար, հաշվի են առնում միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում` կապիտալի հասանելիությունն ու գինը ապագայում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։

ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա։ Խնդիրն այն է, որ այստեղ գործող մի շարք կազմակերպություններ ամերիկյան կազմակերպությունների մասնաճյուղեր ու անդամներ են և անմիջական կախվածության մեջ են այդ կազմակերպություններից։ Ամերիկյան մամուլը գրում է, որ ՏՏ հսկաները լուրջ վնասներ են կրում այս իրավիճակից։ Իսկ սա նշանակում է, որ այդ վնասների ուղղակի ազդեցությունը կարող է հասնել նաև հայաստանյան ընկերություններին, օրինակ՝ հանգեցնելով ֆինանսների ու աշխատակիցների կրճատման։

Չինական յուանի անկումը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ Չինաստանից Հայաստան ներմուծվող ապրանքների թե՛ գնի, թե՛ ծավալի վրա։ Մանր էլեկտրոնիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ ըստ էության, այս պայմաններում հայաստանյան տնտեսվարողներին հնարավորություն է տրվում ավելի էժան գնով ներմուծել չինական ապրանքները։ Դա կարող է հանգեցնել Հայաստանում վաճառվող չինական ապրանքների էժանացմանն ու սպառման աճին։ Մյուս կողմից էլ՝ դա կարող է լրացուցիչ մրցակցային խնդիրներ առաջացնել հայկական այն ապրանքների համար, որոնք այսօր մրցակցում են չինականի հետ։ Այստեղ էլ, սակայն, ամեն ինչ միանշանակ չէ. բավականին փոքր է հայկական այն ապրանքների թիվը, որոնք մրցակցում են չինականի հետ։ 

«Մանր բիզնեսի հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Այս դեպքում Հայաստանի համար ավելի լավ է ստացվում, քանի որ յուանը դոլարի նկատմամբ բարձրանում է, այստեղ էլ բավականին իջել է, ներմուծվող ապրանքների գները կիջնեն։ Գների էժանացումը կբերի շրջանառության որոշակի աճի։ Եվ դա բիզնեսի համար եկամուտ կապահովի։ Տնտեսական որոշակի, ոչ մեծ դրական փոփոխություն կլինի՝ մուլտիպլիկատիվ էֆեկտով։ Բայց գլոբալ ազդեցություն չեմ կարծում, թե լինի»,- ասաց Սամսոն Գրիգորյանը։

Անդրադառնալով տեղական արտադրողների հետ մրցակցությանը և չինական ապրանքների էժանացման ազդեցությանը՝ տնտեսվարողը նշեց, որ բացի տեքստիլից, դժվար է գտնել այլ հայկական արտադրանք, որը մրցակցում է ներմուծվող չինականի հետ։ Ըստ նրա՝ չինական ապրանքների պահանջարկը Հայաստանում մեծ է. ավելի շատ սպառվում են ցածր գնային սեգմենտում գտնվող ապրանքները, քանի որ Հայաստանում վճարունակությունը ցածր է։

Նշենք, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականի տարեկան տվյալներով Հայաստան-Չինատան առևտրաշրջանառությունը կազմել է 771 մլն դոլար։ Չինաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում կազմել է 10.5 %՝ զիջելով միայն Ռուսաստանին։

Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը նախորդ տարի կազմել է 107.2 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 664 մլն դոլար։ Հայաստանը Չինաստանին վաճառում է հիմնականում հանքահումք։ Խոսքը, մասնավորապես, պղնձի մասին է։ Իսկ Չինաստանից ներմուծում է գրեթե ամեն ինչ։ Այդպիսի ապրանքների տեսականու թիվը մոտ է հազարին։

Էկոնոմիկայի նախարարությունն ու ԿԲ-ն դիտորդի դերում են

Էկոնոմիկայի նախարարությունից և Կենտրոնական բանկից ևս փորձեցինք մեկնաբանություններ ստանալ համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության մասին։

Երկու կառույցներն էլ, սակայն, առայժմ դիտորդի դերում են. չեն շտապում որևէ գնահատական տալ։

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը նշեց, որ երկու երկրների արտաքին հարաբերությունների վերաբերյալ հարցերի շուրջ նախարարությունը մեկնաբանություններ չի տալիս։ Այս հարցի շուրջ կարող են խոսել, երբ ուսումնասիրեն հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Իսկ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Կբեյանը նշեց, որ ԿԲ-ն մշտադիտարկում է միջազգային շուկաներում և հարթակներում տեղի ունեցող իրադարձությունները և ԱՄՆ-Չինաստան տնտեսական հակամարտության հետևանքով առաջացած այս իրավիճակը համարում է ժամանակավոր բնույթ կրող պրոցես։ ԿԲ-ն կարող է այս հարցի շուրջ մեկնաբանություններ ու քայլեր անել, երբ փորձագիտական գնահատական լինի, որ դրանք անհրաժեշտ են։

Լուսանկարը՝ Mark Schiefelbein / AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter