HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայ-չինական առևտուրը. վաճառում ենք պղինձ, գնում՝ ամեն ինչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է, որտեղ կազմակերպվել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը։ Նա հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և քննարկել հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր։ Առաջիկա երկու-երեք օրերին Փաշինյանը հանդիպումներ է ունենալու նաև Չինաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս այցն առիթ է ուսումնասիրելու Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության վերջին փոփոխությունները, մասնավորապես՝ առևտրաշրջանառության ոլորտում։

Տվյալները ցույց են տալիս, որ թեև այսօրվա դրությամբ Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է, սակայն այս երկրի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության պատկերը հեռու է գոհացուցիչ լինելուց։ Արտահանմանն ուղղված տնտեսություն ունենալու ծրագրեր ունեցող Հայաստանն, ինչպես իր գլխավոր առևտրային գործընկերներից շատերին, այնպես էլ Չինաստանին հետաքրքրում է միայն հանքահումքով։ Այս մասին են վկայում երկու երկրների միջև առևտրի՝ թե՛ 2018 թվականի, թե՛ նախորդ տարիների ցուցանիշները։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականի տարեկան տվյալներով Հայաստան-Չինատան առևտրաշրջանառությունը կազմել է 771 մլն դոլար, որը 2017 թվականի համեմատ աճել է 29.3 %-ով։ Նշված երկրի հետ Հայաստանի առևտուրը բացասական հաշվեկշիռ ունի, որը նախորդ տարի կազմել է մոտ 557 մլն դոլար։ Այսինքն՝ ներմուծումն այդքանով գերազանգել է արտահանմանը։

Չինաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում կազմել է 10.5 %՝ զիջելով միայն Ռուսաստանին, որի կշիռը 26.1 % է։

Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը նախորդ տարի կազմել է 107.2 մլն դոլար՝ նվազելով 9.5 %-ով։ Հայաստանի արտահանման կազմում Չինաստանի կշիռը 4.5 % է։ Չինաստանը Հայաստանի արտահանման համար յոթերորդ խոշոր շուկան է։

Իսկ ներմուծումը կազմել է մոտ 664 մլն դոլար՝ ավելանալով 39 %-ով։ Ներմուծման կազմում Չինաստանի կշիռը շատ ավելի մեծ է՝ 13.4 %: Այս ցուցանիշով Չինաստանը Հայաստանի ներմուծման ցանկում երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո։

Այսպիսով, Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառության ծավալների աճը 2018 թվականին պայմանավորված է ներմուծման ավելացմամբ։

Առհասարակ, վերջին տարիներին Չինաստանից ներմուծումը նկատելիորեն ավելացել է։ Արտահանումը, սակայն, բացասական միտումներ է գրանցել։ 

Պղինձ՝ դեպի Չինաստան

Ինչպես նշեցինք վերևում, Հայաստանը Չինաստանին վաճառում է հիմնականում հանքահումք։ Խոսքը, մասնավորապես, պղնձի մասին է, որը նախորդ տարի կազմել է Հայաստանից Չինաստան արտահանման 88 %-ը։ Ըստ Մաքսային ծառայության տրամադրած տվյալների՝ 2018 թվականին Հայաստանը մոտ 95 մլն դոլարի պղնձի խտանյութ է արտահանել Չինաստան՝ 2017 թվականի 121 մլն դոլարի դիմաց։ Այսինքն՝ Հայաստանից Չինաստան արտահանման անկումը պայմանավորված է պղնձի ծավալների կրճատմամբ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանից պղնձի արտահանումը տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է։ Բացի այն, որ մեր երկրում ավելի քիչ պղինձ է արդյունահանվել նախորդ տարի, քան 2017 թվականին, միջազգային շուկայում էլ տարեկեսից գներն են ընկել։

Պղինձը Հայաստանից արտահանվում է ոչ վերջնական մշակված տեսքով, դրսում այն վերջնական մշակման է ենթարկվում և հայտնվում մետաղների բորսաներում։ Չինաստանն աշխարհում պղնձի խոշորագույն սպառողներից մեկն է։

Բացի պղնձի խտանյութը, նախորդ տարի Հայաստանը նաև ոչ մեծ ծավալով մարդատար ավտոմեքենաներ և բժշկական սարքեր է արտահանել, որոնց ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 12.5 մլն դոլար։

Ահա այսքանով սահմանափակվում է այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստանը վաճառում է չինացիներին։ Իհարկե, փոքր ծավալներով արտահանվում են նաև այլ ապրանքներ, որոնց չնչին ծավալներից կարելի է ենթադրել, որ դրանք արտահանվում են որպես փորձանմուշներ։

Հայկական գինին ուզում են Չինաստան հասցնել

Վերջին տարիներին հայ գինեգործները քննարկում են հայկական ծագման գինին չինացի սպառողին հասցնելու հեռանկարները՝ հաշվի առնելով, որ Չինաստանի շուկան մեծ է, և մի շարք այլ ապրանքների հետ այստեղ լայն սպառում ունի նաև գինին։ Նույնիսկ որոշակի հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել չինացիների հետ այս թեմայով։ Դեպի Չինաստան հայկական գինու արտահանումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ Հայաստանում գինու արտադրության ոլորտը զարգացնելու ու ծավալներն ավելացնելու հարցում։  

Մաքսային ծառայության 2018 թվականի տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ առայժմ այս ծրագրերը էական արդյունքներ չեն տվել։ Նախորդ տարի Հայաստանը Չինաստան է արտահանել ընդամենը 70 հազար դոլարի գինի։

74 մլն դոլարի հեռախոս՝ Չինաստանից Հայաստան

Բազմիցս առիթ ենք ունեցել գրելու, որ Հայաստանը Չինաստանից ներմուծում է գրեթե ամեն ինչ։ Այդպիսի ապրանքների տեսականու թիվը մոտ է հազարին։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ ամենամեծ ծավալի ապրանքախումը, որը Հայաստան ներմուծվում է Չինաստանից, հեռախոսներն են։ Նախորդ տարի ներմուծվել է 74 մլն դոլարի «հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի»՝ 2017 թվականի մոտ 47 մլն դոլարի դիմաց։

Չինաստանից Հայաստան ներմուծման կազմում էական ծավալներ ունեն նաև ավտոմեքենաները, հագուստը, պայուսակներն ու ճամպրուկները, կոշիկները, համակարգիչներն ու համակարգչային սարքավորումները, շինարարական նյութերը և այլն։ Ընդհանուր առմամբ, ներմուծումը կենտրոնացված չէ սահմանափակ թվով ապրանքների շուրջ։

Հայաստանի և Չինաստանի տնտեսական կապերը միայն առևտրաշրջանառությամբ չեն սահմանափակվում։ Ընթացքի մեջ են որոշ ներդրումային ծրագրեր։ Ժամանակը ցույց կտա, թե այդ ծրագրերի և Չինաստանի հետ առևտրաշրջանառության ոլորտում ինչ արդյունքներ կարող է տալ վարչապետի այցը Չինաստան:

Լուսանկարը՝ primeminister.am

Մեկնաբանություններ (1)

G
Nothing to be proud of. Exports dropped, imports increased + negative trade balance.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter