HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Գուցե խնդիրը հարթվել է «ղեկավարության մակարդակով»». «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ

Գյումրիի «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնող ռուսական լոուքոստեր «Պոբեդա» ավիընկերությունը ձմեռվանից դադարեցնելու է թռիչքներ իրականացնել Հայաստան: Այս մասին հայտնում է ռուսական «ТАСС» գործակալությունը՝ հղում անելով ընկերության աշխատակիցներից մեկին: Իբրև պատճառ նշվում է այն է, որ Շիրակի օդանավակայանում վառելիքը պահանջվածից քիչ են լցնում:

Մենք փորձեցինք կապ հաստատել «Պոբեդա» ընկերության մոսկովյան գրասենյակի հետ: Կոնտակտային կենտրոնից ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպի Գյումրի թռիչնքերը ոնց եղել են, այդպես էլ լինելու են՝ հավելելով, որ եթե լիներ դրանք դադարեցնելու որոշում, իրենք անպայման տեղյակ կլինեին։ Այս ընթացքում էլ Գյումրիում վառելիքի թերլիցքավորման վերաբերյալ էլ որևէ բողոքներ չեն ստացել:

«Մենք նման տեղեկություն դեռ չենք ստացել: Ինչպես թռել ենք Գյումրի, այնպես շարունակում ենք թռնել, տվյալ պահին որևէ փոփոխություն չի պլանավորվում», -ասաց նա՝ հավելելով, որ գուցե խնդիրն արդեն հարթվել է «ղեկավարության մակարդակով», այդ պատճառով էլ «Պոբեդա» ընկերությունը դեռևս որևէ  պաշտոնական հայտարարություն չի արել:

Սա է փաստում նաև Հայաստանում «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ հայտնելով, որ ամեն ինչ «նորմալ է», եղած թյուրիմացությունն էլ «հույս ունեն»՝ կշտկվի:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ևս հայտնում է, որ հարցից տեղյակ է, սակայն Գյումրի-Մոսկվա թռիչնքերը չեն դադարելու:

Նշենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավիաընկերության հասարակայնության հետ կապերի վարչության բաժնից Ելենա Սելիվանովան հայտնել էր, որ «Պոբեդան» դեպի Հայաստան տոմսերի վաճառքը կվերսկսի միայն այն դեպքում, եթե  փոխհատուցվի վառելիքի թերի լիցքավորումը և երաշխիքներ տրվեն, որ ապագայում նման բան չի կրկնվի: Ե. Սելիվանովայի հետ մեզ, ցավոք, խոսել չհաջողվեց: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան»-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից Սաթենիկ Հովաննիսյանը մեզ հայտնեց, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար։ Արդյունքների մասին կտեղեկացնեն ստանալուն պես։

Միևնույն ժամանակ օդանավակայանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: Գրառման մեջ նշված է, որ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Նշենք, որ «Պոբեդա» ավիաընկերությանը վառելիք է մատակարարում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՖԲԸ-ի՝ Շիրակ օդանավակայանի վառելիքալցավորման բաժինը։

Հնչած հակասական կարծիքներից հետո, սակայն, դեռևս պարզ չէ Գյումրի-Մոսկվա չվերթների հետագա ճակատագիրը։

Հիշեցնենք, որ «Պոբեդա»-ն ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերությունն է, որը 2016թ.ի դեկտեմբերից իրականացնում է Գյումրիից դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթներ՝ համեմատաբար ցածր գներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter