HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անտեսանելի» երեխաները

-Էլ չեմ վախենա գրատախտակի մոտ գնալուց,- դասարանի աղմուկի մեջ շրջվելով դեպի մեզ՝ սկզբից ցածր, ապա նկատելի բարձր ձայնով ասում է Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհին:

-Իսկ ինչի՞ համար ես վախենում,- հարցնում ենք մենք:

-Որ ցածր գնահատական կստանամ,- պատասխանում է աղջիկը:

-Իսկ որ ցածր գնահատական ստանաս, ի՞նչ է լինելու,- հետաքրքրվում ենք:

-Վատ սովորող կլինենք, էրեխեքը կխնդան,- բացատրում է նա:

Արարատի մարզի 6 դպրոցի 185 աշակերտ (3-րդ եւ 6-րդ դասարաններն ավարտած) այս հուլիսին դպրոց է հաճախել՝ մայրենի եւ մաթեմատիկա պարապելու համար: Արտաշատի, Վեդիի, Մասիսի ու Այգավանի դպրոցների այս աշակերտներին առավոտյան փողոցում կարելի էր նկատել գույնզգույն թղթապանակներով, հարցին, թե ուր եք շտապում, կլիներ պատասխան՝ դպրոց, սովորելու:

Սրանք այն երեխաներն են, ովքեր ուսումնական տարվա ընթացքում թեեւ ֆիզիկապես ներկա են լինում դասաժամերին, իրականում դասապրոցեսի մասնակից չեն, գրատախտակին գրեթե չեն մոտենում, ճիշտ կլինի ասել, որ անտեսված են կրթական համակարգի կողմից: Միջազգային գրականության մեջ նրանց անվանում են «անտեսանելի» երեխաներ:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ առաջին անգամ իրականացրել է «ամառային դպրոց» մեկամսյա ծրագիրը, որն այս անգամ փորձնական բնույթ է կրել:

Ծրագրի շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցող աշակերտները պարապել են մայրենի եւ մաթեմատիկա, որոնք առանցքային առարկաներ են: Իսկ 3-րդ ու 6-րդ դասարաններն ավարտածների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ առաջին խմբի երեխաները 4-րդ դասարանն ավարտելիս քննություններ պիտի հանձնեն, երկրորդի պարագայում էլ հիմնավորումն այն է, որ 7-րդ դասարանից ավելանում են բնագիտական առարկաները, որոնք շատ դժվար կլինի յուրացնել մաթեմատիկայի վատ իմացության դեպքում, միաժամանակ բարդանում են պատմության եւ աշխարհագրության տեքստերը, որոնք ընկալելու համար անհրաժեշտ է մայրենիի իմացության որոշակի մակարդակ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տրամադրած տվյալների հիման վրա կազմակերպիչներն անդրանիկ ծրագրի համար ընտրել են Արարատի մարզի 6 դպրոց՝ Մասիս քաղաքի թիվ 1, 2 եւ 4, Վեդիի թիվ 2, Արտաշատի թիվ 1 եւ Այգավան գյուղի դպրոցները: Ներառվել են այն երեխաները, ովքեր մայրենիից ու մաթեմատիկայից ունեցել են 1-5 գնահատական, որոշ բացառություններով նաեւ 6 ունեցողներն են ընդգրկվել: Հենց Արարատի մարզն ընտրելու պատճառներից մեկը Երեւանին մոտ գտնվելն էր, որպեսզի ծրագրի դասավանդողները, ովքեր կամավորներ են, հեռավորության խնդիր չունենան: Մեկ ամսվա ուսուցման համար նշված առարկաների մեթոդաբանություն է մշակվել, կամավորները կարճ ժամանակում վերապատրաստվել են: Յուրաքանչյուր երեխա ապահովվել է գրենական պիտույքներով, բացի դրանից՝ սննդի ծախսերի համար 3-րդ դասարանն ավարտածներից ամեն մեկի ծնողին օրական 2000 դրամ է հատկացվել, 6-րդցիների դեպքում՝ 1000 դրամ: Կամավորներն էլ ապահովվել են օրապահիկով ու ճանապարհածախսով:  

«Անտեսանելի» երեխաներին պետք է «տեսանելի» դարձնել

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հանրակրթության ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյանը նշում է, որ վերջին 4-5 տարիներին «ԲՀԻ»-ն բավականին շատ հետազոտական աշխատանքներ է կատարում՝ հասկանալու, թե որակյալ կրթությունը որքանով է հասանելի հայաստանցի երեխաներին: Հետազոտությունների թիրախում եղել են սոցիալ-տնտեսական խոցելի պայմաններում ապրող երեխաները, գյուղաբնակ աշակերտներն ու աղջիկները: 

«Անընդհատ բախվելով խնդրի հետ՝ մշտապես փնտրում էինք եղանակներ, թե ինչպես կարելի է այդ երեխաներին կրթության մեջ վերաներառել, ինչպես անել, որ կրթությունը հասնի բոլոր երեխաներին, հատկապես՝ այս խմբերին»,- ասում է Լիլիթ Նազարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ նպատակ կար ծրագիրն առաջին անգամ իրականացնել հետհեղափոխական շրջանում, քանի որ այդ օրերին մեծ թվով երիտասարդների ակտիվությունը հույս էր տվել, որ նրանց ներուժը կարելի է օգտագործել կրթական խնդիրներ լուծելիս, օրինակ՝ երիտասարդ կամավորներին կարելի է գործուղել, մասնավորապես, գյուղերի դպրոցներ: Լ. Նազարյանը նկատում է, որ Հայաստանը մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ոլորտներում հետ է մնում միջազգային միջին ցուցանիշից, իսկ հայաստանյան վիճակագրական տվյալներն էլ փաստում են, որ մեր երկրում աղքատ, խոցելի խմբերի ընտանիքների երեխաները որակյալ կրթություն ստանալու ավելի քիչ հնարավորություն ունեն:

Այդուհանդերձ, միայն այս տարի է հաջողվել նախարարության հետ տալ փորձնական ծրագրի մեկնարկը:

«Մեզ համար կարեւոր էր, որ ծրագրի մեջ ընդգրկվեն այն երեխաները, որոնք խնդիրներ ունեն: Սովորաբար ծրագրերում ընդգրկում են լավ սովորողներին, իսկ մենք հակառակն արեցինք: Ծնողների, տնօրենների մոտ զարմանք կար, որ տարիներ շարունակ այդ երեխաներն անտեսված են եղել ոչ միայն դպրոցում, այլեւ դպրոցից դուրս՝ արտադասարանական միջոցառումներին»,- նկատում է հանրակրթության ծրագրերի համակարգողը՝ ավելացնելով, որ նման խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ այլ երկրներում. երեխաների մի մասը կանոնավոր դպրոց է հաճախում, դասաժամին ներկա է լինում, բայց «անտեսանելի» է մնում համակարգի, դպրոցի համար, «անտեսանելի» են մնում այս աշակերտների կրթական կարիքները:  

Լիլիթ Նազարյանն ասում է, թե ուրախ է, որ փորձնական ծրագրով կարողացել են նման երեխաներին թեկուզ մասամբ «տեսանելի» դարձնել, նաեւ արձանագրել են, որ խնդրին լուծում կա: Այդուհանդերձ, շեշտում է, որ մեկ երեխայով, դպրոցով կամ ուսուցչով դժվար կլինի հասնել համակարգային փոփոխությունների, փոխարենն անհրաժեշտ է քննարկումներ սկսել որոշում ընդունող մարմինների մակարդակով, որպեսզի «անտեսանելի» երեխաներին «տեսանելի» դարձնենք՝ նրանց ներառելով հանրակրթության մեջ, հնարավորություն տալով օգտագործել իրենց ներուժը:

«Գտնել այն մի թելիկը, որ տանում է երեխայի ներսը»

Այգավանի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Ավետիսյանն ասում է, որ թեեւ դասերը ժամը 9-ին էին սկսվում, երեխաները ժամը 8-ից հավաքվում էին դպրոցի բակում:

Այս գյուղում ծրագրին մասնակցել են միայն 3-րդ դասարանն ավարտածները, որոնք թե՛ մայրենի են պարապել, թե՛ մաթեմատիկա: Մեկ տարիքային խմբի առկայությունը կամ միայն մեկ առարկա պարապելը պայմանավորված է կամավորների նվազ թվով:  

-Էրեխեք, էս շոգին ինչի՞ եք գալիս դպրոց,- հարցնում ենք երեխաներին:

-Որ սովորենք,- միաձայն պատասխանում են:

-Սեպտեմբերին դասերն սկսվելու են, էդ ժամանակ չե՞ք սովորելու:

-Սովորելու ենք, բայց սա ուրիշ ա, էստեղ նկարելով ենք սովորում, հետաքրքիր ա, ընկեր Արմինեն էնքան լավն ա:

Մասնագիտությամբ մանկավարժ, լրագրող Արմինե Ղոնյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով աշխատում է Արցախում: Ասում է՝ երբ երեխան հայտնվում է դպրոցում, արդեն ինչ-որ հիմք ունի, որի վրա էլ ուսուցիչն աշխատում է, եւ հիմքի ամուր կամ թույլ լինելուց է կախված, թե երեխան ինչ քայլերով առաջ կգնա: Ըստ Արմինեի՝ ինքը փորձում է ուշադրություն դարձնել ամեն ինչի վրա, շփվել ծնողների, ուսուցիչների, երեխաների հետ, քանի որ հաճախ երեխաների խնդիրների մասին խոսելիս մոռանում ենք հենց իրենց հարցնել այդ մասին, մոռանում ենք, որ նրանք գիտակից մարդիկ են ու կարծիք հայտնելու իրավունք ունեն. փոխարենը շատ դեպքերում դպրոցներում հանդիպում ենք վախեցած, ճնշված երեխաների:

Արմինեի համոզմամբ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխայի անհատական ունակություններին: Ասում է՝ աշակերտ կա, որին թիվը հետաքրքիր չէ, այդ դեպքում, օրինակ, նկարների ու պատկերների միջոցով կարելի է սովորեցնել, խոսքի մասերն էլ կարելի է յուրացնել որեւէ նկար բնութագրելիս: «Ինչքան աշխատում եմ, համոզվում եմ, որ դժվար է, բայց պետք է ժամանակ գտնել՝ ամեն աշակերտի անհատապես մոտենալու համար, գտնելու համար այն մի թելիկը, որ տանում է երեխայի ներսը»,- ասում է ուսուցչուհին:

Հարցին, թե ինչով է պայմանավորված աշակերտների ոգեւորությունը, Արմինեն պատասխանում է. «Խաղով: Երրորդդասարանցին դեռ երեխա է, չես կարող նրան նստեցնել եւ 45 րոպե դաս տալ: Այդ ժամանակի մեջ պիտի լինի ինչ-որ խաղ, ինչ-որ գրավչություն, որովհետեւ դասի վերջում մոռանում են ամեն ինչի մասին եւ հիշում են, օրինակ, թե սեղանին ինչ գույնի խխունջ էր դրված: Չեմ ասում, թե դա ցրվածություն է, հակառակը՝ այդ ամեն ինչն օգտագործում եմ ինձ համար, փորձում եմ այնպիսի բաներ գտնել, որ նրանց տանեմ պրպտելու ճանապարհով»: Մեր զրուցակիցը հավելում է, թե երեխաներն ամեն ինչի սիրում են հասնել խաղերի, ռեբուսների, գլուխկոտրուկների միջոցով, եւ ինքն էլ փորձում է հնարավորինս շատ օգտագործել դրանք:

Կրթական համակարգի խնդիրների մասին խոսելիս Արմինե Ղոնյանը նկատում է. «Երեւի ուսուցիչները պետք է հասկանան, թե ինչ է պետք երեխաներին: Շատ ժամանակ ուսուցիչները (առնչվել եմ դրա հետ) անկհայտորեն չեն թաքցրել, որ ջահելների մուտքը դպրոց իրենց կողմից քննադատվում է: Չեմ հասկանում՝ ինչու: Հակառակն եմ տեսել, երբ ջահելներն ավելի մեծ հաջողության են հասնում, չեմ ասում, թե մեծերի մոտ այդպես չէ, բայց ուսուցիչներ կան, որոնք հենվում են հենց դրա վրա, որ ջահելը չմտնի դպրոց, իրենք ամեն ինչ կանեն... Սրա հետեւանքով տեսնում ենք անհետաքրքիր դասեր, ուսուցիչները դպրոցից տուն են գնում բողոքելով, վատագույն դեպքում էլ ուսուցիչը նեղացնում է երեխային, գոռում նրա վրա: Շատ կուզեի, որ յուրաքանչյուր ուսուցիչ գիտակցեր՝ պետք է ինքնակրթվել, ինքնազարգանալ, պատրաստ լինել փոփոխությունների, նորամուծություններ բերել դասարան: Ուղղակի պետք է հասկանանք, որ երեխային ժամանակ է պետք նվիրել, չհոգնենք նրանց հարցերից»:

Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցի կամավոր Սաթենիկ Հովհաննիսյանը, ով դասավանդում է 6-րդ դասարանն ավարտածներին, նշում է, որ ամառային դպրոցում երեխաներն իրենց արժեւորված են զգում, նրանց ինքնագնատականը բարձրացրել է: Նույն դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն ասում է, թե կարճ ժամանակում բավականին բացահայտումներ է արել իր համար: Նշում է, որ թե՛ դասապրոցեսին, թե՛ արտադպրոցական միջոցառումներին պետք է ներգրավել նաեւ թույլ առաջադիմություն ունեցող աշակերտներին: Օրինակ է բերում, որ երբ տարբեր կազմակերպություններ միջոցառումների են հրավիրում, սկզբից տանում են լավ սովորողներին, այսինքն՝ ցածր առաջադիմություն ունեցողներն անտեսվում են: Անտեսված լինելու վրա, ըստ տնօրենի, ազդում է թե՛ ուսուցիչը, թե՛ ծնողը, թե՛ միջավայրը:

Ծրագրի ընթացքում ոգեւորված դպրոց հաճախելու պատճառները, տնօրեն Անդրեասյանի կարծիքով, մի քանիսը կարող են լինել՝ օրական սննդի գումարը, գրենական պիտույքներով թղթապանակները, նոր ուսուցիչը, սակայն ավելի խորքային գործոններ կան: «Հետքի» զրուցակիցը նկատում է, թե երեխաները հասկացել են, որ իրենց ձայնն էլ է լսելի. «Երեխաներն ասում են՝ երբ մեծանանք, ընկեր Սաթենին մեքենա ենք առնելու, հարցնում եմ՝ ինչի՞, ասում են՝ որովհետեւ ինքը մեզ լսում է: Պետք է նաեւ ուսուցիչների մեջ հեղափոխություն լինի՝ մտածելակերպի, աշխատաոճի»:

Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա մանկխորհում հարց պետք է դնեն, որ ուսուցիչն ի վերջո պետք է դուրս գա դասատուի իր դերից, երեխան չպետք է վախենա նրանից, այլ պետք է տեսնի օգնողի, ավագ ընկերոջ դերում: «Ինձ համար կարեւոր բացահայտում էր, որ երեխան ուսուցչին նայում է որպես իրեն գնահատողի, ով կարող է ցածր գնահատել, զայրանալ»,- նշում է Նոնա Անդրեասյանը: Վերջինս կարեւորում է, որ ուսուցիչները ոչ թե ամենալավ սովորող մի քանի երեխայի վրա պիտի կենտրոնանան ամեն անգամ, այլ կարողանան այնպես անել, որ բոլոր աշակերտները յուրացնեն տվյալ դասի ամենակարեւոր կետերը:

Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանի խոսքով՝ հիմնական ուսումնական պրոցեսի եւ ամառային դպրոցի միջեւ մեծ տարբերություններ չկային, փոքր-ինչ ուրիշ է եղել մեթոդաբանությունը՝ դասերն անցկացվել են խաղերով, ինչը հետաքրքիր էր երեխաներին: Մարգարյանը նկատում է, որ այս փորձից ելնելով՝ ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնեն գործնական աշխատանքներին, որպեսզի դասապրոցեսը երեխաների համար ավելի ազատ ու արդյունավետ լինի:

Այգավանի դպրոցի տնօրեն Կարինե Ավետիսյանն էլ ասում է, թե ծրագրի արդյունքում պարզել են, որ երեխաներից ոմանց ավելի ցածր են գնահատել, քանի որ ուսուցիչները խիստ են մոտեցել: «Տարրական դասարանների հետ կապված ծրագիր ունեմ: Առաջիկա ժողովին կքննարկենք գնահատման չափորոշիչները, կխոսենք մոտեցումների փոփոխությունից: Պետք է նպաստենք, որ երեխայի մեջ սովորելու ձգտում արթնանա: Երեխային սիրով պետք է սովորեցնենք»,- նշում է տնօրենը:

Լուսանկարները՝ Սարգիս Բուլղադարյանի

Մեկնաբանություններ (1)

Ռուզաննա
Շատ լավ ծրագիր է և ցանկալի կլինի ոչ թե մեկ դասարանի այլ 1_7 դասարաների երեխաներին ընդգրկել այդ ծրագրում, իհարկէ թույլ սովորողներին,ինձ թվում է Այգավանի դասընթացներն շատ օգտակար է եղել երեխաների համար հույս ունենք ,որ սա շարունակական կլինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter