
«Արարատ-Արմենիա»-ն Երևանում պարտություն կրեց վրացական «Սաբուրթալո»-ից
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտություն կրեց վրացական «Սաբուրթալո»-ից։ Հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Առաջին խաղակեսն անցավ երևանյան թիմի բացահայտ առավելությամբ։ Բազմաթիվ վտանգավոր գրոհներից մեկը վերջապես տվեց իր ցանկալի արդյունքը. 31-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արարատ-Արմենիա»-ին։ Խաղի առաջին կեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։
Ի տարբերություն առաջինի՝ երկրորդ խաղակեսը մեկնարկեց վրացական թիմի առավելությամբ, ինչն էլ 72-րդ րոպեին վերածվեց գոլի։ «Սաբուրթալո»-ի կազմում աչքի ընկավ Սանդրո Ալթունաշվիլին։ Զարգացնելով խաղային առավելությունը 76-րդ րոպեին Լևան Կենյան արդեն վրացական թիմին առաջ մղեց՝ միաժամանակ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։1։
Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 14-ին Թբիլիսիում։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-ն եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլից, որտեղ, սակայն չէր կարողացել հաղթահարել շվեդական ԱԻԿ-ի արգելքը: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից դուրս մնալուց հետո Հայաստանի չեմպիոնը հայտնվեց Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ առանց լուրջ դժվարությունների առավելության հասավ Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն» ակումբի նկատմամբ:
Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում իր առաջին հանդիպումը կանցկացնի նաև Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկ»-ը: Երևանյան ակումբը կրկին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Վուլվերհեմփթոն»-ին։
Մեկնաբանել