HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մելիք Մանուկյանի եղբայրը`Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 5 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը` Ռոբերտ Մանուկյանը  մեղադրվում է 5 ոստիկանի ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

Ըստ մեղադրանքի Ռոբերտ Մանուկյանի 5  ոստիկանի ծեծի է ենթարկել միայնակ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է  ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover  մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնելուն դրդրելու կասկածանքով:  Մանուկյանը կասկածանքի շրջանակներում ձերբակալվել է, ապա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով նրա պաշտպանի բողոքը, ձերբակալման որոշումն անօրինական է համարել  ու նրան ազատ արձակել:

Դրանից հետո Քննչական կոմիտեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրել ոստիկաններին ծեծի ենթարկելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ քննությանը խոչընդոտելու հոդվածներով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան:

Մեզ հետ զրույցում Հովսեփ Սարգսյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կապված Մանուկյանի խափանման միջոցի հետ, քննվելու է վաղը՝ օգոստոսի 7-ին:

Անդրադառնալով բերման ենթարկող ոստիկաններին ծեծի ենթարկելու վերաբերյալ Ռոբերտ Մանուկյանի մեղադրանքին՝ Հովսեփ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողություններն արդարացնելու համար քննչական մարմինը որոշել է Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք առաջադրել նրանց ծեծի ենթարկելու՝ իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունում՝ հայտնելով, որ բերման ենթարկելիս իր նկատմամբ ոստիկանները ոչ իրավաչափ  բռնություն են գործադրել, իսկ արդեն ոստիկանության բաժնում մի քանի աշխատակիցներ  իրեն ծեծի են ենթարկել:

Հովսեփ Սարգսյանն ասաց, որ գործի նյութերի՝ ոստիկաններն ունեն մարմնական վնասվածքներ, մինչդեռ ոստիկանության տարածած տեսանյութում, որում Մանուկյանին բերման ենթարկելու կադրերն են, երևում է, թե ինչպես են նրան կռացած, վզից բռնած տանում:

«Եթե այսօր Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվում 316-րդ հոդվածով և ոստիկանության տեսանյութն ենք նայում, արդյոք  այստեղ հակասություն չի առաջանում»,-ասաց Հովսեփ Սարգսյանը` շեշտելով,  որ Ռոբերտ Մանուկյանի ձերբակալումն անօրինական ճանաչելու որոշման մեջ դատարանը հստակ արձանագրել է, որ քննիչը Մանուկյանին բերման ենթարկելու որոշում կայացրած չի եղել, նրան ծանուցագիր չի ուղարկել, և ոստիկաններն առանց հիմնավորման են ցանկացել նրան բերել քննչական բաժին:

Ըստ Սարգսյանի, նման պայմաններում, եթե անձի նկատմամբ  փաստացի անօրինական գործողություն է իրականացվում, նա ունի պաշտպանվելու իրավունք:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի`Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին: Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter