HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գըվուգ Ինտերնացիոնալ»` գյուղը քաղաքին կապող եւ գյուղի զարգացմանը միտված նոր գաստրո տուն Գյումրիում

«Գըվուգ Ինտերնացիոնալ»` հետաքրքիր ու տարօրինակ անունով գաստրո տան մոտ եմ: Դեռ մուտքից զգացվող ծիրանով ու չամչով պատրաստված չրապուրի զգլխիչ հոտն ինձ հասցնում է մանկության չմոռացվող բույրերի աշխարհ: Եկել եմ պայմանավորված ժամին ու փոքրիկ, հարմարվետ սրահում կանգնած վայելում եմ յուրօրինակ ընտանեկան ջերմությունը: Վայրկյաններ անց խոհանոցից հայտնվում են ժպտադեմ տանտերերը՝ Էլիզա եւ Համլետ Գեւորգյանները: 

«Ոնց որ հորանցս տուն եկած լինեմ»,-կատակում եմ՝ նկատելով սեղանին պանրխաշի պատրաստման համար անհրաժեշտ չեչիլ պանիրը, լավաշն ու տապակած սոխը: Շիրակ աշխարհին բնորոշ այս կերակերատեսակը չես հանդիպի որեւէ այլ վայրում՝ գաղտնիքը պանրի մեջ է, որ պատրաստվում է միայն մեր մարզի գյուղերում: «Հլը ու՜ր ես, էս հըլ սկիզբն է»,-կատակում է Համլետ Գեւորգյանը՝ սեղանին դնելով կերակրացանկը: 

«Մախոխ կուլուլիկ», «կոնչոլ-քրջիկ», «պանրխաշ», «չրով ապուր», «տապակած ղմի», «ավելուկի ապուր», «հարիսա», «թաթար բորակի», «փոխինձով, կաթով խաշիլ» եւ մանկությունից ծանոթ մի շարք այլ ուտեստների աստղաբույլը պարզապես աչք է շոյում: «Ուզեցինք գյուղ-քաղաք կապը վերականգնել՝ նպաստելով գյուղի զարգացմանը»,-ասում է Համլետը՝ հավելելով, որ գաստրո տան գաղափարը ծնվել է անցած տարի՝ ՌԴ-ն ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրին ծանոթանալուց հետո: Մրցույթին ներկայացված գաղափարներից «Գըվուգ Ինտերնացիոնալ» գաստրո տան գաղափարը միակն է եղել, որի իրականացման վայրը նշվել է Գյումրի քաղաքը:

«Ներքին համոզմունք ունեինք, որ հաղթելու ենք,-ասում է Համլետը,-ճիշտն ասած, ընտրված անունն եւս իր դերակատարությունն էր ունեցել: Հետո իմացանք, որ ժյուրիի անդամները շատ հետաքրքրված են եղել. իրենց դուր է եկել եւ գաղափարը, եւ անունը»: Զրուցակիցս պատմում է, որ չեն ուզեցել գաստրո տունը կոչել մառան, ուտելիքի պահոց կամ նման մեկ այլ անունով: 

«Ուզում էինք, որ տարբերվող լինի՝ բովանդակությունը նույնը լինի, սակայն փաթեթավորումը՝ այլ: Զանգեցինք Կառնուտ գյուղի մեր բարեկամներին: Հարցնում էինք, թե հնում, ասենք մառանն ինչպես են կոչել եւ իրենց հարեւանն ասաց՝ գըվուգ: Որ ճիշտն ասեմ, հենց առաջին վայրկյանից սիրեցինք անունը, երեւի նաեւ նրա համար, որ գյումրվա էդ «գ»-երը կային մեջը: Իսկ «ինտերնացիոնալ»-ը մեր փողոցի հին անունն է(ներկայում կոչվում է՝ Տիգրան Մեծ-հեղ.), որտեղ որ գաստրո տունն է»:

Գյումրին մինչեւ օրս էլ ճանաչելիության առումով տեղացիները բաժանում են թաղերի: «Կայարան» թաղի շարունակությունը կազմող «Ինտերնացիոնալ»-ը ներկայիս տեսքով ձեւավորվել է 1926թ-ի ավերիչ երկրաշարժից հետո: Համլետն ասում է, որ այն ժամանակ, ինչպես 1988թ-ի երկրաշարժից հետո, երկհարկանի շենքերի կառուցմանը մասնակցել են այլազգիներ եւ հետագայում փողոցը կոչվել է «Ինտերնացիոնալ»: «Քանի որ անվանափոխություն էր եղել տարիներ առաջ, սակայն մարդիկ սովորույթի ուժով շարունակում են փողոցի հին անունը գործածել, որոշեցինք պատմության համար դա էլ պահել»,-նկատում է Համլետը:

Զրույցի ընթացքում մեզ է միանում գեղանկարիչ Հրաչ Վարդանյանը: Համլետն ու Հրաչը միասին են զարգացրել, կյանք տվել գըվուգի գաղափարին: «Ես միայն աջակցել եմ»,-համեստորեն ժպտում է Հրաչը: Այնինչ, գաստրո տունը ներքին եւ արտաքին դիզայնի համար պարտական է հենց Հրաչ Վարդանյանին: «Սա ընտանեկան գործ կարելի է համարել, քանի որ Համլետ ու ես ազգականներ ենք եւ գաստրո տան բուն աշխատանքներով էլ զբաղվում են Համլետն ու Էլզան: Ես օգնել եմ դիզայնի հարցում: Տարածքը փոքր է եւ այնպես պիտի կարգավորեինք, որ ներս մտնողի մոտ տպավորություն լիներ, թե տատիկ-պապիկին է այցելել, կամ թե սեփական օջախ, որտեղ դեռ պահպանվել են ազգայինն ու ավանդականը»,-ասում է Հրաչը:

Գաստրո տան պատերին նախկինում եղած ծեփոնը հեռացվել է, սեւ տուֆը հարթեցվել, սեղանների պատրաստման համար օգտագործել են քանդած տնակների վերամշակված փայտը: Տնակներից գաստրո տան «տիրապետության» տակ անցած էլի բաղկացուցիչներ կան՝ մուտքի վերնամասը հավաքված է հին, գործածության համար անպիտան մետաղի կտորներից: «Մետաղագործ, նկարիչ-քանդակագործ Գարիկ Մելքոնյանի հետ ենք գտել այսօրինակ լուծումը, ուզեցինք քաղաքից արդեն դուրս եկող, բայց երկար տարիներ քաղաքի պատմության մաս կազմող «դոմիկների ժեշտերից» էլ ինչ որ բան պահել,-ասում է Հրաչը,-աթոռները, որ գնել ենք գյուղերից, պատի վիշապագորգը, որ փրկվել է երկրաշաժից՝ բոլորն ունեն իրենց պատմությունը, որ հիմա ներկայացված է Գըվուգում»:

Գյումրիում գաստրո տան ստեղծման գաղափարը թերեւս ամենից շատ ուրախացրել է Էլզային: Ամուսինը 17 տարի աշխատել է արտերկրում՝ Կանադա, Ֆրանսիա, ՌԴ: 2018թ-ի թավշյա հեղափոխության ժամանակ Համլետը Մոսկվայում էր եւ հաղթանակից երկու ամիս անց որոշում է ընդմիշտ վերադառնալ հայրենի քաղաք՝ որեւէ գործ սկսելու մտադրությամբ: Էլզան պատմում է, որ ամուսնացել է 18 տարեկանում, երբեք չի աշխատել, ընտանիքի ապրուստ մշտապես հոգացել է ինժեներ ամուսինը,  ունեն երկու զավակ եւ մեկ թոռնիկ: Գաստրո տան գաղափարի հաղթանակից հետո, կյանքում առաջին անգամ, 46 տարեկանում, պաշտոնապես կարողացավ անցնել աշխատանքի: 

«Էս պահին ամեն ինչ էլ անում եմ՝ եփում եմ, թխում, մատուցում, ինչպես ընդունված է հայկական ընտանիքներում: Վերջերս խոհարար ընդունել ենք աշխատանքի, բայց չենք կարողանում մատուցող գտնել: Մի աղջիկ էր եկել աշխատանքի հայտարարությունով, տեսավ գինու բաժակները, ասեց չէ՝ չեմ աշխատի, ես հաստատ էս բաժակները կջարդեմ,-Էլզան ծիծաղում է,-որքան գիտեմ, Գյումրիում միայն մենք չէ, որ մատուցողների հետ կապված խնդիրներ ունենք, ընդհանրապես էս ոլորտում աշխատակիցների խիստ պահանջ կա ու չկան մասնագետներ: Հիմա մեկն էլ լինի ինձ օգնի՝ էլի գոհ կլինենք»:

«Գըվուգ Ինտերնացիոնալ»-ում բոլոր ուտեստները պատրաստվում են «արդար» յուղով: Գյուղերից գնում են յուղ, լավաշ, պանիր, թթվասեր, մեղր, ձու, բույսեր՝ թեյերի համար, որոնք գործածվում են, թե ուտեստների պատրաստման մեջ, թե վաճառքի նպատակով: «Մեր նպատակը ոչ թե եւս մեկ ուտելու տեղ բացելն էր, եւս մեկ ռեստորանային տարածք ունենալը, այլ ինչ որ տեղ գյուղ-քաղաք խզված կապի վերականգնումը,-ասում է Հրաչ Վարդանյանը,-ցուցադրելով գյուղացու արտադրանքը մեզ մոտ, տուրիստին ուղղորդելով տվյալ գյուղ, որտեղի բարիքը որ ներկայացնում ենք, որտեղի բարիքը որ ինքը համտեսում է, նպատակ ունենք համայնքներում զարգացնել տուրիզմը»:

Համլետի փոխանցմամբ, մեկ ամսում իրենք արդեն ունեն մի քանի կայուն պայմանավորվածություն մեղր, պանիր, յուղ, ձու արտադրողների հետ Շիրակի մարզի գյուղերից: «Պաշտոնական բացում դեռ չի եղել ու կարելի է ասել, որ շատերը դեռ մեր տեղը չգիտեն, բայց ովքեր էլ որ այցելում են գոհ են մնում թե ուտեստների համից, թե գներից: Մարդիկ կան, որ վաղուց մոռացել են ինչ բան է ճմուռը, էն որ տատիկները յուղը հալում էին, բոքոնը փրթում մեջը՝ մանկության համեր, որ այստեղ կարող են վերագտնել»,-վստահեցնում է Համլետը:

Հրաժեշտից առաջ, Էլզան առաջարկում է համտեսել «Վանա քյալագյոշ»՝ միակ ուտեստը, որ շիրակյան չէ, սակայն համեղության ու հեշտ պատրաստման համար ներառել են կերակրացանկում:

Մեկնաբանություններ (2)

Aram
Please mention the address and phone number for similar items so your readers may access them
Գոհար
Եվ այսպես, ամեն օր հասցեներով, տեղանուններով և մարդկանց անուններով լցվում է բարալիկ նոթատետրիս էջերը։ Հաջորդ այցիս ժամանակ ինչքան գործ ունեմ անելու․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter