Ղրղզստանում գերլարված մթնոլորտ է. նախկին նախագահը չի պատրաստվում հանձնվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, որին ձերբակալելու համար նախօրեին հատուկ նշանակության ուժերը գործողություն էին կազմակերպել, այսօր՝ օգոստոսի 8-ին, իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ մայրաքաղաք Բիշքեկի փողոցներ անժամկետ ցույցերիի՝ պահանջելու գործող նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովի հրաժարականը: Ավելի ուշ հանրահավաքը չեղարկվել է, քանի որ ավելի է կարևորվել Ատամբաևի առանձնատան պաշտպանությունը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատները գրոհել էին նախկին նախագահի՝ Բիշքեկի արվարձանում գտնվող առանձնատունը՝ Ատամբաևին ձերբակալելու նպատակով, սակայն հանդիպել էին նրա կողմնակիցների դիմադրությանը:
Երեկ տարբեր աղբյուրներ հաղորդում էին, որ իրավապահները բռնել են նախկին նախագահին և տարել անհայտ ուղղությամբ, սակայն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը այդպես էլ չեղավ: Այսօր արդեն պարզ է դարձել, որ Ալմազբեկ Ատամբաևը գտնվում է ազատության մեջ:
Օգոստոսի 8-ի առավոտյան՝ Ատամբաևի առանձնատան մոտակայքում
Տեղական Kloop լրատվական կայքի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ հատուկջոկատայինների և նախկին նախագահի կողմնակիցների միջև բախումների հետևանքով վիրավորվածների թիվը անցել է հինգ տասնյակը, զոհվել է մեկ հատուկջոկատային:
Ալմազբեկ Ատամբաևը վստահեցրել է, որ իր կողմնակիցները անզեն են, իսկ անձամբ ինքը երեկ կրակել է այն ժամանակ, երբ փորձել են իրենց ձերբակալել:
«Իմ կողմնակիցները նույնիսկ պարսատիկներ չեն ունեցել: Հեռուսատեսությունով ասվածը սուտ է: Ես կրակել եմ, երբ տղաները բարձրացան երրորդ հարկ: Փորձում էի նրանց չնշանառել»,- ասել է Ալմազբեկ Ատամբաևը:
Նախօրեին տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նախկին նախագահի կողմնակիցները զինված են քարերով և փայտե մահակներով: Ատամբաևը հաստատել է նաև այն լուրերը, որ գործողությանը մասնակցած հատուկջոկատայինները պատանդառվել են:
«Ես հասկանում եմ, որ նրանք ինչ-որ մարդկանց զավակներն են: Մենք նրանց անպայման բաց կթողնենք: Մեծ մասին դեռ երեկ էինք ազատ արձակել»,- ասել է Ղրղզստանը 2011-2017թթ. ղեկավարած Ատամբաևը:
Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Օրոզբեկ Օպումբաևը հինգշաբթի հայտարարել է՝ ափսոսում է, որ թույլ չի տվել հատուկջոկատայիններին կրակ բացել: Նրա խոսքերով՝ գործողության մասնակիցները մարտական զենք չեն օգտագործել, իսկ նախկին նախագահն ու նրա կողմնակիցները կրակել են մարդկանց վրա: Օպումբաևը նշել է նաև, որ Ատամբաևի կողմնակիցները հատուկ նշանակության ուժերի պահեստային խմբից խլել են բազմաթիվ հրազեններ:
«Ատամբաևի կողմնակիցները ֆիզիկական ուժ են գործադրել, խլել են 36 միավոր պոմպային հրացան, 14 Կալաշնիկովի ավտոմատ, 15 ատրճանակ և զինամթերք»,- ասել է ուժային կառույցի ղեկավարը:
Ղրղզստանի գործող նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովը խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, որ օրենքով նախատեսված քննչական գործողություններին զինված դիմադրություն ցույց տալը կոպտորեն խախտում է երկրի սահմանադրությունը:
«Մենք չէինք ցանկանում, որ արյունահեղություն լինի, այդ պատճառով կիրառել էինք ռետինե փամփուշտներ: Եթե մենք երեկ նրան հրավիրում էինք որպես վկա, ապա այսօր կկանչենք ծանր հանցագործության համար»,- գործող նախագահի խոսքերն է փոխանցում Kloop-ը:
Հավելենք, որ նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովը 2019թ. մայիսի 16-ին օրենք է ստորագրել, որը հնարավորություն է տալիս նախկին նախագահներին զրկել անձեռնմխելիությունից: Հունիսի 27-ին Ղրղզստանի խորհրդարանը զրկել է Ալմազբեկ Ատամբաևին նախագահական անձեռնմխելիությունից: Դրանից հետո վերջինիս մեղադրանք է առաջադրվել մի շարք կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու դեպքերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել