HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բագրատ Ասատրյան.«Տնտեսության մեջ որոշիչ դեր ունեցողները շարունակում են մնալ ու թելադրողի դերում լինել»

«Հետք»-ի զրույցակիցն է ԵՊՀ դասախոս, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

 Պրն Ասատրյան, վերջին մեկ տարում՝ նոր իշխանությունների օրոք, մեր տնտեսության մեջ ինչ տեղաշարժեր եք նկատում։

Վերջին մեկ տարում տնտեսության մեջ դրսևորվել են թե՛ դրական ու թե՛ ոչ ցանկալի տեղաշարժեր։ Դրականների շարքից առավել կարևորը մակրոտնտեսական կայունությունն է: Երկրում ցնցումներ եղան, համակարգային տեղաշարժեր ու փոփոխություններ են տեղի ունենում, և դա իր բացասական ազդեցությունը կարող էր ունենալ տնտեսական գործընթացների վրա: Սակայն, պետք է արձանագրել, որ առաջին ամիսների անհանգստությունից հետո, որի դրսևորումներից էր փողի արտահոսքը, փոխարժեքի տատանումները, տնտեսության առանձին հատվածներում կտրուկ անկումը, իրավիճակը կայունացավ, և տնտեսությունը բնութագրվեց կայուն համաչափ զարգացումով: Ընդ որում, թե՛ անցած տարվա և թե՛ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքների մասով հարկ է նշել ծրագրայինից ավելի բարձր աճի տեմպերը, մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 6.5% ծրագրավորված 5%-ի փոխարեն, գնաճի կայուն ու համեմատաբար ցածր ցուցանիշը: Դրական զարգացումներից է նաև այն, որ ընթացիկ տարվա տնտեսական նշված չափով աճի կարևոր գործոններից է արդյունաբերության առաջանցիկ աճը, ընդ որում՝ արդյունաբերության կառուցվածքում հանքագործության համեմատ վերամշակող արդյունաբերության ավելի բարձր տեմպերով աճը։ Վերամշակող արդյունաբերության առանձին հատվածներում՝ բնեղեն արտահայտությամբ, կոշիկի, տեքստիլի արտադրության ծավալները աճել են շուրջ 60%-ով, գինու-կոնյակի արտադրությունը 30-40%-ով. սրանք միանշանակ դրական դրսևորումներ են: Առավելևս, որ ի տարբերություն հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության ճյուղերը շատ ավելի աշխատատար են և երկար ժամանակ են պահանջում զարգացման համար: Այսինքն՝ դրական սպասումներ կարող են լինել նաև բնակչության զբաղվածության առումով։  Իհարկե, սա դեռ կարճատև միտում է և գործող իշխանության գերխնդիրը նշված դրական միտումները խորացնելն է, և զարգացման կայուն բնութագիր դարձնելն է: Ակնհայտ դրական տեղաշարժեր կան հարկերի հավաքագրման ոլորտում։ Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտները ավելացել են 25%-ով։ Նկատելի են հարկային վարչարարության բարելավման առումով որոշակի տեղաշարժեր: Նշված ու մի շարք այլ դրական զարգացումների հետ մեկտեղ առկա են նաև որոշ բացասական զարգացումներ: Նախ կարևոր մի հարց՝ արդյոք նշված ծրագրայինից բարձր տնտեսական աճի տեմպերը բավարա՞ր են Հայաստանում որակական տեղաշարժեր իրականացնելու համար: Կարծում եմ՝ միանշանակ ոչ: Բացի առանձին ոլորտներում դրսևորված բացասական զարգացումներից, խիստ անհանգստացնող են արտաքին առևտրի բնագավառում առկա բացասական միտումները, արտահանման ծավալների չավելանալը, շարունակական անկումը գյուղատնտեսությունում ու էներգետիկայում, շինարարության աճի ցածր տեմպերը: Որևէ կերպ հասկանալի չէ բեռնափոխադրումների ծավալի վերաբերյալ հրապարակված ցուցանիշի 2-2.5 անգամ անկումը:

Մեր տնտեսության չլուծված կարևոր խնդիրներից շարունակում է մնալ ներդրումների խնդիրը։ Միամտություն կլիներ մտածելը, թե միանգամից ներդրումներ են գալու, մանավանդ, որ օտարեկրյա ներդրումների նվազման միտումը երկար ժամանակ էր դրսևորվում։ Առնվազն երկու-երեք կամ ավել տարի է պետք, որ աշխարհը ճանաչի Հայաստանում կատարվող տեղաշարժերը արդարության ու օրինականության վերահաստատման առումով, ինչի հետևանքով ներդրումների ոլորտում առաջին էական արդյունքները կնկատվեն։ Ներդրումները երկարատև աշխատանքի արդյունքն են։ Մեր տնտեսությունը երկար ժամանակ փակ էր ներդրողների համար։ Այսպես, ներդրումների համար առավել գրավիչ հատվածները, օրինակ՝ հենց հանքարդյունաբերությունը, որը մեր երկրի տնտեսության զարգացման համար կարող էր լուրջ դերակատարություն ունենալ իշխող խմբի կողմից փակվել էր հայտնի ընկերությունների համար։ Փաստորեն բացի «Լիդիան Արմենիա»-ից, որի ճակատագիրն էլ անորոշ է, մենք լուրջ ներդրողներ այս ոլորտում չենք ունեցել։ Նախկին իշխանությունները ներդրումների ոլորտն այնպես էին  համակարգել, որ մի քանի չինովնիկ իրենցով էին արել գլխավոր ուղղությունները։

Հիշատակեցիք «Լիդիան Արմենիա»-ն։ Ի՞նչ եք կարծում՝ այս ընկերությունը պե՞տք է Հայաստանում աշխատի, թե՞ ոչ։

Շատ ծանր հարց է, նոր իշխանության համար լուրջ փորձություն։ Պետությունն այսօր պատասխանատու է բոլոր այն զարգացումների համար, որոնք եկել են նախկին իշխանության տարիներից։ Մենք չենք կարող միանգամից վերցնել ու փակել այդ ընկերությունը, որովհետև բնությանը վնաս է պատճառվում։ Մենք պետք է հաշվենք, թե ինչքան պետք է վճարենք ընկերությանը, եթե փակենք կամ ինչ գին ենք վճարում բնապահպանության ու սոցիալական իմաստներով, եթե թողնենք աշխատի։ Ես հասկանում եմ, որ վտանգներ ու վնասներ կան, բայց մենք պետք է գնանք ավելի քիչ կորուստներ ունենալու ճանապարհով։ Օրինակ՝ եթե բնապահպանական վնասը շատ ավելի մեծ ու կործանիչ է, քան  տնտեսական օգուտներն են, ապա ընկերությունը չպետք է աշխատի։ Եթե ընկերությանը թույլ չենք տալիս աշխատել, պետք է պատրաստ լինենք մեր բյուջեից մեծ գումարներ հատկացնել դրա դիմաց։ Եթե հակառակն է, ապա պետք է համակերպվենք և ձգտենք, որ կուրուստներն ու վնասները նվազագույնի հասցվեն։ Մենք էլի շատ հատվածներ ունենք, որ վճարում ենք և վճարելու ենք նախկինում արված սխալների համար։ Ի վերջո ամբողջ հանքարդյունաբերության գործունեության հարցը կարող է դրվել, Սևանից ջրօգտագործման և այլ ու այլ հարցեր:

Այսօր ի՞նչ պետք է անել, որ ներդրումները Հայաստան գան։

Համակարգային փոփոխություններ են պետք՝ կոռուպցիայի իսպառ վերացում, բիզնես ու իշխանության տարանջատում, մրցակցային միջավայրի վերականգնում և այլն։ Պետք է նախ գիտակցել, որ դրանք իրական խնդիրներ են և պահանջում են իրական ու երաշխավորված լուծումներ։ Ազատական շուկայական տնտեսությունը չի կարող նախկինում ձևավորված ռեժիմներում գործել ու զարգանալ։ Հիմա տեսանելի է, որ որոշակի քայլեր կան։ Իհարկե, այսօր էլ նախկին հարաբերությունների մի հատվածը կա բիզնեսում։ Տնտեսության մեջ, եթե չասենք իշխող դիրք ունեցողները, ապա՝ որոշիչ դեր ունեցողները, շարունակում են մնալ ու թելադրողի դերում լինել։ Դրանք մեծամասամբ նախկին իշխանավորներն ու դրանց հետ փոխկապվածներն են, որոնք տարիների ընթացքում իրենցով են արել տնտեսության տարբեր հատվածներ։ Դաշտի մաքրման գործընթացը պետք է լինի հետևողական ու շարունակական, ինչի արդյունքում և կարող է ձևավորվել արդյունավետ տնտեսական համակարգ:

Իշխանությունները պնդում են, որ մենաշնորհներ ու օլիգարխներ չկան այսօր։ Արդյոք այդպե՞ս է։

Եթե ձևական առումով մոտենանք, դասագրքային իմաստով, կարելի է արձանագրել, որ մենաշնորհներ ու օլիգարխներ չկան։ Այս վերջին մեկ տարում իշխանությունից դուրս մղվեցին առնվազն խոշոր գործարարները, տեսանելի է, որ իշխանությունը չի մասնակցում բիզնես գործընթացներին: Բայց իրականությունն այն է, որ որոշիչ դիրք ունեցողները շարունակում են տնտեսության մեջ պահպանել իրենց դիրքերը, առավել ևս եթե հաշվի առնենք ստվերային հարաբերությունները, որոնք Հայաստանում ոչ պակաս կարևոր են եղել։ Իսկ որոշիչ դիրք ունեցող տնտեսվարողների առկայությունը, դրանց կողմից անբարեխիղճ մրցակցային կեցվածքի հնարավորությունը միայն, ևս չարիք է տնտեսության համար, դա խոչընդոտում է տնտեսության զարգացումը։ Բիզնեսի, քաղաքականության ու իշխանության համատեղման մեր երկրում երկար ժամանակ իշխող մոդելը պետք է պատմության գիրկն ուղարկել։ Այդ ամենը մեր տնտեսությունը փակուղի է տարել։ Վերջին իրադարձություններին նախորդած տասնամյակում մեր ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ, ըստ էության,  նվազել էր։ Այսօր պետք է ձևավորվի իշխանություն-բիզնես համագործակցության նոր մոդել, պետությունը հաշվի առնելով առկա բազմաթիվ անհարթություններն ու չլուծված խնդիրները, պետք է ձեռք մեկնի տնտեսվարողին, տնտեսության առանձին հատվածներին, սակայն անի դա շատ զգույշ, մտածված, թափանցիկ:

Ինչպե՞ս է պետք վարվել այն տնտեսվարողների հետ, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շուկայում թելադրողի դերում են։

Դրա համար հատուկ կարգավորումներ են անհրաժեշտ։ Ոչ թե դասական միջամտություն, այլ՝ հատուկ մեխանիզմներ պետք է մշակել։ Իշխանությունը պետք է գիտակցի և հասարակությանն առաջարկի տնտեսության մեջ որոշիչ ու թելադրող դիրք ունեցող տնտեսավարողների նկատմամբ հնարավորինս օրինական ու թափանցիկ սահմանափակումների առնձնահատուկ մի մոդել։ Շատ հայտնի շաքարավազի օրինակով ասենք՝ պետք է ուղղակի արգելվի տնտեսվարողին որոշակի քանակից շատ շաքարավազ ներմուծել Հայաստան և գնի որոշակի շեմ սահմանել, որ դրանից ցածր իրավունք չունենա վաճառել։ Այսինքն՝ որոշիչ դիրք ունեցող տնտեսավարողների համար սահմանի մշտական դիտարկումների ու վերահոսկողության հատուկ մոդել։ 

Մեր օրենսդրությունն այսօր թույլ տալի՞ս է տնտեսության մեջ նման միջամտություն անելու։

Մեր օրենսդրությունն այսօր թույլ չի տալիս նման սահմանափակումների գնալ։ Հետևաբար, պետք է նաև օրենսդրական նոր կարգավորումներ կիրառել։ Շատ բարդ բաների մասին ենք խոսում, յուրաքանչյուր քայլ պետք է մանրակրկիտ քննարկվի, խոր ուսումնասիրվի, բայց իշխանությունը պետք է բռնի այս ճանապարհը, ընդ որում՝ դա պետք է անի անհապաղ։ Եթե մոտեցումները բացահայտվեն, դա արդեն ինքնին որոշակի արդյունքների կհանգեցնի։ Մեկ այլ օրինակ՝ խոշոր առևտրային կենտրոնները։ Նրանց գործունեությունը պետք է առնվազն ժամանակավորապես սահմանափակվի, որ փոքր ու միջին օղակները կարողանան շնչել։ Ամբողջ աշխարհում կա այդ փորձը։ Օրինակ՝ սուպերմարկետին արգելվում է երեկոյան ժամերին ու հանգստյան օրերին աշխատել, կամ՝ այս կամ այն բաժինները փակվում են օրենքով սահմանված ժամերին։

Դա կարո՞ղ է նաև տարածքային անհամաչափության հարցն ինչ-որ չափով լուծել։

Տարածքային անհամաչափությունը հաղթահարելու գործում իշխանությունը պարտավորություններ ունի։  Այսօր ունենք համայնքներ, որտեղ տեղական ուժերով արդեն իսկ բիզնես քայլեր են արվել՝ Խնձորեսկ, Կալավան, Ենոքավան, Գորիս  և այլն։ Ու հատկապես այդ համայնքներում պետք է մտածել ենթակառուցվածքները զարգացնելու մասին, պետությունը պետք է օժանդակի ճանապարհաշինության, այլ ենթակառույցների զարգացման հարցում՝ ջուր, կոյուղի և այլն։ Կարող են նոր կամ դասական մոտեցումներ կիրառել, օրինակ՝  գրանտային ծրագրերի համակարգ։ Մասնավորն իր քայլերն արել է, հերթը պետությանն է, ինչը կապահովի համալիր զարգացում։ Հայաստանում ունենք տարածքներ, որոնք նահանջ են ապրում բոլոր իմաստներով։ Դա շատ պարզ երևում է ժողովրդագրական պատկերը ուսումնասիրելիս։ Այդ իմաստով ներկայումս ամենածանրը Լոռու մարզի վիճակն է, որտեղ ծնելիությունն արդեն իսկ ավելի ցածր է, քան մահացությունը, նվազում է բնակչության թվաքանակը։ Լոռվա մարզում անցած տարվա տվյալներով ամեն երկրորդ ամուսնություն ավարտվում էր ամուսնալուծությամբ։ Սա սոցիալ-տնտեսական առկա վիճակի հետևանքն է և իշխանությունը պետք է ձեռնամուխ լինի առանձնահատուկ ծրագրերի մշակմանն ու իրագործմանը թե առանձին համայնքների ու թե ավելի լայն՝ միջհամայնքային հատվածների համար։ Ընդհանրապես, Հայաստանի մարզերի բնակչության թվաքանակի նվազումը արդեն կայուն միտում է դարձել և այստեղ պետությունը ունի լուրջ անելիքներ: Բյուջետային ու պետական ծախսերի քաղաքականությունը պետք է փոխվի, կարծում եմ տարածքային համաչափ զարգացման խնդիրը պետք է առանձնահատուկ ծրագիր լինի և լուծումներ ունենա բյուջետային ֆինանսավորման ինքնուրույն աղբյուրով և այլն։

Երկար ժամանակ բուռն քննարկվող հարկային օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին։ Սա, ըստ Ձեզ, կարե՞լի է բարեփոխումների փաթեթ համարել։

Կան դրույթներ, որոնց դրական եմ վերաբերվում, կարող եմ ասել, որ բարեփոխումների փաթեթ է, որտեղ առկա են, օրինակ, փոքր ձեռնարկատիրության նպաստման ուղղված քայլեր, մի շարք անհրաժեշտ դարձած լուծումներ, որոնք պայմանավորված էին Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությամբ։ Սակայն դա ըստ իս, ընդամենը առաջին, ոչ ամբողջական քայլերն էին: Անդրադառնանք այդ փաթեթի առավել աղմկահարույց լուծմանը՝ բանավեճի առարկա դարձած   եկամտային հարկի թեմաին՝ պրոգրեսիվ թողնե՞լ, թե՞ համահարթեցնել։ Իրականությունը սակայն այն է, որ մեզ մոտ պրոգրեսիվ հարկում ըստ էության չէր իրականացվում, մենք ունենք կարգավորումների բազմաթիվ հատվածներ, որտեղ ձևն էր իշխում, ոչ թե բովանդակությունը: Օրինակ, տվյալ դեպքում պրոգրեսիվով հարկվում էր միայն աշխատավարձը, որը, բոլորս էլ գիտենք, եկամուտի միակ աղբյուրը չէ առավել ևս բարձր եկամուտ ունեցողների համար։ Հարուստներն, այսպես, թե այնպես, մեր երկրում կամ քիչ կամ ընդհանրապես չէին հարկվում։ Հաստատորեն կարելի է պնդել որ, եկամտային հարկով չէին հարկվում, որը և կարևոր պատճառներից է մեր երկրում սոցիալական խոր բևեռացման ու աղքատության բարձր մակարդակի։ Իրական եկամուտները ամբողջ ծավալով պետք է հարկվեն, ոչ թե միայն աշխատավարձը։ Հիմա այդ ուղղությամբ առաջին քայլերն արվեցին։ Մեզ շատ ավելի ամբողջական փոփոխություններ են պետք։ Մենք պետք է գնանք եկամուտների համատարած հայտարարագրման ճանապարհով, ինչպես ամբողջ աշխարհում է արվում և հարկման հիմքը դա պետք է լինի։ Որևէ կերպ չեմ հասկանում, թե ինչու այսօր գույքահարկի խնդիրը չի դրվել ու արդեն իսկ չի լուծվել։ Եթե խոսում ենք սոցիալական արդարության մասին, ապա խոշոր ունեցվածքը պետք է համապատասխանաբար հարկվի, շատ հարկ պետք է վճարեն մեծ ունեցվածքի տերերը։ Պրոգրեսիվ հարկումը այսպես պետք է դրսևորվի։ 

Օրեր առաջ Կառավարությունը հայտարարեց, որ վերջին 15 ամիսներին նվազել է արտաքին պարտքը՝ չնշելով ներքին պարտքի աճի մասին։ Պարտքն այսօր արդյունավե՞տ է կառավարվում։

Պետական պարտքի կառավարման ոլորտում այսօր քաղաքականության էական փոփոխություն դեռ չի նշմարվում։ Կարելի է ընդգծել զսպվածությունը, որի արդյունքում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը անցած տարվա արդյունքներով երկարաժամկետ ըստ էության կայուն աճից հետո սկսեց նվազել: Տեսեք, եթե պետական արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ. սկզբին կազմեց 53.7% (ՀՀ նորագույն պատմության ամենաբարձր ցուցանիշը, որը 2009թ-ին կազմում էր միայն մոտ 15%), ապա տարեվերջին էապես նվազելով՝ միայն 51.3%: Այս տարվա յոթ ամիսների արդյունքում գործ ունենք կառավարության արտաքին պարտքի նվազման հետ, այն ներկայումս կազմում է 4.901 մլրդ ԱՄՆ դոլար, տարեսկզբի 4.983 մլրդ. փոխարեն: Հարկ է նաև նշել, որ այս տարվա ընթացքում որոշ չափով աճել է ՀՀ պետական պարտքը ի հաշիվ ներքին պարտքի: Համենայնդեպս ակնհայտ է, որ այս տարվա արդյունքներով ևս գործ ենք ունենալու պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազման հետ՝ կարծում եմ նախորդ տարվա ծավալներով: Նման մանրամասնություններին դիմելու պատճառն այն է, որ հրապարակում կարելի է հանդիպել բազմաբնույթ գնահատականների ծայրահեղ ծանր վիճակի մասին, թեև հրապարակվող նյութերի ոչ խոր անգամ վերլուծությունից կարելի է անել հստակ եզրակացություններ: Ընդ որում խնդիրն այլ է, մենք մտածում ենք զարգացման մասին, ենթակառույցների կատարելագործման ու պետության դերի ակտիվացման, որը կարող է տեղի ունենալ նաև ի հաշիվ պետական պարտքի աճի։ Ասելով նոր ռազմավարություն, կարծում եմ պետք չէ վախենալ պարտքի աճից, այսօր որոշակի վստահություն կա իշխանությունների նկատմամբ, իշխանության լիգիտիմացումը լուրջ հիմք է նաև այս բնագավառում առաջընթացի համար: Իսկ արձանագրելով պահպանողականությունը, իներցիան հասկանում եմ, որ սա նախկինի ժառանգությունն է: 2009-ից ի վեր, երբ էապես աճեց Հայաստանի պետական պարտքը, տարաբնույթ բացասական երևույթների հետ՝ հիշում եմ իրավիճակ, երբ փող էր վերցվել ու չգիտեին՝ ինչ անել։ Համոզում էին, որ ինչ-որ սուբյեկտներ վերցնեն դա օրինակ, Երևանի կենտրոնում շինարարություն իրականացնող ընկերություններին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, որը խայտառակություն էր։ Ներգրավված միջոցներն ուղղում էին, ինչպես անկեղծորեն ներկայացրեց երկրի այդժամանակվա ղեկավարը՝ կայունության պահպանմանը, սոցիալական ընթացիկ լուծումների, դրամի կայունությանը։ Սա նաև կոռուպցիան սնուցող կարևոր աղբյուրներից էր: Մինչդեռ պետական պարտքի կառավարման արդյունավետության ցուցանիշը հենց պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունն է, որը հանգեցնում է տնտեսական աճի, ինչը ներկայումս ևս իրաղություն է:

Մեզ դրամի այսչափ կայունություն պե՞տք է։

Ոչ, մեր փողը չպետք է այսքան կայուն լինի. պետք է արժեզրկվի առնվազն գնաճին համաչափ։ Ներկայիս արժևորումը ևս չի նպաստում տնտեսական զարգացմանը: Թեև հասկանալի է, որ սա նախևառաջ բյուջեի չհիմնավորված վարվելակերպի արդյունք է։ Այս բնագավառում մենք ունենք իրավիճակ, որը շատ դժվար է մեկնաբանել՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետբյուջեի եկամուտները գերազանցել են ծախսերը շուրջ 20%-ով: Այսինքն՝ երկիր, որն ունի նշված ծավալներով արտաքին ու ներքին պարտք, թվարկված ու չթվարկված բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ, ունի 20%-ոց ավելցուկ, պրոֆիցիտ: Անհասկանալի է: 2000-ականների սկզբին դրամի կտրուկ արժևորումը բացասական էական ազդեցություն ունեցավ մեր տնտեսության վրա։ Այդ քաղաքականությունն ուղղված էր մի խումբ մարդկանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն։ Նրանք հիմնականում քաղաքական համակարգում ներգրավված կամ իշխանության հետ փոխկապված գործարարներն էին։  Հայաստանում փոխարժեքի լողացող քաղաքականությունը տնտեսական քաղաքականության անհրաժեշտ ու միակ հնարավոր եղանակն է:

Կարծում եմ՝ այսօր խնդիրը ավելի լայն պետք է դրվի. անհրաժեշտ է վերանայել դրամավարկային քաղաքականության նպատակները։ Կենտրոնական բանկի համար գների կայունությունը գերնպատակ է, բայց այսօր պետք է այն ներդաշնակեցվի տնտեսական աճի նպատակի հետ։ Ի վերջո մեր օրենսդրության տրամաբանությունը հուշում է, որ կենտրոնական բանկը պետք է լինի տնտեսական քաղաքականության այլընտրանք առաջարկողը։

Ըստ Ձեզ՝ իշխանության պրոֆեսիոնալ որակները, կադրային քաղաքականությունը թույլ տալի՞ս են գիտակցել տնտեսության իրական խնդիրներն ու լուծումները գտնել։

Այս առումով, իհարկե, իշխանության մեջ խնդիրներ կան։ Հիմնականում հավաքագրվել են երիտասարդ, բավականին լավ կրթություն ստացած, պրոֆեսիոնալ անձինք, սակայն չէի ասի, թե ամբողջական թիմ կա, որ գիտակցում է  այդ ամենը։ Բավականին թուլ և ցածր կազմակերպվածություն ունի թիմի քաղաքական հատվածը: Բացի վերին օղակների մի քանի անձանցից, կառավարման այլ օղակներում այդ գիտակցությունը չեմ տեսնում։ Օրինակ՝ մեր մարզպետները կամ ընդհանրապես տարածքային կառավարման ենթակառույցները ինչո՞վ են զբաղված։ Իշխանության որակը պետք է շատ ավելի բարձր լինի՝ երկրի առաջ ծառացած խնդիրների պահանջն է սա։ Տեսեք՝ մեկ ժամվա զրույցի ընթացքում խոսեցինք բազմաթիվ չլուծված հարցերի մասին, կարող ենք այդ շարքը ընդլայնել, քանզի երկար ժամանակ մեր երկրում իրական խնդիրները չէին բարձրացվում, պրոբլեմները կոծկվում էին, իսկ լուծումները բավարար չէին բոլոր իմաստներով: Հուսով եմ իշխանության եկած քաղաքական թիմը կգիտակցի այս ամենը, կդրսևորի քաղաքական կամք, կվերակազմակերպվի ու համարժեք լուծումներ կառաջարկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։