HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարությունը հայտարարում է արտաքին պարտքի նվազման մասին՝ չնշելով ներքին պարտքի աճը

Կառավարությունը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է Հայաստանի արտաքին պետական պարտքի նվազման միտում:

«2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»,- նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում, որին կցված է նաև ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս արտաքին պարտքի դինամիկան եռամսյակային կտրվածքով` սկսած 2015 թվականից։

Այս հաղորդագրությունը տարածվում է «Ֆեյսբուքում» տարբեր օգտատերերի կողմից՝ որպես կառավարության արդյունավետ աշխատանքի  արդյունք։

Արտաքին պարտքի որոշակի նվազումը, իհարկե, դրական երևույթ է տնտեսության համար։ Սակայն պետք է նկատել, որ իր հայտարարության մեջ կառավարությունն «անկեղծ» չի գտնվել. դիտարկելով արտաքին պետական պարտքը՝ անտեսել է ներքին պարտքը, որը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է։

Ներքին պարտքը, ինչպես արտաքինը,  մեծ գումարներ է խլում պետական բյուջեից սպասարկման՝ տոկոսավճարների համար։ Ինչպես ավելի վաղ գրել ենք,  ըստ 2019թ. պետական բյուջեի նախագծի՝  Հայաստանը պետական բյուջեի 9.8%-ը՝ 157.6 մլրդ դրամը, ծախսելու է պետական պարտքի տոկոսները վճարելու համար։ Այդ գումարից 88.8 մլրդ դրամն ուղղվելու է արտաքին պարտքի տոկոսավճարներին, 68.8 մլրդ դրամը՝ ներքին պարտքի։

Ընդհանուր պետական պարտքի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար միայն արտաքին պարտքը դիտարկելը սխալ է։ 

Ըստ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանի  պետական պարտքը կազմել է 6.934 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա ներառում է ինչպես մեր երկրի արտաքին պարտքը, այնպես էլ՝ ներքին։ Մասնավորապես արտաքին պետական պարտքը կազմել է 5.456 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1.478 մլրդ դոլար։

Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքը կրճատվել է մոտ 77 մլն դոլարով կամ 1.4 %-ով։ Փոխարենը,  ներքին պարտքն ավելացել է մոտ 88 մլն դոլարով կամ 6.3 %-ով։

Արդյունքում, տարեսկզբի համեմատ (31.12.2018թ. դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 11 մլն դոլարով կամ 0.2 %-ով։ 

Հիմա դիտարկենք ցուցանիշները կառավարության ներկայացրած ժամանակահատվածից սկսած՝ 2015 թվականից։ Ներկայացված ինֆոգրաֆիկայում կապույտ գծով Հայաստանի արտաքին պետական պարտքն է, դեղինով՝ ներքին պետական պարտքը, իսկ մոխրագույնով՝ ընդհանուր պարտքը։ Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, վերջին տարիներին թե՛ ներքին, թե՛ արտաքին պետական պարտքը էականորեն աճել են։ Կառավարությունը իր հաղորդագրության մեջ համեմատում է վերջին 15 ամիսները՝ 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունիսը, որով ցանկանում է ցույց տալ, թե նոր իշխանությունների օրոք ինչ դինամիկա է գրանցել պետական պարտքը։

Այսպիսով, արտաքին պետական պարտքը վերջին 15 ամիսների ընթացքում նվազել է 118.6 մլն դոլարով (կամ մոտ 120 մլն դոլարով) կամ 2.1%-ով։ Սրանք այն ցուցանիշներն են, որոնք նշել է կառավարությունը։ Սակայն, միևնույն ժամանակ ներքին պետական պարտքն այս ընթացքում աճել է 165.5 մլն դոլարով կամ 12.6%-ով։ Արդյունքում, ընդհանուր պետական պարտքը աճել է մոտ 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։

Debt
Infogram

Քանի որ պետական պարտքի մասով մեծ է նաև փոխարժեքի տատանումների ռիսկը, դիտարկենք ցուցանիշները նաև դրամային արտահայտությամբ։ 2019 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 3.308 տրլն դրամ, որից 2.603 տրլն դրամը արտաքին պարտքն է, իսկ 705 մլրդ դրամը՝ ներքին։ 2018 թվականի մարտի համեմատ արտաքին պարտքը կրճատվել է 73 մլրդ դրամով կամ 2.7%-ով։ Իսկ ներքին պարտքն աճել է 75.1 մլրդ դրամով կամ 11.9%-ով։

Վերջին տարիներին թե՛ ներկա, թե՛ նախկին կառավարությունները նպատակ ունեն մեծացնել ներքին պարտքի կշիռը ընդհանուր պետական պարտքի կազմում։ Դա բացատրվում է նրանով, որ ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով, ուստի՝ փոխարժեքի ռիսկը չեզոքանում է։ Նշենք, որ ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են։   

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 6.923 մլրդ դոլար։ Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տվյալները, արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 5.533 մլրդ դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 1.390 մլրդ դոլար։ Տարվա ընթացքում համախառն պարտքն աճել է 148.3 մլն դոլարով կամ 2.2 %-ով։ Այն ավելացել է առավելապես ներքին պարտքի աճի հաշվին։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 38 մլն դոլարով կամ 0.7 %-ով, իսկ ներքին պարտքը՝ 110.3 մլն դոլարով կամ 8.6 %-ով։

Ստորև գտնվող գրաֆիկում կարող եք տեսնել Հայաստանի պետական պարտքի միտումները սկսած 2009 թվականից։ Այստեղ հստակ երևում է, որ արտաքին պարտքին զուգահեռ, նաև ներքին պարտքն է համառ տեմպերով աճում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter