HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առեւանգված եզդի կանանց եւ երեխաներին ահաբեկիչները վաճառում են մինչեւ 50 հազար դոլարով

«Ահաբեկիչները սպանում էին տղամարդկանց, իսկ կանանց, աղջիկներին եւ երեխաներին գերեվարում էին: Երբ ահաբեկիչները ռումբեր էին պատրաստում, վերջին լարը, որ պետք է կպցնեին, եւ որից պայթելու վտանգ կար, տալիս էին 5-6 տարեկան եզդի երեխաներին: Իսկ գերեվարված կանանց նկատմամբ ծայրահեղ վատ էին վարվում, մեկ օրվա մեջ կարող էին վաճառել մի քանի հոգու: Մարդու երեւակայությունն անգամ թույլ չի տալիս նկարագրել, թե ինչպես էին վարվում կանանց հետ՝ բռնաբարում էին, ստրկացնում...»,- գերեվարությունից անձամբ իր միջոցով ազատված կանանց, երեխաների ճակատագրերից հատվածներ է պատմում Աբդլա Շըրեմը, ով ներկայանում է այս կեղծանվամբ, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխների կողմից փնտրվում է իր գործունեության պատճառով: 2014 թվականից մինչ օրս նա կարողացել է գերությունից գնել ու ազատել 394 եզդու:

Փախուստ դեպի Շանգալ լեռ

Աբդլա Շըրեմը 43 տարեկան է: Ծնվել, մեծացել է Իրաքի Շանգալի (Սինջարի) շրջանի հարավային մի գյուղում՝ Թալ Քասաբում: Ասում է՝ ամբողջ գյուղում բնակվում էր իր մեծ ընտանիքը՝ 94 հոգի, նրանց թվում՝ իր հորեղբայրները, նրանց երեխաները: 2014 թ. օգոստոսի 3-ին ԴԱԻՇ-ը («Իսլամական պետությունը») հարձակվել էր գյուղի վրա:

«Մենք չէինք հավատում, որ ցեղասպանության կենթարկվեինք: Քրդական փեշմերգայի զորքերն էին Շանգալում, եւ շուրջ 3000 զինվորական կար Թալ Քասաբի շրջակայքում: Դժբախտաբար, մինչեւ ԴԱԻՇ-ը կմտներ եւ մեզ կկոտորեր, դրանից մեկ ժամ առաջ քրդական զորքերը դուրս եկան, եւ մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: ԴԱԻՇ-ը մտավ գյուղեր ու սկսեց կոտորել,- պատմում է զրուցակիցս, քիչ անց ավելացնում,- մենք ոչ մեկին չտեսանք, որ մեզ փրկի, օգնության ձեռք մեկնի: Մեր փրկությունը Շանգալում գտնվող քրդական զորքերն էին՝ փեշմերգան, հավատում էինք, որ մեզ կփրկեն, թույլ չեն տա, որ ԴԱԻՇ-ը հարձակվի մեզ վրա: Մեր եւ քրդերի հարաբերությունները լավ էին, եւ դրա հետեւանքով արաբները թշնամացել էին մեր դեմ: Մինչեւ Շանգալի վրա հարձակումը, ԴԱԻՇ-ը հարձակվել էր դրա հարեւանությամբ գտնվող Թալ Աֆարի շիաների վրա, որոնց մեր տներում ապաստան էինք տվել, օգնել»:

2014-ի օգոստոսի 3-ին երկու ճանապարհ կար, որոնցից մեկով ահաբեկիչները Աբդլայի մեծ ընտանիքի 56 անդամներին գերեվարության էին տարել, իսկ մյուս 38-ը, որոնց թվում էին Աբդլան, նրա կինն ու երեխաները, մեկ այլ ճանապարհով հաջողվել էր փախչել: Նրանք հասել էին Շանգալ լեռ, որտեղ, ըստ «Հետքի» զրուցակցի, 8 օր առանց ջրի ու հացի էին անցկացրել: 8 օր անց նրանք ճանապարհ էին ընկել Սիրիա, այդտեղից էլ՝ Իրաքի հյուսիսում գտնվող Շեխանի շրջան, ապա՝ Խանկեի ճամբար, որ եւս երկրի հյուսիսում է: 2014-ի օգոստոսից մինչ օրս մոտ 50 հազար եզդի փախստական է գտնվում այս ճամբարում:

«Մեզ կոտորելու գլխավոր պատճառն այն էր, որ մեր հարաբերությունները լավացրել էինք քրդերի հետ»,- ասում է Աբդլան:

Գերեվարություն եւ վաճառք

Մեր հեռախոսազրույցի ժամանակ, որը թարգմանում էր այդ ժամանակ ճամբարում գտնվող ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Աբդլան տեղեկություններ էր ճշտում 5-ամյա եզդի երեխայի գտնվելու վայրի մասին: Երեխան ծնվել էր հենց 2014-ի օգոստոսի 3-ին, նույն օրն ահաբեկիչները առեւանգել էին նրա մորը: Վերջինս հասցրել էր տեղեկություններ փոխանցել երեխայի մասին՝ նկարագրելով, որ նրա մեջքին նկատելի նշան կա: Մորը ահաբեկիչները հետո սպանել էին: Հիմա Աբդլան փորձում է գտնել երեխային ու տեղափոխել փախստականների ճամբար:

Աբդլան ահաբեկիչների կողմից գերեվարված իր 56 հարազատներից 39-ին կարողացել է ազատել, մյուս 17-ի մասին տեղեկություններ դեռ չունի, սակայն կասկածներ կան, որ նրանից 13-ը՝ տղամարդիկ, սպանվել են:

Առեւանգված բոլոր մարդկանց վերադաձնելու համար Աբդլան գումար է վճարել: Մինչեւ 2016 թվականը մեկ գերուն գնում էին մինչեւ 10 հազար դոլարով, հիմա՝ մինչեւ 50 հազար դոլարով:

«Ահաբեկիչներն այդ պրոցեսը դիտում են որպես առեւտուր, մարդկանց ապրանքի տեղ են դրել, եւ նրանք ոչ մի կապ չունեն մարդկության հետ»,- ասում է զրուցակիցս: Հաջողության հասնելու համար Աբդլան օգտագործում է իր ունեցած կապերը, այդ թվում՝ Սիրիայում: «Սիրիայում ժողովրդի մեջ ծանոթներ ու ընկերներ ունեի, որոնք ինձ բավական օգնում էին, շատ հաճախ՝ առանց փոխհատուցման: Օրինակ՝ կարողանում էին գտնել Սիրիայում եզդի երեխաների գտնվելու տեղը, ապա ինչ-որ եղանակով ԴԱԻՇ-ի ձեռքից հանել ու հասցնել տեղ»,- պատմում է 43-ամյա Աբդլան:

Վերջին հաջողված դեպքի մասին էլ ասում է, որ կարողացել են 6-7 տարեկան եզդի երեխային վերադարձնել Թուրքիայից: Սահմանը հատելիս երեխային քնաբեր էին տվել ու տեղավորել ձվով բեռնված բեռնատարի արկղերից մեկի մեջ:

Աբդլան ասում է, որ 2016 թվականից հետո գերիների գնումն ավելի է դժվարացել: Առեւանգված եզդի կանանց, աղջիկներին ու երեխաներին ահաբեկիչները Սիրիայից հեռանալիս տեղավորել են տարբեր վայրերում: Նրանց մի մասը, Աբդլայի փոխանցմամբ, այժմ գտնվում է Թուրքիայում, մի քանիսի գտնվելու վայրը ճշտելու ուղղությամբ աշխատանքներ են տանում: Զրուցակիցս նշում է, որ բացի ահաբեկիչներին վճարելուց ստիպված էին լինում լեզու գտնել արաբական գյուղերի բնակիչների հետ, որոնք իրենց հերթին էին փակում ճանապարհը՝ գումար պահանջելով:

Աբդլայի տվյալներով՝ այժմ ահաբեկիչների ձեռքում է գտնվում 2908 եզդի: Նշում է, որ գերիների գնումը կազմակերպում են բացառապես եզդիների աջակցությամբ ու բանկից վերցրած գումարի միջոցով, իսկ Իրաքի պետությունը որեւէ քայլ չի կատարել մինչ օրս: Ըստ զրուցակցիս՝ 5 տարվա ընթացքում իրենց պարտքերը շատացել են, բայց դա խոչընդոտ չի կարող լինել եզդի գերիներին ազատելու համար:

«Աշխարհի որ ծայրում էլ լինեն, մենք շարունակում ենք փնտրել եւ գտնելու դեպքում վերադարձնել»,- ասում է Աբդլան:

5 տարի առանց դպրոցի, հիվանդանոցի. Խանկեի փախստականների ճամբարում

«Հետքի» զրուցակիցը նկատում է, որ 2014-ից այս կողմ Շանգալի շրջանում որեւէ բան դեպի դրականը չի փոխվել, ինչը կնպաստեր, որ եզդիները վերադառնային իրենց տները:

«Մինչեւ հիմա ոչ մի դպրոց չունենք, երեխաները կրթվելու հնարավորություն չունեն: Եթե որեւէ մեկը հիվանդանում է կամ առողջական խնդիր է ունենում, պետք է հասնի Մոսուլ կամ Դուհոկ: Ոչ ոք ոչինչ չի արել եզդիների համար, պայմաններ չեն ստեղծել, որպեսզի եզդիները վերադառնան իրենց տները: Այն գյուղերի բնակիչները, որոնք միացել էին ահաբեկիչներին, այժմ պետությունն այդ գյուղերում ամեն բան վերականգնում է, իսկ մեզ համար ոչ մի քայլ, ոչ մի գործողություն չի արվել,- ասում է Խանկեի փախստականների ճամբարում բնակվող զրուցակիցս, ապա ավելացնում,- մենք հավատում էինք, որ մինչեւ հիմա պետությունն ու աշխարհը մեր վերքերը կբուժեն, բայց մինչ օրս ոչ ոք մեզ օգնության ձեռք չի մեկնում»:

Այդուհանդերձ, Աբդլան լավատես է՝ նշելով, որ իրենք հույսը չեն կորցնում, պայքարում են, իսկ 2014 թվականի եզդիների ցեղասպանությունն էլ առաջինը չէ. ասում է՝ Շանգալում դրանից առաջ էլ կոտորել են եզդիներին, ու եթե Շանգալ լեռ բարձրանաք, կտեսնեք եզդիների ոսկորներ, որոնց խառնվել են 2014-ի ցեղասպանությանը զոհ գնացածների ոսկորները:

«Մենք ժողովուրդ ենք, որը կառուցում է: Մեր ժողովուրդը քանդող, ավերող չէ, ուրիշների պես չենք, նվազագույն հնարավորություններով էլ կարողանում ենք արարել, ստեղծել, որպեսզի կարողանանք վերադարձնել մեր կյանքը»:

Հ.Գ. Առաջիկայում կներկայացնենք պատգամավոր Ռուստամ Բաքոյանի դիտարկումները Շանգալի եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի ու Խանկեի փախստականների ճամբարի մասին:

Լուսանկարում՝ Խանկեի ճամբարը (աղբյուրը՝ unhcr.org)

Մեկնաբանություններ (1)

Կարպիս
Եզդի կանանց եվ երեխաների մի մասը, որպես ապաստանյալ, Խանկեի ճամբարից տեղափոխել Հայաստան: Հետագա ծախսերի մի մասն էլ (իհարկե ինքնահոժար) թողնենք հոգան Հայաստանի Եզդիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter