HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն բաժանորդների ջրաչափերը փոխարինելուց հետո անհիմն վերահաշվարկներ է ներկայացնում

սկիզբը

Տեւական ժամանակ է, ինչ «Վեոլիա ջուր» ՓԲԸ բաժանորդները դժգոհում են նախկին ջրաչափերը նորով փոխարինելուց հետո իրականացված ստուգաչափումներից, որոնց արդյունքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտնաբերել է ջրաչափերի խախտումներ: Կատարվել եւ շարունակվում են կատարվել բաժանորդներին մատուցված ծառայությունների քանակի եւ դրանց դիմաց վճարման ենթակա գումարների վերահաշվարկներ, որոնց հետ քաղաքացիները համաձայն չեն։  

Ի պատասխան բաժանորդների հարաճուն ու օբյեկտիվ բողոքների, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն մի քանի անգամ մամլո հաղորդագրություններով մեկնաբանել է երեւույթը եւ սպառողներին տեղեկացրել, որ բաժանորդների մոտ տեղադրված ջրաչափերը, որպես կանոն, ցածր ճշգրտության են, իսկ իրենք տեղադրում են ավելի բարձր՝ C դասի ջրաչափեր (այս մասով մանիպուլիացիաներին անդրադարձել էինք հետեւյալ հղմամբ): Ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հաղորդագրության՝ բաժանորդներն այստեղ շահում են, քանի որ ջրաչափերը չեն գնում ու տեղադրում սեփական միջոցներով, այսպիսով խնայելով 15-20 հազար դրամ: 

Ուսումնասիրելով այս երեւույթը, հերթական անգամ համոզվեցինք, որ «Վեոլիա ջրի» դեպքում «անվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում»։ Մանրամասնենք, թե ինչու. խնդրո առարկա վերահաշվարկներն, ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացրած ծանուցումների, իրականանում են ընկերության ջրաչափերի ստուգաչափման եւ կարգաբերման լաբորատորիայում իրականացված ստուգաչափման արդյունքում եւ համաձայն նույն ծանուցման՝ կցվում են լաբորատոր ստուգաչափման արձանագրության պատճենն ու հաշվարկը։ Մինչդեռ, իրականում, հիշյալ ծանուցմանը կցվում է ոչ թե ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ արձանագրության պատճենը, այլ «ջրաչափերի զննման եւ նախնական փորձաքննության» արձանագրությունը։

Picture 1.jpg (138 KB)

Picture 2.jpg (103 KB)

Հաջորդիվ կներկայացնենք «ջրաչափերի զննման եւ նախնական փորձաքննություն» եւ «ջրաչափերի ստուգաչափում» երեւույթների տարբերությունները, իսկ մինչ այդ փորձենք հասկանալ, թե ով է իրավասու ջրաչափը ներկայացնել ստուգաչափման, եւ ով՝ զննման ու նախնական փորձաքննության։ 

ՀՀ ՀԾԿՀ 30.11.2016 թ. թիվ 378-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» կանոններով (այսուհետ՝ ՋՄՕԿ) հաստատված կարգի 54 կետը սահմանում է, որ առեւտրային հաշվառքի սարքի (այսուհետ՝ Ջրաչափի) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման եւ շահագործման (ներառյալ` սպասարկման, ստուգաչափման, նորոգման եւ պահպանման) պատասխանատվությունն` անկախ դրա պատկանելությունից, կրում է Մատակարարը (այսուհետ՝ «Վեոլիա ջուր»)։

ՋՄՕԿ 30-33 կետերով էլ սահմանվում է ջրաչափերի ստուգաչափում իրականացնելու դեպքերը, դրա ֆինանսավորման աղբյուրները, ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ վերահաշվարկի կատարման կարգն ու ժամկետները, ջրաչափն ապահավաքակցելու մասին ծանուցելու ժամկետները եւ այլն։

ՋՄՕԿ 2-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն՝ Ջրաչափի խախտումը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված ջրաչափի առանձին մասի խափանումը կամ վնասումն է, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ ջրաչափի բնականոն աշխատանքի որեւէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա։

Թե՛ ՋՄՕԿ-ով, թե՛ որեւէ այլ իրավակարգավորումներով Ջրաչափերը փորձագիտական եզրակացության ներկայացնելու սահմանափակումներ չկան, ասել է թե՝ բաժանորդն իր նախաձեռնությամբ կարող է անձամբ կամ միջնորդավորված կարգով Ջրաչափը ներկայացնել Չափագիտական մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու ակնկալիքով եւ բնավ էլ պարտավոր չէ ջրաչափը հանձնել «Վեոլիա ջրին», եթե վերջինս ստուգաչափում չի իրականացնելու։

Ամփոփելով վերոգրյալն արձանագրենք, որ «Վեոլիա ջուրը», ՋՄՕԿ-ի համաձայն իրավունք ունի բաժանորդի սեփականություն համարվող ջրաչափը բացառապես ՍՏՈՒԳԱՉԱՓԵԼՈՒ նպատակով տեղափոխել լաբորատորիա, իսկ եթե Չափագիտական մարմնի կողմից անցկացված ստուգաչափման եւ/կամ Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ հաստատվի ջրաչափի խախտում, ապա Վեոլիան իրավունք ունի կատարել վերահաշվարկներ։

Ստացվում է, որ «Վեոլիա ջուրը» ծանուցում է բաժանորդին ջրաչափը ստուգաչափելու մասին, այնուհետեւ ջրաչափը տեղափոխում է լաբորատորիա, ըստ ներկայացվող փաստաթղթերի (հաշվարկների) տեղի է ունենում ջրաչափի ստուգաչափում, կազմվում եւ պահանջի դեպքում տրամադրվում է «ջրաչափերի զննման եւ նախնական փորձաքննության» արձանագրություն, կատարվում է վերահաշվարկ, սակայն որեւէ տեղ չի կազմվում ստուգաչափման արձանագրությունը, որը եւ կասկածի տակ է դնում «Վեոլիա ջրի» կատարած վերահաշվարկների ողջ տրամաբանությունը եւ արժանահավատությունը։ Ավելին, իր այս գործողություններով «Վեոլիա ջուրը» մոլորության մեջ է գցում թե՛ բաժանորդներին, թե՛ պետական կառավարման եւ կարգավորող մարմիններին։ 

Picture 3-1.jpg (96 KB)

Picture 3-2.jpg (105 KB)

Picture 3-3.jpg (119 KB)

Ջրաչափերի ստուգաչափումը գործողությունների ամբողջություն է, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջները («Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-22-Ն) հոդված 2-ի 1-ին մասի 11-րդ կետ): Ջրաչափերի ստուգաչափումն իրականացնում է (հոդված 11-ի 2-րդ մասի 13-րդ կետ) օրենքով սահմանված չափագիտության ազգային մարմինը՝ «Չափագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ՉԱԻ)։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի 2018 թ. փետրվարի 19-ի թիվ 133-Ն հրամանով հաստատված «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման եւ իրականացման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 6-րդ կետի համաձայն՝ ստուգաչափումը լինում է առաջնային, պարտադիր պարբերաբար կատարվող, կրկնակի, ընտրանքային, կամավոր: Քանի որ «Վեոլիա ջուրը» նախաձեռնում է բաժանորդի սեփականությունը հանդիսացող եւ/կամ տեղադրված ջրաչափի ստուգաչափումը, ապա Կարգի 13 կետի 1-ին մասի համաձայն՝ մինչեւ միջստուգաչափական ժամանակահատվածի ավարտը կատարված արտահերթ ստուգաչափումը դա կրկնակի ստուգաչափում է։ 

Կարգի 13-րդ կետի վերջին պարբերությունն էլ սահմանում է, որ կրկնակի ստուգաչափման ժամանակ ստուգաչափումն իրականացնում է տվյալ ջրաչափի տեսակի հաստատման ժամանակ որոշված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան։ Ջրաչափի տեսակի հաստատման ընթացակարգը հաստատվել է էկոնոմիկայի նախարարի 2012 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 1060-Ն հրամանով՝ «Չափման միջոցների փորձարկումների եւ տեսակի հաստատման» կարգով։ 

Ավելի պարզ՝ բաժանորդի տարածքից ապամոնտաժված ջրաչափի ստուգաչափումը պետք է իրականացվի ստուգաչափման մեթոդիկային համարժեք կարգով, այն է՝ հիմք ընդունելով ազգային ստանդարտները, ստանդարտացման կանոնները եւ ուղեցույցները, միջազգային ստանդարտները, տարածաշրջանային, այդ թվում՝ եվրոպական եւ միջպետական ստանդարտները։ Ինչպես ներկայացրել էինք նախորդ հրապարակման մեջ՝ ջրաչափերի ստուգաչափումն իրականացվում է ԳՈՍՏ 8.156-83 եւ ԻՍՕ 4064-2։2014 ստանդարտների համաձայն։

Ստանդարտի համաձայն ստուգաչափումը ենթադրում է՝ 

  • ստուգաչափման նախապատրաստում,
  • ջրաչափերի արտաքին զննում,
  • ծախսի նվազագույն, անվանական, անցումային եւ առավելագույն արժեքների որոշում,
  • ջրաչափի սխալանքի ամրագրում՝ յուրաքանչյուր արժեքի համար,
  • ջրաչափերի հիդրավլիկ ամրության ստուգում,
  • բոլոր գործողությունների մանրամասն արձանագրում,
  • եզրակացության կազմում։

Picture ISO.png (266 KB)

Որպես ամփոփում նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա, եւ (կամ) տրվում է ստուգաչափման վկայական:

«Վեոլիա ջրի» ներկայացրած «ջրաչափերի զննման եւ նախնական փորձաքննության» արձանագրությունները ենթադրաբար վերաբերում են փորձագետի կողմից ջրաչափերի արտաքին զննմանը, սակայն գործընթացային առումով դրանք երբեւէ չեն կարող համարվել լիարժեք ստուգաչափում։

Հետեւաբար, առկախված է մնում այն կարեւոր հարցադրումը, թե ապամոնտաժված եւ  ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ նպատակով «Վեոլիա ջրի» լաբորատորիա տեղափոխված Ջրաչափի համար ինչո՞ւ չեն ներկայացվում ստուգաչափման արձանագրությունն ու ստուգաչափման վկայականը, ընդհանրապես որքանո՞վ են իրավաչափ «Վեոլիա ջրի»  գործողությունները եւ առանց բաժանորդի թույլտվության ու համաձայնության ինչպես է «Վեոլիա ջուր»-ն իրականացնում ուրիշի սեփականություն համարվող ջրաչափի զննումն ու փորձաքննությունը։ 

Ավելացնենք նաեւ, որ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-22-Ն) 2-ի 1-ին մասի 12-րդ կետով սահմանվում է, որ չափման միջոցների փորձաքննությունը դա չափման միջոցների ստուգաչափում է, որն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով։ Ասել է թե՝ «Վեոլիա ջուր»-ը ՉԱԻ հետ համատեղ հաստատելով «ջրաչափերի զննման եւ նախնական փորձաքննության» արձանագրությունները առնվազն գերազանցում է իր լիազորությունները՝ իրեն վերապահելով դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գործառույթները։

Ինչպես եւ նախկինում պարզաբանել էր «Վեոլիա ջրի» հանրային կապերի ծառայության պետը՝ «Վեոլիա ջուրը» ստուգում է միայն ջրաչափերի արտաքին տեսքը: Լիարժեք ստուգման դեպքում մոտ 90%-ի մոտ խախտում հաստատ կարձանագրվի...»։

Սա ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն, որով հաստատվում է, որ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ պատրվակով լաբորատորիա  տեղափոխված ջրաչափերը ենթարկվում են միայն արտաքին զննման։ Հետեւաբար, բոլոր այն վերահաշվարկները, որոնց կցված չեն ստուգաչափման մասին արձանագրությունները (իսկ ստուգաչափման արձանագրություններ գրեթե չկան), կազմվել են ՀՀ օրենսդրությանը անհամապատասխան ու մեր նախաձեռնած դատական գործընթացների արդյունքում ճանաչվելու են ոչ իրավաչափ ու անվավեր։

Մյուս կողմից՝ արտաքին զննման արդյունքում «Վեոլիա ջուրը» կազմելով արձանագրություն, որ ջրաչափի վրա առկա է արտաքին միջամտություն, պետք է հստակ կարողանա ապացուցել  նաեւ արտաքին միջամտության բնույթը, այն է՝ սարքի խախտման մեջ մարդկային գործոնի առկայությունը։ Ավելին, «Վեոլիա ջուրը» պետք է ապացուցի բաժանորդի մեղքը՝ խախտումը կատարելու հարցում, ինպես նաեւ այդ խախտման հետեւանքով համրման սարքի խախտումը, ջրաչափի անթույլատրելի սխալանքի առաջացումը, այսինքն խախտումը պետք է որոշակի ազդեցություն ունենա ջրաչափի աշխատանքի վրա, որպիսին բացառապես հնարավոր կլիներ հասկանալ ջրաչափի ստուգաչափման մասին արձանագրությունից՝ կազմված ՉԱԻ կողմից (կամ մասնակցությամբ)։ 

Ըստ «Վեոլիա ջրի» ամսական հաշվետվությունների՝ 2018 թ. մարտից մինչեւ 2019 թ. մայիս ամիսը կրկնակի ստուգաչափվել են թվով 51 040 հատ ջրաչափ՝ համաձայն կից ներկայացվող աղյուսակի (աղյուսակում առկա թվաբանական սխալները մերը չեն, այն «Վեոլիա ջրի» ձեռագիրն է, երբ հաշվետվություններում ուղղակի նկարվում են թվեր՝ առանց ստուգման- Դ.Գ.), որոնցից 39%-ի կամ 19 306 հատի մոտ հայտնաբերվել է խախտում կամ արտաքին միջամտություն ու այդ հիմքով կատարվել են վերահաշվարկներ։

Ստացվում է, որ «Վեոլիա ջուրը» 15 ամսվա մեջ կատարել է 19 306 հատ վերահաշվարկ։ Այսինքն՝   ամսական վերահաշվարկի մասին ծանուցում են ստանում մոտ 1290 բաժանորդ կամ որ նույնն է՝ օրական 43 բաժանորդ։ Եվ այս ամենը կատարում է ֆրանսիական բարձր հեղինակություն ունեցող ՎԵՈԼԻԱ ԳՐՈՒՊԻ անունից հանդես եկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, որն իր գլխադասային կազմակերպության միջազգային փորձի հաշվին պետք է որ օրինական ու արդյունավետ գործողությունների էտալոն հանդիսանար հայաստանյան շուկայում։ Մինչդեռ հերթական անգամ ապացուցվում է, որ ՎԵՈԼԻԱ ԳՐՈՒՊ-ը Հայաստանում հիմնել է կազմակերպություն՝ նպատակ ունենալով բոլոր առումներով շրջանցել ՀՀ օրենսդրության պահանջները՝ ի շահ սեփականատիրոջ եւ տեղային ինչ-որ խմբերի։

Դավիթ Գասպարյան

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային վերահսկողություն» նախաձեռնության հիմնադիր անդամ 

շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Նաիրա Պողոսյան
՛՛Վեոլիա ջուր՛՛ կոչվածի խարդախությանից բաժին է հասել նաև մեզ;Երբ աշխատակիցները փոխեցին մեր ջրաչափը փոխեցին ես նրանց հարցրեցի ՛՛Ամեն ինչ նորմալ է՛՛,?Աշխատակիցը պատասխանեց ՛՛Իհարկե ,անհանգստանալու կարիք չկա՛՛Նրանց գնալուց երկու ամիս անց գրություն ենք ստանում,որտեղ գրված է,իբր ՛՛արտաքին միջամտություն՛՛ է կատարվել ջրաչափի վրա;Թե ինչ արտաքին միջամտություն կարող է լինել,անհասկանալի է;Կարճ ասած նշվում է ,որ մենք տուգանվեյ ենք 47 000 դրամով;Դիմել ենք նրանց ղեկավարությանը անհիմն տուգանքը վերացնելու պահամջով,բայց ով զարմանք հաջորդ ամիս պարտքը եկավ իբր օգտագործված ջրի դիմաց,այսինքն 47 000 ջրի պարտք,որը իրականում մենք չենք սպառաե;Ֆինանսական խնդիրների պատճառով մենք ի վիճակի չենք դատի տալ մեզ անհարկի խախտման մեջ մեղադրողներին;Մինչև հիմա այդ սուտ պարտքը մնում է անփոփոխ;Չգիտենք ում դիմենք,ուղղակի շատ վիրավորական է երբ,մեղադրում են մի բանի համար,որը մենք չենք արել;Ավելի լավ կլիներ ջրաչափի համար փող ուզեին,քան վիրավորեին մարդկանց անհիմն;
Ջրի մարդ
Վեոլիա ջուր ընկերության այստեսակ գործունեությունը պարզունակ խաբեություն է, հաճախորդին խաբելու ու մոլորեցնելու տարրրեր պարունակող քրեորեն հետապնդելի արարք, որը մասսայական բնույթ է կրում: Այս հրապարակման հիմքով նախաքննության մարմինը վարույթ պետք է հարուցի, քանի որ հոդվածում խոսվում է հազարավոր սպառողներին դիտավորյալ խաբելու, նրանցից դրամ կորզելու, իմա՝ հափշտակելու մասին: Քանի դեռ Գոռ Գրիգորյանի (ընկերության տնօրեն) և մյուսների հետ կապված քրեական գործը, քաղաքական նկատառումներից ելնելով, անեսթեզիյի մեջ է պահվում, Վեոլիա ջուրը, իհարկե, կշարունակի իր ապօրինությունները: Կարմիր կովը կաշին չի փոխում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter