HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական ընկերությունները ԵԱՏՄ-ից կեղծ ապրանքագրեր են «կորզում». հարուցվում են քերական գործեր

2019թ. առաջին 7 ամիսների ընթացքում (հունվար-հուլիս) Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է Հայաստանում ապօրինի ձեռնարկատիրության 126 դեպք, որի արդյունքում կազմվել է 89 վարչական ակտ՝ 47.9 մլն դրամի։ Իսկ մնացածը դեռևս գտնվում են քննության փուլում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրավախախտումների և հանցագործությունների բացահայտման 2019 առաջին թվականի 7 ամիսների ցուցանիշները։

Ըստ նրա՝ այս ընթացքում առանց լիցենզիայի ծանուցման գործունեությամբ զբաղվելու դեպքերը 35-ն են եղել, որոնից 20-ի առնչությամբ կազմվել են վարչական ակտեր՝ 21.5 մլն դրամի չափով։ Եվ առանց փաստաթղթավորման ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերից բացահայտվել են 458-ը, որից 361-ի դեպքով կազմվել են վարչական ակտեր՝ մոտ 306 մլն դրամի չափով. ապրանքների մատակարարումը ներկայացվել է առանց հաշվարկային փաստաթղթերի։ Այս բոլոր դեպքերում խախտվել են Հարկային օրենսգրքի հոդվածները։ 

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ԵԱՏՄ երկրներից դեպի Հայաստան  ապրանքների ներկրման ժամանակ չարաշահումների դեպքեր են բացահայտվել։ Այս ոլորտում տարածված են ապրանքների ձեռքբերման ժամանակ ԵԱՏՄ տարածքում տրամադրվող հաշվարկային փաստաթղթերում ամրագրվող ապրանքների կեղծ արժեքները։

«Սա նշանակում է, որ մեր ներկրողները ԵԱՏՄ տարածքում ապրանքներ ձեռքբերելիս ստացվող հաշվարկային փաստաթղթերում ավելի ցածր են նշում ապրանքների ձեռքբերման արժեքները։ Դա նրանց հնարավորություն է տալիս ներմուծելուց հետո ավելի քիչ հարկեր վճարել»,- նշել է Էդվարդ Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ նման ապրանքների շուկայական արժեքներն են համեմատվում և հետազոտություններ անցկացվում, կատարվում են միջազգային հարցումներ, որոնց արդյունքում բացահայտվում են կեղծարարության դեպքերն ու հարուցվում են քրեական գործեր։

«Բազմաթիվ դեպքերի մասով ուսումնասիրությունները շարունակվում են»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալը։ 

Ներկրողներն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, հիմնականում տեղական ընկերություններ են։ Բայց հաշվարկային փաստաթղթերը տրամադրում են արտասահմանյան ընկերությունները, ինչը, բնականաբար, կատարվում է հայաստանյան ընկերությունների խնդրանքով ու միջամտությամբ։ Այսինքն՝ չի կարող հայկական ընկերությունը տեղյակ չլինել, որ արժեքները իրականից ցածր են նշվում։

Նմանատիպ եղանակներով ապրանքներ ներկրելը, ըստ Էդվարդ Հովհաննիսյանի, տնտեսական մրցակցային խնդիրներ է առաջացնում այդ ներկրողների և օրինապահ ներկրողների նկատմամբ։ Դրանով ստացվում է, որ օրինախախտ ներկրողները ավելի ցածր հարկեր են վճարում և կարող են ապրանքների համար ավելի ցածր գին սահմանել՝ մրցակցային առավելություն ունենալով օրինապահ ներկրողների նկատմամբ, որոնք ցածր գին սահմանելու հնարավորություն չեն ունենում։

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ նման խախտումների դեմ պայքարելու հարցում պետք է շահագրգռված լինի նաև ռուսական կողմը, քանի որ ապրանքների մատակարարները հիմնականում Ռուսաստանից են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter