
Կարմիր խաչը Ադրբեջանում հայտնված ՊԲ զինծառայողին տեսակցելու աշխատանքներ է սկսել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակը աշխատանքներ է սկսել Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացուն այցելելու վերաբերյալ:
«Մենք իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ գտնվում ենք երկկողմանի կոնֆիդենցիալ երկխոսության մեջ տվյալ գործի վերաբերյալ: Մեր մանդատի շրջանակներում ԿՄԽԿ-ն այցելում է կալանավորված անձանց, նրանց կալանավորման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմումքը դիտարկելու, ինչպես նաև ընտանիքի հետ կապերի հաստատման համար աջակցելու»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Իռեն Ալոյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս պահին Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի կա, որի ով լինելն ավելի ուշ կհայտնեն: Ապա Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՊԲ զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը Ֆիզուլու ուղղությամբ հանձնվել է ադրբեջանցիներին:
Տեղեկացնենք նաև, որ խնդրի վերաբերյալ Դիլիջանում լրագրողների հետ զրույցում խոսել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հայտնելով, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում: Նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ըստ իրեն՝ զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է տեղանքում:
Մեկնաբանել