HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ-ը՝ հարկատուների չարաշահումների մասին. ցանկում են նաև «Սանիթեք»-ն ու ապահովագրական ընկերությունները

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այս տարվա առաջին 7 ամիսներին բացահայտել է հարկ վճարողների կողմից բազմաթիվ խախտումների դեպքեր ապօրինի ձեռնարկատիրության, առանց լիցենզիայի գործունեության, առանց փաստաթղթավորման ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերի և այլ իրավախախտումների առնչությամբ։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, չարաշահումների դեպքեր են բացահայտվել նաև ԵԱՏՄ երկրներից դեպի Հայաստան ապրանքների ներկրման ժամանակ։  

Ամփոփել է  իրավախախտումների և հանցագործությունների բացահայտման 2019 թվականի առաջին 7 ամիսների ցուցանիշները։

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը, բացահայտվել են նաև դեպքեր, երբ իրականում նույն սեփականատերերին պատկանող ընկերությունները տրոհվել են մի քանի ընկերությունների՝ ավելի ցածր հարկեր վճարելու նպատակով։  

«Սա նշանակում է, որ հարկ վճարողի կողմից իրականացվող մեկ ընդհանուր տնտեսական գործունեությունը իր կողմից կամ իր ղեկավարմամբ ստեղծվող այլ հարկ վճարողների միջոցով «տրոհվում է» մի քանի ընկերությունների։ Այսինքն՝ մեկ ընդհանուր իրացման շրջանառությունը, որն անխուսափելիորեն կգերազանցի ավելացված արժեքի հարկի շեմը և հարկ վճարողը կդառնա ավելացված արժեքի հարկ վճարող (շրջանառության հարկի դաշտից կտեղափոխվի ԱԱՀ դաշտ, որը ենթադրում է ավելի բարձր հարկեր)։ Վերջինիս կողմից ստեղծված տարբեր հարկ վճարողների միջոցով նշված հարկ վճարողի շրջանառությունը տրոհվում է մի քանի մասի և հարկ վճարողը հնարավորություն է ունենում ստեղված մյուս հարկ վճարողների միջոցով ավելի քիչ հարկերով մնալ շրջանառության հարկի դաշտում։ Այնինչ, դա ընդհանուր մեկ անձին պատկանող ընկերություն է, որը գերազանցում է ավելացված արժեքի հարկի շեմը։ Դա գերազանցելուց հետո հարկ վճարողը պետք է ԱԱՀ վճարի, ոչ թե՝ շրջանառության հարկ»,- բացատրել է ՊԵԿ նախագահի տեղակալը։ 

Ըստ նրա՝ այս դեպքերում բացահայտվում են հարկ վճարողների փոխկապակցված լինելու փաստերը, իրական շահառուները, հաշվարկվում են չկատարված հարկային պարտավորությունների նախնական չափերը։ Այս դեպքերով նաև քերական գործեր են հարուցվել, որոնց մի քանիսի մասով պետական բյուջե են վերականգնվել որոշակի չափով հարկեր։

«Հարկ վճարողները ընդունել են, որ իրենց գործունեությունը միտված է եղել բիզնեսի տրոհմանը, նրանք տարանջատել են իրենց բիզնեսը հատուկ հարկերից խուսափելու նպատակով։ Հետագայում ներկայացրել են ճշգրտված հաշվարկները և պետական բյուջե են վերականգնվել համապատասխան հարկերը»,- ասել է Էդվարդ Հովհաննիսյանը։ 

Հարկային պլանավորման չարաշահումները

Բացահայտվել են նաև դեպքեր, երբ որոշ հարկ վճարողները, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, ուրիշ այլ հարկ վճարողների հետ կատարում են ձևական գործարքներ և վերջիններիս կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա հիմնական ընկերությունը հնարավորություն է ստանում իր իրացման շրջանառությունից նվազեցնել ստացված ծառայությունների կամ աշխատանքների արժեքը։ Սրա արդյունքում հարկ վճարողը կրճատում է հարկվող եկամուտը և հետևաբար նաև՝ շահութահարկը։

«Օրինակ՝ գործատուի և վարձու աշխատողի միջև հարաբերությունները հետագայում վերափոխվում են գործատուի և հարկ վճարողի միջև հարաբերությունների։ Այսինքն՝ վարձու աշխատողը գործատուի ցուցումով դառնում է հարկ վճարող՝ գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր։ Շարունակում է կատարել նույն աշխատանքը։ Սակայն, մայր ընկերությանը՝ գործատուին, դուրս է գրում  հաշվարկային փաստաթղթեր։ Սա գործատուին հնարավորություն է տալիս հաշվարկային փաստաթղթերում ամրագրել ստացված ծառայությունների կամ աշխատանքների արժեքը, ծախսագրել, կատարել շահութահարկից նվազեցումներ, իսկ հարկ վճարողի՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն արդեն հարկվում է շրջանառության հարկով։ Հարկերի մասով դրական տարբերություն է ստացվում՝ հօգուտ հարկ վճարողի։ Սա մենք գնահատում ենք ոչ թե որպես հարկերի օպտիմալացում, այլ՝ իրավունքի չարաշահում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ նման դեպքերով ևս քրեական գործեր են հարուցվել։

Ապահովագրական ընկերությունները խուսափել են հարկերից, հարուցվել են քրգործեր

2018 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների նկատմամբ, բացառությամբ՝ մեկի, հարուցվել են քրեական գործեր։ Արձանագրված խախտումները վերաբերել են ապահովագրական միջնորդի ծառայությունների մասով կատարված ծախսագրումներին։ ՊԵԿ-ի պարզաբանմամբ՝ այստեղ նույնպես ապահովագրական ընկերությունների կողմից ստեղծված և ղեկավարված հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթեր են դուրս գրվել, որոնց թույլ են տվել ապահովագրական ընկերություններին ավելացնել ծախսային մասն ու ավելի քիչ հարկեր վճարել։

«Նշված քրեական գործերով ունենք մոտ 138 մլն դրամի հարկերի վերականգնում։ Նշանակված ստուգումների արդյունքում որոշ ապահովագրական ընկերություններ, դրսևորելով պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, ինքնություն, հարկային մարմին են ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ և վճարել պակաս հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչպես նաև՝ բավականին մեծ չափով կրճատել հարկային վնասները»,- նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը։

«Սանիթեք»-ը ևս խուսափել է հարկերից

Պետական եկամուտների կոմիտեն հարկերի խուսափելու դեպքեր է հայտնաբերել նաև«Սանիթեք» ընկերությունում։ Ըստ կոմիտեի՝ «Սանիթեք»-ը Երևանում աղբահանությունն իրականացրել է երկու ընկերությունների միջոցով՝ «Սանիթեք» ՍՊԸ և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի միջոցով։ Երկրորդի գործունեությունը ՊԵԿ-ը համարում է անօրինական և միտված ավելի քիչ հարկ վճարելուն։

Երևանի քաղաքապետարանի հետ կնքվել է ծառայությունների գնման պայմանագիր։ Ի սկզբանե «Սանիթեք»-ը հանդիսացել է ավելացված արժեքի հարկ վճարող, բայց հետագայում ընկերությունը գտել է, որ իր գործունեության մի մասը՝ աղբի տեղափոխումը, կարող է դիտարկել հաստտատագրված վճարների մասին օրենքով նախատեսված բեռնափոխադրման հասկացության ներքո։ Այսինքն՝ հարկման առումով ՍՊ ընկերությունը և մասնաճյուղը ծառայությունները տրոհել են երկու մասի, որոնցից սանիտարական մաքրման, այլ օժանդակ ծառայությունների մասով հաշվարկել են ԱԱՀ, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունների մասով, համարելով որպես բեռնափոխադրում, իրենց համարել են հաստատագրված վճար վճարող: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ ընկերության գործունեության այդ երկրորդ մասը չի կարող դիտարկվել որպես հաստատագրված հարկ վճարողի գործունեություն, այն չի կարող որակվել որպես բեռնափոխադրում.

«Ներկայումս նշանակված են համալիր ստուգումներ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը նաև չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել բնապահպանական վճարները և բնօգտագործման վճարները, որի կապակցությամբ գրություն է ուղարկվել համապատասխան տեսչական մարմին ստուգում իրականցնելու նպատակով»,- տեղեկացրել է Էդուարդ Հովհաննիսյանը։

«Սանիթեք»-ի առնչությամբ քրեական գործի մասով հավելյալ տեղեկությունն է հրապարկվել ՊԵԿ-ի պաշտոնական կայքում, ըստ որի՝ կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել մոտ 300 մլն դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ»  հայաստանյան մասնաճյուղը` 280.4 մլն դրամ ԱԱՀ: Հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter