Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ հայկական կողմն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ է հյուրընկալում մրցույթի մասնակիցներին, ինչի շնորհիվ ընդլայնվել է մրցույթի աշխարհագրությունը:
«Նախորդ տարվա հետ համեմատած՝ ակնառու է մասնակից թիմերի ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության զգալի աճը: Եվ հատկապես այդ համատեքստում ուրախալի է հայկական թիմի հաղթանակը: Սա Հայաստանի զինված ուժերի առաջին հաղթանակն է տվյալ մրցույթում, նաև միջազգային բանակային խաղերի շրջանակում» -ընդգծել է Դավիթ Տոնոյանը:
Ըստ հաղորդագրության՝ մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը Հայաստանի զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում Ռուսաստանի թիմից սերժանտ Լիլիա Դաուտովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց մեջ առաջին տեղում Ռուսաստանից լեյտենանտ Միխայիլ Իվանովն է, երկրորդ տեղում՝ հայ զինծառայող, լեյտենանտ Հայկ Գրիգորյանը, երրորդ տեղում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավագ լեյտենանտ Մազիար Հեյդարին:
Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ղազախստանի զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: Մրցույթում լավագույն արդյունքներն է ցույց տվել և հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել