HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ադրբեջանից բռնագաղթած, Երևանում բնակվող բոլոր փախստականներին ապահովել բնակարանով. նոր նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է բնակարանով ապահովել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված, Երևանում բնակվող բոլոր ընտանիքներին։ 

Առաջին փուլում նախատեսվում է ընդգրկել Երևանի 5 վարչական շրջանների 108 ընտանիքներ, մյուս ընտանիքները բնակարանվ կապահովվեն հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:

Ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսվում է ընդգրկել նաև մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն տեղահանված փախստական ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նման առաջարկություններ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ 2019թ. մարտ-ապրիլ ամիսների հաշվարկների՝ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը՝ Երևանում, իսկ 1519-ը՝ մարզերում: 

Նախարարությունը հայտնել է, որ 2005 թվականից պետական բյուջեի հաշվին 1065 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագրեր: Սակայն 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել:

Ըստ 2013թ. իրականացված հաշվառման տվյալների՝ առաջնահերթ ծրագրի շրջանակներում 895 ընտանիքներ, որոնցից 641-ը՝ Երևանում և 254-ը՝ մարզերում, համարվում են առաջնահերթ կարիքավորներ:

«Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է»,-ընդգծելէ նախարարությունը։

Մասնավորապես՝ առաջին փուլում բնակարանով կապահովեն նաև մասնավոր սեփականություն հանդիսացող «Սեբաստիա», «Նաիրի» հյուրանոցներում, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարաններում բնակվողները։ Նախարարության հաղորդմամբ՝ նրանք այնտեղ են բնակվում անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են:

Նշենք, որ 2009 թվականից մինչև օրս որպես դրամաշնորհ պետական բյուջեից փախստականների սոցիալական խնդիրների լուծման նպատակով տարեկան ֆինանսական միջոցներ են հատկացվում «Նաիրի» հյուրանոցին, որին պատկանող շենքում բնակվում են փախստականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter