HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Արկածային տուրիզմը Հայաստանում

Արկածային տուրիզմի տեսակներից, օրինակ, Canyoning-ի, Slack lining-ի, Rock climbing-ի, Rope jumping-ի անվանումները բացատրության ու երբեմն նաեւ նկարագրության անհրաժեշտություն ունեն, բայց նույնն էր պատմությունը նաեւ զիփլայնի դեպքում։ «Ի՞նչ է զիփլայնը» հարցը շատ արդիական էր մի քանի տարի առաջ, իսկ հիմա հայերի մեծ մասն արդեն ունի զիփլայնինգի ակտիվ փորձառություն ու հենց բառն էլ ակտիվ բառապաշարում է։ Վերջին երեք տարիների ընթացքում լայն տարածում գտավ նաև ռաֆտինգն, ու Դեբեդ գետը դարձավ էքստրիմի սիրահարների մշտական այցելության վայր։  

Դե իսկ հիմա արդեն Rock climbing-ի՝ ժայռամագլցման փորձառությունը մարդկանց փոխանցելու եւ ակտիվ ժամանց ապահովելու համար Գոհար Բարսեղյանն ու Լուկա Քեուշգուերյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ժայռամագլցման միջոցառում էին կազմակերպել։ 

Գոհարը բնակվում է ԱՄՆ-ում, բայց ամառներն անցկացնում է Քաղսիում գտնվող իր մեծ հողամասով փոքրիկ տանը, որն անվանել է «Tunik-Bunik»։ Տունը կառուցել է Գոհարի պապիկը, եւ քանի որ վերջինս եղել է կոշկակար ու մասնագիտության շնորհիվ պատերազմի ժամանակ փրկվել է, Գոհարը որոշել է, որ տունը պետք է դառնա գյուղի մարդկանց արհեստներ կամ արվեստներ սովորեցնելու տեղ, ինչպես նաեւ` հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու ու գյուղն ավելի ակտիվացնելու միջոց։ 

Գոհարը միշտ պատրաստ է նոր համագործակցության ու արկածների։ Դա էլ հիմնական պատճառն էր Լուկայի հետ միասին տարածքը ժայռամագլցման նպատակով օգտագործելու ու նոր մարդկանց՝ հատկապես սպորտաձևով հետաքրքրվողներին գյուղ բերելու համար։ 

Լուկան ժայռամագլցման պրոֆեսիոնալ ուղեկցորդ է։ Երեք ամիս առաջ է ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան։ ԱՄՆ-ում սովորել է «outdoor education», երկար ժամանակ աշխատել է իր ոլորտում, բազմաթիվ վկայագրեր ստացել, բայց որոշել է վերադառնալ Հայաստան, որովհետեւ ժայռամագլցումը սկսել ու սիրել է հենց Հայաստանում՝ 2009 թվականին, երբ այստեղ ընդամենը մի քանի ժայռամագլցորդ կար։ 

Լուկան հիմնել է Redpoint Adventures-ն ու փորձում է միավորել բոլոր շահագրգիռ կողմերին՝ Հայաստանում ժայռամագլցումն ակտիվացնելու եւ ժայռամագլցողների համայնք (community) ձևավորելու համար։ Բոլոր հետաքրքրվողների համար Լուկան նախ տեղեկատվական  ճամփորդություներ կամ հանդիպումներ է կազմակերպում՝ պատմությանը, զարգացմանը ծանոթացնելու ու սպասվող փորձառությանը նախապատրաստելու համար։ Դրան հաջորդում են դասընթացներ, որոնցից հետո մարդիկ կարող են զբաղվել ժայռամագլցմամբ առանց իր ուղեկցության։  Ինպես նշում է Լուկան, սա նաեւ հետաքրքիր team-building-ի տարբերակ է ընկերությունների աշխատակիցների համար, որի ժամանակ թիմակիցը պահում է պարանը, որով բարձրանում է գործընկերը՝ վստահություն, բալանս ու թիմային աշխատանք։ 

«ԱՄՆ-ում ժայռամագլցումը սկսել է զարգանալ 1920-30-ական թվականներից, իսկ Հայաստանում՝ վերջին 30-40 տարիների ընթացքում։ Հայաստանում կան այն զարգացնելու հսկայական ռեսուրսներ, սակայն չկան համապատասխան ենթակառուցվածքներ ու դեռ քչերն են հետաքրքրված նոր արահետների կառուցմամբ։ Երբեմն եվրոպացի ժայռամագլցորդներն են գալիս Հայաստան ու ինչ-որ արահետներ մշակում, բայց պետք է տեղացիներին ավելի շատ ներգրավել այդ գործընթացներում»,-ասում է Լուկան ու ավելացնում, որ զարգացմանը նախ կնպաստեն մագլցման համար նախատեսված սրահների կառուցումը (climbing gym)։ Նրա կարծիքով` փակ ու ավելի ապահով վայրերում մագլցել սկսելը կարող է դառնալ լավ «պատճառ» սպորտաձեւով լուրջ զբաղվելու համար։ 

Քաղսիում ժայռամագլցումն իրականացնելու համար Լուկային օգնում էին Scream of soul թիմի անդամները։ Թիմի հիմնադիրը՝ Դանիել Արությունովը նշում է, որ արդեն 5 տարի է զբաղվում են Հայաստանում արկածային տուրիզմի ու էքստրեմալ սպորտաձեւերի զարգացմամբ ու տարածմամբ։ Հիմնական չորս ուղղություններն են. Rock climbing՝ ժայռամագլցում, Rope jumping՝ ազատ անկում պարանով, Slack lining՝ բարձրության վրա կապված ժապավենների վրայով քայլ ու Canyoning՝ կիրճագնացություն, երբ մագլցելով, լողալով, ցատկելով հաղթահարում են կիրճում գտնվող քարանձավները, այրերն ու հատուկ հագուստով անցնում բարձր ժայռերից թափվող ջրերի միջով։ 

Scream of soul թիմն արդեն 3 տարի է, ինչ Դժոխքի ձորում կազմակերպում է «Slacklife» փառատոնը, որն ունենում է 300-400 մասնակից՝ տարբեր երկրներից։ Փառատոնի երկու օրերի ընթացքում էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները մի վայրում հնարավորություն են ունենում տեղեկություն ստանալ ալպինիզմի, մագլցման, արշավների մասին, ինչպես նաև մասնակցում են ժայռամագլցման, կիրճագնացության և մնացած հնարավոր բոլոր փորձություններին։ Դանիելի խոսքով` Հայաստանում արկածային զբոսաշրջությանը նպաստող տարածքներ շատ կան, հատկապես` Տավուշում, Սյունիքում ու Վայոց ձորում։ 

«Հետաքրքիր է, որ մեր թիմին դիմող մարդկանց 80%-ը կանայք են։ Հատկապես Rope jumping-ի դեպքում աղջիկներն ավելի համարձակ են ու, ի տարբերություն տղաների, ժամանակ չի պահանջվում համոզելու կամ նախապատրաստելու համար։ Տղաներն այդ հարցում ավելի համառ են՝ եթե որոշել են, որ չեն ցատկելու, ուրեմն չեն ցատկելու, սակայն Canyoning-ի դեպքում տղաները աղջիկներին չեն զիջում։ Նման սպորտաձևերով կամ ժամանցային միջոցառումներով հետաքրքրվում են հիմնականում սպասարկման կամ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները։ Շատ են զբոսաշրջիկները»,-աում է Դանիելը։ Նրա խոսքով՝ թիմն ամեն ինչ անում է ոլորտը Հայաստանում զարգացնելու, ավելի շատ մարդկանց ներգրավելու, հետևաբար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և տարբեր երկրներից մարդկանց Հայաստան բերելու համար։ 

Մեկնաբանություններ (1)

Arsen
Ժամանակին Երևանում կար climbing gym, բայց վնասով աշխատեց ու փակվեց։ Դրսից եկողներն իրենց ամենագետի տեղ են դնում, կարծես ունեն բոլոր հարցերի պատասխանները, բաց իրականում շփոթում են հայաստանյան ու դրսի իրականությունները։ 35% գործազուրկ և 60% աղքատության պայմաններում էքստրեմալ տուրիզմը կմնա զբոսաշրջիկների զվարճալիք ընդհամենը։ Մեկ էլ, Քաղսիի ճանապարհը խայտառակ վիճակում էր մի 2 տարին առաջ, հուսով եմ վերանորոգել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter