
«Թեղուտ» ՓԲԸ-ն պոչամբարի պատվարի նոր ուսումնասիրություն է պատվիրել
«Թեղուտ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ 2019 թվականի սեպտեմբերին նախատեսում է պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել, այդ թվում` պատվարի կայունության հետազոտություն:
Հիշեցնենք, որ ամերիկյան Global Resource Engineering ընկերության գլխավոր ինժեներ Դավիդ Հալմանը, որն իրականացրել էր Թեղուտի պոչամբարի ուսումնասիրությունը, հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրի վերագործարկման դեպքում պոչամբարի պատվարը 6 ամիս էլ չի դիմանա:
Ստորեւ` ընկերության հաղորդագրությունը.
«Կրկին իրազեկում ենք, որ ս.թ. հունիսի 18-ին ընկերությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է բացահանքի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո վերսկսվել է հանքի շահագործումը, իսկ ս.թ. հուլիսի 8-ին՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները, ինչից հետո պատշաճ կերպով վերսկսվել են նաև հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները:
Տեղեկացնում ենք նաև, որ այս պահն պոչամբարը գտնվում է կայուն վիճակում, ինչը փաստում են Global Resource Engineering (GRE) և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև «Մեխանոբր Ինջինիրինգ» (Механобр Инжиниринг) ընկերության կողմից 2018թ. իրականացված Թեղուտի պատվարի կայունության հետազոտության և Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի 2017թ.-ին հրապարաված հաշվետվությունների պատշաճ վերլուծությունները, ինչը ներկայացվել է հանրության ուշադրությանը Թեղուտ ՓԲԸ կողմից ս.թ. օգոստոսի 1-ին տրված հայտարարությամբ:
Այնուամենայնիվ, հանրությանը հնարավոր սաբոտաժի (սադրանքների) ենթարկելու ցանկացած փորձ փարատելու նպատակով Թեղուտ ՓԲԸ նոր ղեկավարությունը՝ որդեգրելով բարեխիղճ տնտեսվարման քաղաքականություն, պայմանագիր է ստորագրել միջազգային հեղինակավոր ընկերության հետ՝ պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:
2019 թվականի սեպտեմբեր ամսից սկսած 3 ամիսների ընթացքում նախատեսվում է իրականացնել հորատման և լաբորատոր-անալիտիկ աշխատանքներ, իսկ հետագա 3-4 ամիսների ընթացքում իրականացնել պատվարի կայունության հետազոտություն՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում:
2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Թեղուտ ՓԲԸ կտրամադրվի ուսումնասիրություններն իրականացնող միջազգային ընկերության փորձագիտական ամբողջական եզրակացությունը, իսկ մինչ այդ բոլոր չարախոսներին հորդորում ենք զերծ մնալ դատարկաբանություններից և այդ ջանքերն ուղղել հանրօգուտ և պետականաստեղծ գործերի իրականացմանը:
Արդյունքների վերաբերյալ կիրազեկենք հաջորդիվ»:
Մեկնաբանել