«Ես չեմ հավատում, որ պատվարը դիմանա 6 ամիս». միջազգային փորձագետը` Թեղուտի պոչամբարի մասին
Դավիդ Հալմանը (David Hallman) երկրաբան-ինժեներ է: Նա ամերիկյան Global Resource Engineering ընկերության կողմից Թեղուտի պոչամբարի ուսումնասիրությունների իրականացման գլխավոր ինժեներն է եղել: Վերջինս համաձայնել է պատասխանել «Հետք»-ի հարցերին և մտահոգություններ հայտնել Թեղուտի հանքավայրի վերագործարկման շուրջ:
Կոնկրետ ե՞րբ եք իրականացրել Թեղուտի պոչամբարի ուսումնասիրություն: Ո՞ւմ կողմից էր այն նախաձեռնվել:
2017թ. փետրվարին Թեղուտի հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների համար կատարած մեր այցելության արդյունքում, Global Resource Engineering Ltd-ն (GRE) խորհուրդ տվեց, որ Թեղուտի պոչամբարի մանրակրկիտ և երկրաբանական վերանայում և գնահատում իրականացվի, որը հետագայում «Վալլեքս»-ն արտոնեց: Տարածքի զննությունը տեղի ունեցավ 2017թ. մայիսի 12-ից մինչև 17-ը՝ իմ և Global Resource Engineering Ltd-ի ավագ երկրաբան-ինժեներ պրն. Լուիս Քուիրինդոնգոյի (Luis Quirindongo) կողմից: Տարածք այցելության նպատակն էր GRE-ի երկրաբանական թիմի ավագ անդամներին ծանոթացնել տարածքի և պոչամբարի պայմաններին, պոչամբարի նախագծին, կառուցմանը և շահագործմանը՝ բարձրացնելու կառույցի և դրա ընթացիկ վիճակի մասին GRE-ի տեխնիկական իրազեկվածությունը, ինչպես նաև ավելի լավ սահմանելու հաջորդ գեոտեխնիկական հետազոտությունները պոչանքների բնութագրման և մոնիտորինգային ծրագրի իրականացման նպատակով: Դրանից բացի, մայիսի 18-ին ես և պրն Քուրինդոնգոն Երևանում հանդիպեցինք Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Ավետիս Առաքելյանի հետ՝ կապված Թեղուտի հանքավայրի տարածքի հիմնական հնարավորությունների և պոտենցիալ սեյսմիկ վտանգների հետ:
2017թ. մայիսին տեղազննությանը հետևած՝ GRE-ի տրամադրած խորհրդատվական առաջարկությունների արդյունքում՝ «Վալլեքս» ընկերությունը GRE-ին հանձնարարեց իրականացնել մանրազնին երկրաբանական հետազոտություն և գործիքավորման ծրագիր՝ գնահատելու տեղակայված պոչերի իրավիճակը:
Աշխատանքներն իրականացվել են 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ստացված արդյունքները և նախնական վերլուծությունը ցույց տվեցին, որ պոչամբարն ակնհայտորեն վտանգավոր է: Ավելի ուշ «Վալլեքս»-ն իրականացրեց ֆրեզային և պոչանքների օգտահանման աշխատանքներ սպասման ռեժիմում՝ սկսած 2018թ. հունվարի 11-ից մինչև պոչամբարի կայունությունն ավելի կհստակեցվեր և պոչանքների օգտահանման ապագան կորոշվեր:
GRE-ի երկրաբանական հետազոտությունները Թեղուտում արդյունավետ ավարտվեցին 2018թ. ապրիլի 12-ին երկրաբանական գնահատման վերջնական զեկույցով, որի պատճենը ձեզ է տրամադրվում:
«Վալլեքս»-ը նաև պատվիրեց երկրորդ, պոչանքների երկրաբանական տեխնիկական տվյալների տեխնիկական անկախ գնահատում, այս անգամ՝ ավստրալական ATC Wiliams-ին, որպեսզի վերջինս տրամադրի երկրորդ կարծիք որակավորված ինժեներների կողմից: Այս ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են 2018թ. ապրիլ ամսվա տեխնիկական զեկույցում, որը տվել է նույն եզրակացությունը, որ պոչամբարը չափազանց վտանգավոր է:
Ինչպե՞ս կբնութագրեք Թեղուտի պոչամբարի վիճակը, որո՞նք են իրական վտանգները, որ հայտնաբերեցիք ձեր ուսումնասիրությունների ընթացքում:
Պոչամբարների նախագծման 30-ամյա իմ փորձառության ընթացքում ես երբևէ չեմ հանդիպել առավել վտանգավոր իրավիճակի: Երկրաբանական տվյալները և վերլուծությունները ցույց տվեցին, որ պոչամբարը չի համապատասխանում ընդունված միջազգային, ինչպես նաև նախագծման համար սահմանված չափանիշներին: Պատվարը վտանգավոր է ինչպես կայուն, այնպես էլ երկրաշարժի ժամանակ: Պատվարի հնարավորությունները նախատեսված էին 200 մետր ամբողջությամբ չորացված ավազանի համար, երբ այն հասավ ընթացիկ բարձրության: Բացի դրանից, պոչանքները կազմված են մեծ մասամբ տիղմից և կավային մասնիկներից, որոնք չեն հոսում/ցամաքում: Ավելին, պոչմաբարի պատվարի երեսից հոսող ջուր կար: Սա մարգինալ կայունության վիճակի բերեց, և GRE-ն շատ վտանգավոր համարեց պատվարն է´լ ավելի բարձրացնելը և այդ օբյեկտի շահագործումը:
Քանի որ կառույցը չի շահագործվել 1,5 տարի, որոշակի բարելավում կդիտարկվի ջրահեռացման կամ պատվարի հետևում պոչերի զանգվածի սեղմման պարագայում: Որպես այդպիսին, հավանական է, որ կառույցը կարողանա աշխատել` որոշ ժամանակահատված փոքր խնդիրներ առաջացնելով: Այնուամենայնիվ, ավելացնելով ճնշումը ներկայում գոյություն ունեցող պատվարի վրա՝ այն բարձրացնելով, բարձրացնելով ջրի մակարդակը պոչամբարի ներսում կամ բարձրացնելով պոչերի քանակը` վերսկսելով շահագործումը, պարզապես կառաջացնի պոչամբարի փլուզում: Արտադրողականության ծավալը կլինի տարեկան 8, թե 6 մլն/տ ( ինչպես հայտնել են), էական չէ: Ես չեմ հավատում, որ պատվարը դիմանա 6 ամիս, նույնիսկ 6 մլն/ տոննայից պակաս արտադրողականության պարագայում, և ես կզարմանամ, որ այն գոյատևի մինչև մեկ տարի:
Պոչամբարների փլուզման վերջին դեպքերը Կանադայում (Mt. Polley, 2014) և Բրազիլիայում (Bento Rodrigues, 2015 and Brumadinho, 2019) տեղի են ունեցել պարզագույն ծանրաբեռնվածության հետևանքով:
Ինչ վերաբերում է երկրաշարժի ժամանակ կայունությանը, փլուզումը կանխատեսված է միջին մագնիտուդի երկրաշարժի ժամանակ, որը բերում է գրունտի սրընթաց տեղաշարժմանը, և այն պոչամբարի տարածքում 7-8 % (0.07 - 0.08 գ ) ձգողականություն ունի: Գրունտի շարժի այս մակարդակը, ըստ արված գնահատականի, ունի վերադարձի ժամանակաշրջան, մոտավորապես՝ 75-ից 100 տարի կտրվածքով, կամ տարեկան բարձրացման հնարավորություն 1.0-1.3 %, և համեմատվում է 0,20 գ-ի հետ, որն ընդունվել էր որպես հիմք նախագծման ժամանակ:
1988թ. Սպիտակի 7,1 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժի կրկնությունը, որի էպիկենտրոնը Թեղուտից 55 կմ դեպի հարավ-արևմուտք էր, հավանական է, որ բավարար լինի կառույցի փլուզման համար:
Պատվարի աղետալի փլուզումը կհանգեցնի պոչերի և ջրի զգալի կորստի, որը կարտահոսի դեպի ներքև: Մի քանի պոչամբարների փլուզման վերջին դեպքերը մռայլ օրինակներ են այն բանի, թե ինչ է պատահում, երբ փլուզումն, այնուամենայնիվ, տեղի է ունենում:
- 2015թ. հարավային Բրազիլիայում՝ Սամարկոյի Fundão պոչամբարն ավիրեց Բենտո Ռոդրիգուս (Bento Rodrigues) գյուղը՝ խլելով 19 մարդու կյանք և ամայացնելով գետի կենսաբազմազանությունը 620 կմ երկայնքով: Պոչամբարի փլուզման հետևանքով առաջացած պոչերի և ջրի արտահոսքի ականատեսի տեսանկարահանումը հասանելի է համացանցում:
- 2019թ. Բրումադինոյի պոչամբարի փլուզումը Córrego do Feijão հանքավայրում սպանեց 206 մարդու: Փլուզման տեսանկարահանումը նույնպես հասանելի է: Կարևոր է շեշտել, որ Բրումադինոյի պոչամբարը չէր գործում փլուզումից առաջ` ավելի քան 2 տարի:
«Վալլեքս»-ին տրամադրված՝ GRE-ի առաջարկությունների մի մասը ներառում էր նաև պատվարի փլուզման ուսումնասիրություն, որը կհետազոտեր պատվարից ներքև ընկած տարածքները, որոնք հեղեղի տակ մնալու պոտենցիալ ռիսկի են ենթարկվում, և մշակել գործողությունների ծրագիր արտակարգ իրավիճակի դեպքում: Այդուհանդերձ, մինչ հանքավայրի աշխատանքների դադարեցումն այս ամենը չիրականացավ:
Դուք տեղեկացրե՞լ եք այս վտանգների մասին Հայաստանի կառավարությանը: Եթե այո, ապա ի՞նչ արձագանք եք ստացել:
Պոչամբարի վերաբերյալ GRE-ի զեկույցը 2018թ. հուլիսին «Վալլեքս»-ը տրամադրել է ՀՀ բնապահպանության և տնտեսական զարգացման նախարարություններին: Որևէ մեկը կառավարությունից, «ՎՏԲ-բանկ»-ից, ռուսական պղնձի ընկերությունից, բուլղարացի ինժեներներից GRE-ի կամ ինձ հետ կապ չեն հաստատել:
2018թ. մարտին մենք հանդիպեցինք միջազգային հանքարդյունաբերության ոլորտի խորհրդատվական կազմակերպության Մեծ Բրիտանիայի գրասենյակի ներկայացուցչի, պոչամբարների ավագ ինժեներ Ստեֆեն Ռոբերթսոնի և Քրիստենի (Steffen Robertson and Kirsten) հետ, որը «ՎՏԲ»-ի անունից վերանայում էր GRE-ի զեկույցը: Ցավոք, նրա զեկույցն այդպես էլ չհրապարակվեց: Այդ հանդիպումից GRE-ն հասկացավ, որ նա նույնպես համաձայնեց մեր եզրակացության հետ, որ պոչամբարը վտանգավոր է:
Ըստ Ձեզ՝ ո՞րն է Թեղուտի պոչամբարի լուծումը: Կարո՞ղ է Թեղուտի հանքավայրը գործել որևէ կերպ:
Ինչ անել ներկայիս պատվարի հետ. այս խնդիրն այդպես էլ չլուծվեց: Մենք այլընտրանքային գնահատումներ էինք կատարում «Վալլեքս»-ի համար, երբ «ՎՏԲ»-ն տիրացավ հանքավայրին: Այս պահին մենք չգիտենք, թե ինչպես է պահպանվել կառույցը 2018թ. հունվարից՝ շահագործման դադարից հետո, հատկապես որքան դրենաժային ջրեր և ջրի մակարդակի իջեցում է եղել պատվարից ներս: Հանքավայրը կարող է շահագործվել, սակայն նոր պոչամբարով, որն այլ մոտեցում կորդեգրի: GRE-ն գտել էր նոր տարածք, որը տեղակայված էր գոյություն ունեցող պոչամբարի վերին հատվածում, որը հարմար կլիներ նոր պոչամբարի համար՝ կառուցվելու առավել կայուն, օգտագործելով այլընտրանքային՝ «կենտրոնական» կամ «հոսանքն ի վար» մոտեցմամբ: Նոր՝ «մեկնարկային» պոչամբարը թույլ կտա կուտակել պոչանքները և կարող է կառուցվել ընդամենը 3-6 ամսվա ընթացքում: Իսկ մինչ այդ գոյություն ունեցող պոչամբարը կարող է ուսումնասիրվել և վերջնականապես կայունացվել:
Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ վտանգները վերացնելու և պոչմաբարը կայունացնելու համար:
Ինչպես արդեն նշեցի, «ՎՏԲ»-ն տիրացավ Թեղուտի հանքավայրին մինչ կայունացման նախագիծը կմշակվեր և պոչամբարը կվերագործարկվեր: Այնուամենայնիվ, պատվարի կայունացումը կլիներ դանդաղ և թանկ գործընթաց, հավանաբար կարժենար մոտ 10 մլն դոլարի չափ: Այդ աշխատանքները կարող էին արվել հանքարդյունահանմանը զուգընթաց, եթե նոր պոչամբար կառուցվեր՝ այդպիսով ապահովելով հենարանի համար պոտենցիալ աղբյուր, ավտոպարկ, աշխատուժ և գոյություն ունեցող պոչամբարը կայունացնելու կապիտալ:
Կարդացեք նաև՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել