HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչը դիմել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը գրություն է ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատական նիստի ընթացքում տեղեկացրեց Հայկուհի Հարությունյանը:

Փաստաբանը մասնավորապես խնդրել է հայտնել, թե արդյոք հանձնաժողովը քննության առարկա դարձնելու՞ է Յուրի Խաչատուրովի մասնակցությունը ապրիլյան ռազմական գործողություններին։

Նշենք, որ Ա1+-ին տված հարցազրույցներից մեկում Ստեփան Գրիգորյանն ասել է հետևյալը.

«Խաչատուրովի դեպքում, ես համոզված եմ, պետք է ստուգել ոչ միայն մարտի դեպքին իր դերը, դերակատարությունը, այլ պետք է ստուգել ապրիլի պատերազմին իր մասնակցությունը 2016 թվականին: Ես բազմիցս ասել եմ՝ զարմանալի է ինձ համար, որ մեր մի քանի գեներալներ կամ չեն եղել իրենց տեղում, երբ որ պատերազմ էր, չգիտեմ տարբեր տեղերում են եղել և արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակները, ու երկրորդը՝ ես առաջարկել եմ ստուգել այդ գեներալների և հարազատների հաշիվները մինչև պատերազմը ապրիլյան և անմիջապես հետո, քանի որ տարածքները ձրի չեն հանձնվում: Իրենք ոչ միամիտ են, ոչ էլ մենք ենք միամիտ: Տարածքներ հանձնելը լուրջ բան է, բոլորին պետք է ստուգես: Խաչատուրովի հետ ուսումնասիրությունը ես առաջարկել եմ ԱԱԾ-ին բաց հրապարակային և հիմա էլ առաջարկում եմ. ստուգեք իրա հաշիվները ու հարազատների հաշիվները վերջին ժամանակների հետ կապված, քանի որ միամիտ չկա: Հասկանո՞ւմ եք, թող չմտածեն՝ մենք իդիոտ ենք, դուռակ ենք, չենք հասկանում, որ տարածքները ձրի չեն հանձնում, տարածքները հանձված էին 2016 թվին, ոչ թե պատերազմի շնորհիվ Ադրբեջանը վերցրեց, որ դուք ասեք, թե ավելի ուժեղ էին...քանի որ մեր երիտասարդները, մեր բանակը հակահարված տվեց, պատրաստ էր պատժիչ գործողություններ ծավալել, չթողեցին, չթողեցին մեր իշխանությունները ու նաև պարզ երևում է՝ այդ գեներալները, որոնք թույլ չէին տալիս, որ նրանք դիմադրեին: Ուրեմն ստեղ Խաչատուրովի հետ կան նաև այլ բաներ ուսումնասիրելու»:

Ըստ հայցվոր Խաչատուրովի՝ վերը նշված արտահայտություններից ստացվում է, որ Ստեփան Գրիգորյանն ապրիլյան պատերազմի զոհերի համար մեղադրում է Խաչատուրովին և մյուս գեներալներին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները հանձնվել են գումարի դիմաց: Դատարանում հայցվոր Յուրի Խաչատուրովի շահերը ներկայացնում էր Գրիգոր Բեքմեզյանը, սակայն վերջերս նա դարձել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Դատական նիստերից մեկի ընթացքում, մեկնաբանելով Ստեփան Գրիգորյանի` վերը մեջբերված արտահայտությունները, Բեքմեզյանը եզրակացրել է, որ Գրիգորյանը Յուրի Խաչատուրովին մեղադրում է պետական դավաճանության մեջ:

Քաղաքացիական գործով այժմ Խաչրատուրովի ներկայացուցիչը փաստաբան Անահիտ Սարգսյանն է: Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ լսելով Ստեփան Գրիգորյանի խոսքը, կարող է միանգամից հասկանալ, որ քննադատության թիրախում կոնկրետ Յուրի Խաչատուրովն է, և Գրիգորյանի կողմից արված արտահայտություններն ընդհանրական բնույթի չեն: Դատական նիստն այսօր հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց հոկտեմբերի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter