
Ֆրանսիային արտահանձնված Մերաբ Կալաշովի նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների առթիվ քրեական գործ է հարուցվել
Հուլիսի 4-ին Ֆրանսիային արտահանձնված Մերաբ Կալաշովի պաշտպանի հաղորդման հիման վրա` կապված նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողություններ իրականացնելու հետ, քրեական գործ է հարուցվել: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):
Նշենք, որ հանցագործության մասին հաղորդումը դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել, որտեղ քրեական գործ չէր հարուցվել: Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է ՀՔԾ՝ քրեական գործ չհարուցելու մասին որոշումն ու գործ հարուցել վերը նշված հոդվածով: Գործն ուղարկվել է ՀՔԾ՝ քննություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի ուշ երեկոյան Կալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանն ահազանգել է այն մասին, որ ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում են պահում իր պաշտպանյալին, ցանկանում են նրան արտահանձնել Ֆրանսիային: Ըստ պաշտպանի՝ տևական ժամանակ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում որոնելուց հետո ինքն ու պաշտպան Էդգար Արամյանը Կալաշովին գտել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում` ծեծված վիճակում:
Մեզ հետ զրույցում Արմեն Մելքոնյանն ասել է, որ Կալաշովի մարմնի վրա առկա են եղել տասնյակից ավել վնասվածքներ, կոտրված է եղել ոտքի բութ մատը, մարմնի, գլխի վրա եղել են բազմաթիվ քերծվածքներ ու ծավալուն կապտուկներ, ճղված են եղել նրա լնդերը, բերանը` ամբողջությամբ արյունոտված: Պաշտպանի խոսքով` Մերաբ Կալաշովին քրեակատարողական հիմնարկից ներքնազգեստով են տեղափոխել ոստիկանության «Զվարթնոցի» բաժին, այնտեղ հագուստ տվել:
Նշենք, որ ոսստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով «Զվարթնոցի» գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ: Ոստիկանությունը նրա ազատման վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել:
Կալաշովն արդեն գտնվում է Ֆրանսիայում: Արմեն Մելքոնյանի խոսքով` նրան ապօրինի են արտահանձնել, քանի որ նրան հանձնելու վերաբերյալ դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, այն բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:
Ֆրանսիայի Հանրապետությունում Մերաբ Կալաշովը հետախուզման մեջ էր գտնվում 2015 թվականից: Մեղադրվում է հանցագործություն նախապատրաստելու նպատակով «չարագործների խմբավորմանը» մասնակցություն ունենալու, կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից գողացված իրեր թաքցնելու, փողերի լվացման, հանցագործությամբ գոյացած գումարների ներդրման, թաքցնելու կամ փոխակերպելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
Մեկնաբանել