HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության նիստում ներկայացվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նշել է, որ կառավարությունը երեկ չէ առաջին օրն ստացել է Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի:

Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ներկայացնելով փորձաքննության արդյունքները, նշել է, որ ամենակարևոր 3 կետերը, որոնց եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգել, հետևյալն են՝

1.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա:

2.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի:

3. Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Քննչական կոմիտեի նախագահի խոսքով՝ «Լիդիան» ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացությանը, իսկ մինչ այդ նախաքննության ընթացքում ընկերությունը ներգրավված է եղել որպես կողմ և աշխատել է «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: ««Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն իսկ կիրառվում է, իսկ 5-ը պատրաստ են ապագայում կիրառել: 1 մեղմման միջոցն է, որ դեռ քննարկման փուլում է՝ Համաշխարհային բանկից գումար ստանալու համար «Լիդիան» ՓԲԸ-ն իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի IFC ստանդարտին: IFC ստանդարտով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն: «Էլարդ»-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի: Ըստ էության, «Լիդիան» ՓԲԸ մասնագետները չեն հրաժարվում 100 տարուց ավելի կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունն ապագայում կլինի», - ասել է Հայկ Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգան որևէ եզրակացության:

Անդրադառնալով այս առնչությամբ հարուցված քրեական գործին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

Վարչապետ Փաշինյանի՝ քրեական գործը կարճվելու վերաբերյալ հարցին ի պատասխան Հայկ Գրիգորյանը նշել է. «Մենք որոշման վրա աշխատում ենք, պարոն վարչապետ: Այս փուլում չկա որևէ հիմք, որը թույլ կտա որևէ մեկին մեղադրանք առաջադրել, հետապնդման ենթարկել, և այո, գործի քննության ուղղվածությունը դա է»:

Այնուհետև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 140 տոննա բեռ: Այն ներառում է մսի պահածո՝ 52 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, շաքարավազ՝ 40 տոննա, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհին: ԱԻ նախարարը հայտնել է, որ նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել այդ տարածք և մանրամասներ է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Այս մշակույթը մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ, որովհետև երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում, ինչ-ինչ նպատակներով: Այստեղ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն»,-նկատել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը նշել է նաև, որ հանձնարարել է Ճանապարհային ոստիկանությանն առանձնակի խիստ լինի ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ.«Առավել ևս այս ընթացքում պետք է շատ խիստ լինել և պետք չէ վարանել՝ տուգանել և կոնկրետ վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել: Բայց, իհարկե, ավելի լավ կլինի, երբ մեր սիրելի հայրենակիցները նման գործողության ընդհանրապես չդիմեն»:

Կհստակեցվեն կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ՝ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը ապահովելու նպատակով: Որոշումներով նախատեսվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը: Մասնավորապես, առաջարկվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել Քրեակատարողական բժշկության կենտրոնում, դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա: Կստեղծվեն նաև անհրաժեշտ նախադրյալներ կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրելու գործընթացն առավել թափանցիկ և գործուն դարձնելու համար:


Կապահովվի հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների տրամադրումը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնմանն աջակցող միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ պետբյուջեի միջոցներով «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում» և «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում» միջոցառումների շրջանակում շահառուներիÕ ¶, պետական հավաստագրերի հիման վրա, տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ` որակավորված և նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից: Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքին առավելագույնս հարմար աջակցող միջոցներ: Շահառուների դիմելիության ծավալի ավելացման արդյունքում որոշ աջակցող միջոցների`2019 թ. տարեկան բյուջեով նախատեսված քանակն սպառվել է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեի վերաբաշխման միջոցով ավելացնել տրամադրվող որոշ աջակցող միջոցների քանակը՝ հատկացնելով հավելյալ 71 մլն 328 հազար դրամ՝ 1253 սարքի համար: «Բոլոր սարքերի տրամադրումը հավաստագրերի հիման վրա սկսվել է 2019 թ. հունվարից: Սա նոր մեթոդ է: Նախկինում շատ քաղաքացիներ նույնիսկ չէին դիմում սարքերի համար, քանի որ դրանք տրամադրվում էին միանման և իրենց կարիքին ոչ համապատասխան»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ համապատասխան կարգում անցյալ տարի իրականացված փոփոխությունը մեծացրել է քաղաքացիների հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս շահառուներին հավաստագրի միջոցով շուկայից ձեռք բերել իրենց կարիքներին համապատասխան սարքեր: «Դա նշանակում է, որ այս գործիքն արդեն կոնկրետ մարդկանց կարիքներին համապատասխան սկսում է գործել», - հավելել է կառավարության ղեկավարը:

«Օրիոն գրուպ»-ը գործունեություն կծավալի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ կատարելով 200 000 ԱՄՆ դոլարի ներդրում

Գործադիրի որոշմամբ «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին տրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն: «Օրիոն գրուպ»-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում (2019-2023 թթ. ) իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: 5 տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգը չի կարող կիրառվել ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրեն քի նախագծի նկատմամբ: «Պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի քննարկման ընթացքը սահմանող իրավական ակտերով սահմանված են այնպիսի ընթացակարգեր, որ օրենքի նախագիծը մինչև կառավարության նիստում քվեարկվելը բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստում: Միաժամանակ բավարար երաշխիքներ են սահմանված ներկայացված նախագծի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, կառավարության մեկ անդամի առարկության պայմաններում նախագիծը ենթակա է քննարկման», - նշել է նախարարը և հավելել, որ բոլոր նախագծերի համար պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը: Այսպիսով՝ կառավարությունը, ներկայացնելով մի շարք դիտարկումներ, գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Մեկնաբանություններ (1)

Nazeli A.
Amulsar = Chernobyl. Environmental catastrophe cannot be mitigated away. It's not a matter of if, but when. The Pashinyan government must block Lydian from any further destruction to Armenia's natural resources, even in the face of a spurious lawsuit. Protect the land. Protect the water, and the people of Jermuk. Block Lydian now!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter