HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Գրիգորյան

Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները

Ամուլսարի շուրջ իրավաբանական լարախաղացությունների շքերթը համարենք բացված: Որպեսզի փոքրանա մանիպուլյատիվ հնարքների էֆեկտը, փորձեմ ներկայացնել այս հարցի շուրջ իրավական գործընթացների քիչ թե շատ ամբողջական պատկեր: Սա կարևոր է հասկանալ, քանի որ ցանկացած պարագայում Ամուլսարի շահագործման թույլատրելիության կամ անթույլատրելիության հարցը պետք է որոշվի որևէ իրավական գործընթացի միջոցով, և ընդունվող որոշմանը պետք է տրվի իրավական ձևակերպում: Այս պահին կա երեք ընթացիկ իրավական գործընթաց, սկսենք քրոնոլոգիական կարգով.

Առաջին իրավական գործընթացը սկսվել է բավականին վաղուց: Գուցե պատգամավոր Հայկ Գևորգյանն ու նրա կուսակիցները համարում են, թե կյանքը սկսվել է հեղափոխությունից հետո, և դրանից առաջ ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել: Նա իրավացի չէ: Դեռևս 2015-ի ապրիլից տասից ավելի ջերմուկցիներ և երկու բնապահպանական հասարակական կազմակերպություններ երկու նախարարությունների դեմ հայց են ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ուժը կորցրած և անվավեր ճանաչել Ամուլսարի շահագործման թույլտվություններ սահմանող փաստաթղթերը:

2017-ի մարտին էլ Գնդեվազ գյուղի մոտ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ճանապարհն էին կտրել, որի օգնականը ներկայիս բնապահպանության նախարարն էր և հրաշալի գիտի բոլոր մանրամասները՝ ձեր այսօրվա թիմակիցն է, գոնե նրանից ճշտեք: Մարդկանց մոտեցումներում սրացումները պայմանավորված են ոչ թե «հեղափոխության» տված շնորհներով, այլ հանքում շինարարական աշխատանքներին զուգընթաց իրենց էկոլոգիական վիճակի վատթարացմամբ՝ ջրագծերը վնասելով, Արփա գետն աղտոտելով, Ջերմուկում փոշու ավելացմամբ, ոչ թե, պայմանական ասած, իշխանության փոփոխմամբ: Մի խոսքով, դատական գործընթացը իրավական ընթացակարգերից մեկն է, որի միջոցով կարող է լուծվել Ամուլսարի շահագործման թույլատրելի լինել-չլինելու հարցը:

Եթե առաջինը դատական գործընթաց էր, ապա երկրորդը վարչական է: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության իրականացրած ստուգման արդյունքում բացահայտվել են կարմիրգրքային կենսաբազմազանության տեսակներ, որոնց վրա հանքավայրի շահագործման ազդեցությունը ընկերության ներկայացրած փաստաթղթերում ներկայացված չէր: Հետևապես, առնվազն կենսաբազմազանության մասով ընկերությունը լիարժեք ուսումնասիրություն չի արել ու տվյալները փորձաքննության չի ներկայացրել: Սա ցուցիչ է, որ ընկերության կազմած փաստաթղթերը թերի են, այս հիմքով էլ որոշում է ընդունվել դադարեցնել ընդերքօգտագործման հետ կապված ցանկացած գործունեություն: Որոշումը, որպես վարչական ակտ, ուժի մեջ է և իրավաբանորեն արգելում է հանքավայրի շահագործումը: Այն կարող է անվավեր ճանաչվել կամ դատական կարգով, կամ վերացվել վարչապետի հանձնարարականով... Այս մասով դեռ շատ բան կա ասելու, հընթացս կխոսենք:

Երրորդ իրավական գործընթացն ամենահետաքրքրականն է: Գիտենք, որ հարուցված է քրեական գործ այն հատկանիշներով, որ Ամուլսարի շահագործման թույլտվություն տրամադրող պետական պաշտոնյաները կարող են դիտավորությամբ թաքցրած լինել շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները: Գիտենք նաև, որ այս գործի շրջանակներոււմ նշանակվել է համալիր փորձաքննություն, ստվերային ընթացակարգով լիբանանյան մի անհասկանալի ընկերություն է ընտրվել, որ այդ փորձաքննությունն անի, ու ամենահետաքրքիրը՝ փորձաքննության արդյունքներով քննչական խումբը որոշել է, որ հանցագործության հատկանիշները բացակայում են: Հիմա եկեք հասկանանք մի քանի բան. քրեական գործը հարուցվել է կոնկրետ ֆիզիկական անձի/անձերի կոնկրետ գործողություններում ՀՀ քրեական օրենսդգրքով նախատեսված կոնկրետ հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար: Ընդամենն այսքանը: Այսինքն, եթե պարզվում է, որ Ամուլսարի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը պետական բնապահպանական փորձաքննության ենթարկած և դրական եզրակացություն տված փորձագետը դիտավորությամբ չի թաքցրել ինչ-ինչ տեղեկություններ, նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության համար սահմանված հանցակազմի որևէ տարր, ուրեմն նրա արարքում չկան քրեական հանցագործության հատկանիշներ: Շատ բարի, ընդունեցինք: Հիմա՝ արդյո՞ք սա նշանակում է, որ այս հիմքով քրեական գործի վարույթը կարճելն ինքնին նշանակում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն օրինական է և պետք է թույլատրվի:

Այլ կերպ ասած՝ պետական բյուջեից շուրջ 400,000 դոլարով իրականացված փորձաքննությունը ի՞նչ նպատակի համար պետք է ծառայեցվի՝ մեկ կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալի արարքում հանցագործության առկայությունը գնահատելու՞, թե՞ նաև քրեական գործից դուրս՝ Ամուլսարի շահագործման թույլատրելիությունը գնահատելու համար: Իրավական առումով, սա հարցերի հարցն է՝ արդյո՞ք հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթի կարճումն ինքնին կառավարության համար նշանակում է, որ Ամուլսարի շահագործումը թույլատրելի է, թե՞ քրեական վարույթի ընթացքում իրականացված փորձաքննության արդյունքները պետք է հիմք ծառայեն այլ իրավական ընթացակարգով որոշում ընդունելու համար:

Ներկայիս կառավարության կազմում ընդգրկված և որոշումներ ընդունելու լծակներ ունեցող շատ խելացիներ գուցե կարծում են, թե կարելի է անվերջ խուսափել քաղաքական որոշում կայացնելու պատասխանատվությունից՝ այն թողնելով տարբեր մարդկանց վրա: Ամուլսարում տեսչական ստուգումների ժամանակ տարաբնույթ «շուստրիություններով» փորձում էին հասնել նրան, որ այդ հանքավայրի շահագործման թույլատրելի լինելը հավաստվի իմ ձեռքով. հասան նրան, որ տեսչական ստուգման տեքստից հանվեց ստորգետնյա ջրերի վրա ազդեցության անթույլատրելիության մասը, փորձում էին վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբում ներգրավել ընկերության համար աշխատող մասնագետներին և այլն, և այդպես շարունակ: Երբեմն ինձ մոտ տպավորություն էր լինում, որ այդ մարդիկ մասնավոր ընկերությունների հաստիքային աշխատողներն են, որ պարզապես նստում են կառավարության շենքում: Ամեն դեպքում, բնապահպանական տեսչությանն ու նրա ղեկավարին որպես գործիք օգտագործելու ու Ամուլսարի շահագործումը «օրինականացնելու» պրոցեսում կարծես «խիարը թարս բուսնեց»: Հիմա տեսնենք, թե ի՞նչ կլինի քննչական կոմիտեում իրականացվող գործընթացի պարագայում՝ նոր կառավարության հին անդամներին կհաջողվի՞ խուսափել որոշում կայացնելու պատասխանատվությունից: Գիտեք, աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter