HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է բռնադատվածների համար սահմանել ամենամսյա դրամական աջակցություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է  բռնադատվածների համար սահմանել ամենամսյա դրամական աջակցություն, ինչը մասամբ կմեղմի բռնադատվածների սոցիալական վիճակը: 

Նախարարությունը քննարկման է ներկայացրել «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» նոր օրենք՝ հայտնելով, որ գործող օրենքի մի շարք հոդվածներ կիրառելի չեն և կորցրել են իրենց արդիականությունը։

«Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը, մասամբ  փոխհատուցել պետության բարոյական պարտքը քաղաքական բռնությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, ինչպես նաև առավել իրատեսական դարձնել  գործող օրենքով նախատեսված իրավունքների և արտոնությունների իրացումը, որոնցից մի մասն արդեն իսկ կորցրել են իրենց արդիականությունը, մի մասն էլ` բռնադատվածների տարիքով, առողջական վիճակով և վճարունակությամբ պայմանավորված, կիրառելի չեն»,-հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարությունը նախատեսում է նաև օրենքի նախագծում ներառել արտոնություններ (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք այսօր ամրագրված են միայն կառավարության որոշումներով:

Թե ամսական որքան գումար կտրամադրվի բռնադատվածներին՝ որպես բռնադատման հետևանքով պատճառված նյութական և բարոյական վնասի փոխհատուցում, կսահմանի կառավարությունը։

Նախարարության տվյալներով՝ Հայաստանում բնակվում է բռնադատվածի կամ  բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող շուրջ 1000 մարդ, որոնք արդեն 80-90 տարեկան են: Ըստ նախարարության, նրանք ունեն սոցիալական խնդիրներ և աջակցության կարիք, թեև նրանց տրամադրվել են արտոնություններ, սակայն նրանց համար դրանք կիրառելի չեն։ Մասնավորապես՝ խնդիրներ են առաջացել բռնադատվածներին  արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի մարման հետ կապված։ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ` 2002-2012 թթ. ընթացում վարկեր ստացած 303 վարկառուից իրենց վարկը մարել կարողացել էին միայն 19-ը։ Դրանք մարելու նպատակով կառավարությունը մայիսի 2-ի որոշեց ներել բռնադատվածների վարկային պարտավորությունները  և ստացած վարկերը ձևակերպել որպես պետական աջակցություն: 

Այդ իսկ պատճառով, նախարարությունը հայտնում է, որ օրենքի այդ և մի շարք հոդվածների կիրարկումը իրատեսական չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter