Ավելի լավ է չնկատե՞լ
Արեգունին Վարդենիսի վարչատարածքի 35 գյուղական համայնքներից առանձնանում է նրանով, որ չունի համայնքապետարանի շենք: 1992թ. գյուղխորհրդի շենքը հրդեհվել է՝ մինչ օրս տեղական իշխանություններին զրկելով նստավայրից: Տարիներ շարունակ համայնքապետարանը տեղակայվել է գյուղի դպրոցի ներքնահարկում, իսկ վերջին տարիներին այդ տարածքը վերանորոգվել եւ իբրեւ ճաշարան է ծառայում դպրոցի 1-3-րդ դասարանցիների համար:
Առանց նստավայրի մնացած տեղական իշխանություններն այս անգամ էլ հարցը կարգավորել են հետեւյալ կերպ: Համայնքապետարանի քարտուղար Ռուբիկ Մանուկյանը նշում է, որ դպրոցի վերանորոգումից հետո Արեգունու համայնքապետ Արամ Վարդանյանն իր սեփականությունը հանդիսացող տնից մեծահոգաբար մեկ սենյակ է հատկացրել համայնքապետարանին, սակայն' առանց համապատասխան որոշման, իսկ ավագանու նիստերն անց են կացվում ոչ թե այդ սենյակում, այլ դպրոցում, քանի որ ավագանու երեք անդամները մանկավարժներ են: Գյուղ այցելողին էլ այլ տարբերակ չի մնում, քան գտնել լավատեղյակ քարտուղարին իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար, բայց ոչ թե համայնքապետի տան՝ համայնքապետարանին հատկացրած սենյակում, այլ հենց քարտուղարի տանը:
Գեղարքունիքի մարզի մեկ այլ գյուղական համայնքում՝ Ճամբարակի վարչատարածքի Անտառամեջ գյուղում էլ գրեթե նույն իրավիճակն է: Գյուղը մարզկենտրոնից գտնվում է 135 կմ, մայրաքաղաքից' 145 կմ, իսկ Դիլիջան-Ճամբարակ մայրուղուց' 13 կմ հեռավորության վրա: 234 բնակիչ ունեցող հեռավոր, բայց գեղատեսիլ այս գյուղն էլ համայնքապետարանի շենք չունի: Հնամենի շենքի մի մասը փլուզվել է՝ վտանգավոր եւ անօգտագործելի դարձնելով ողջ շինությունը: Ի տարբերություն Արեգունու, Անտառամեջ այցելողները խիստ սակավաթիվ են: Համայնք բերող Ձորավանք-Անտառամեջ 5,2 կմ-անոց ճանապարհը գտնվում է խիստ անմխիթար վիճակում: Աշնանն ու ձմռանն այն դառնում է պարզապես անանցանելի: Առատ ձյան օրերին գյուղը օրերով մեկուսանում է աշխարհից: Այս երթուղով որեւէ տրանսպորտային միջոց չի աշխատում:
Գյուղական համայնքներում խիստ մտահոգիչ է դարձել համայնքապետարանների կողմից աշխատանքային ռեժիմը չպահպանելը, ինչն ավելի կոպիտ խախտումների է ենթարկվում հատկապես հեռավոր եւ սակավ բնակչություն ունեցող գյուղական համայնքներում:
Գեղարքունիքի մարզն ունի 87 գյուղական համայնք: Հեռավոր գյուղական համայնքները հիմնականում գտնվում են Վարդենիսի եւ Ճամբարակի վարչական տարածքներում, որոնք մարզի գյուղական համայնքների կեսից ավելին են՝ 49 համայնք, 50 բնակավայր: Դրանք նաեւ մարզի առավել խոցելի համայնքներն են: Խոցելի են ոչ միայն հեռավոր, այլեւ սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային լինելու պատճառով: Հեռավոր համայնքների համար բնութագրական է նաեւ սակավ բնակչություն ունենալը: Իսկ սակավաթիվ բնակչություն ունեցող համայնքներում առավել ամխիթար վիճակում է տեղական ինքնակառավարումը՝ ՏԻՄ աշխատակիցների աշխատաոճի եւ քաղաքացիական թույլ մասնակցության պատճառով:
Շատ քիչ թվով գյուղերում կարելի է տեսնել բաց համայնքապետարաններ, նրանցում ներկա աշխատակիցներ եւ, առավել եւս, որեւէ աշխատանքով զբաղված աշխատակից: Եթե մինչեւ ընդմիջում հաջողվում է որոշ համայնքապետարաններ բաց գտնել, ապա դա հատուկ երեւույթ է, իսկ ընդմիջումից հետո' բացառիկ երեւույթ: Մեր այցելությունների ընթացքում, երբ ընդմիջումից հետո անսպասելիորեն բաց տեսանք Փամբակի համայնքապետարանը (Վարդենիսի վարչատարածք), չհասցրինք զարմանալ եւ ուրախանալ այդ առիթով, քանի որ պարզապես ոստիկան էր այցելել համայնքապետարան: Իսկ այդ ժամին համայնքապետարանում միայն մեկ աշխատող կար՝ քարտուղար Լենա æումանյանը: Մինչդեռ համայնքապետարանն ունի 10 աշխատակից:
Աշխատավարձերի դրույքաչափերն այստեղ ցածր են սահմանել: Լենան ստանում է 23 հազար դրամ աշխատավարձ: Այս տարի աշխատավարձ ստացել են 2 անգամ: 2005թ. բյուջեն կատարել են 21 տոկոսով: Հեռախոս չունեն: Ձմռանը համայնքապետարանը չեն ջեռուցել: Իսկ առանց ջեռուցման ձմռանն աշխատել կլինի՞. այս հարցի պատասխանը լռելյայն տալիս են համայնքապետարանի հատակի տախտակները, որոնք ձմռան ընթացքում խոնավությունից փտել ու քայքայվել են: Միգուցե փտել են նաեւ համայնքապետարանի փա՞կ մնալու պատճառով...
Աշխատանքային պայմաններին վերաբերող հարցերին հաջորդում են մեր՝ աշխատակարգին առնչվող հարցերը: Ինչպե՞ս են տեղեկացվում ավագանու նիստերի մասին: «Ավագանու նիստերի մասին ավագանու անդամներին տեղեկացնում է համայնքապետը՝ 2-3 օր առաջ: Իսկ համայնքի բնակիչների համար հայտարարություն են փակցնում գյուղապետարանի դռանը: Դե, մի 3 օր առաջ, իսկ օրենքի պահանջներն ա՞յլ են»,-հարցին հարցով է պատասխանում քարտուղարը: «Ավագանու կանոնակարգ ունե՞ք»,-մեր հարցին նա պատասխանում է, որ ինքը 3 տարի է աշխատում համայնքապետարանում եւ չգիտի՝ ունե՞ն, թե՞ ոչ: «Այս տարի ավագանու քանի՞ նիստ են անցկացրել»,-մեր հաջորդ հարցին նա պատասխանում է, թե չի հիշում: Նիստ է եղել, որին ինքը ներկա չի եղել: Իսկ արձանագրե՞լը, չէ՞ որ դա քարտուղարի պարտականությունն է: «Հետո եկել եւ արձանագրել է, ի՞նչ կա որ: Ի՞նչ կլինի, որ...»:
Փաստորեն, Փամբակի համայնքապետարանը սեփական մեկնաբանությամբ է կիրառում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է. «Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ համապատասխան փաստաթղթերը նիստը սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին»:
«Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար»:
Տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ Վարդենիսի վարչատարածքի գյուղական համայնքների ղեկավարների 1/3-ն իր ղեկավարած համայնքներում «բնակվում է իրավաբանորեն», իսկ փաստացի նրանք ապրում են այլ բնակավայրում՝ հիմնականում Վարդենիս քաղաքում: Սակայն սա չի նշանակում, թե նույն համայնքում բնակվելն արդեն համայնքի ղեկավարի լավ աշխատանքի գրավական է: Վարդենիսի վարչատարածքի շուրջ 10 գյուղական համայնքների ղեկավարների փաստացի բնակության վայրն ուրիշ է, մինչդեռ տվյալ համայնքների բնակիչների համար այս երեւույթը բնավ արտառոց չէ:
Սա ոչ միայն կրկին ապացուցում է մեր ընտրությունների ցածր կուլտուրան, օրենսդրության անկատարությունը, այլեւ ակնհայտորեն վկայում է քաղաքացիական մասնակցության եւ հասարակական վերահսկման բացակայության մասին սեփական համայնքի կառավարման գործում:
Վարդենիսի վարչատարածքի մի շարք գյուղերում՝ Գեղաքար, Վանեւան, Ազատ, Կութ, Գեղամաբակ, Նորաբակ, æաղացաձոր, Տրետուք, Կուտական, Փոքր Մասրիկ, Դարանակ, համայնքապետարանների դռները բաց գտնելը բացառիկ երեւույթ է: Այդպիսի «փակ» համայնքապետարաններ կան հանրապետության բոլոր մարզերում: Իսկ փակ դռների ետեւում հնարավո՞ր է իրականացնել տեղական ինքնակառավարում, զարգացնել համայնքը եւ երկիրը, որի մասն է յուրաքանչյուր համայնքը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Համայնքի նստավայրի շենքի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում' նաեւ Հայաստանի Հանրապետության զինանշանը»:
Վարդենիսի վարչատարածքի Գեղամասարի համայնքապետարանի շենքի վրա տեղադրված է մեր երկրի դրոշը, իսկ զինանշան չունեն: Դրոշը տեղադրել են համայնքապետարանը վերանորոգելուց հետո: Աշխատասենյակներից մեկն էլ դուռ չունի. խորհրդային շրջանի ղեկավարներից մեկն է այն տարել:
Տեղական բյուջեները, ավագանու որոշումները չեն հրապարակվում, ավագանու նիստերի մասին բնակչությունը չի տեղեկացվում: Երբ Գեղամասարի համայնքապետարանի քարտուղար Գոհար Ասլանյանին ծանոթացրինք ավագանու նիստերի կայանալու մասին բնակչությանը 7 օր առաջ տեղեկացնելու օրենքի պահանջին, արձագանքն այսպիսին էր. «Ա՛յ, շատ լավ կլինի, որ մեզ տեղեկացնեք օրենքի այդ կետերին»:
«Բնակչությունն ինքն էլ ցանկություն չունի ավագանու նիստերին մասնակցելու»,-նշում է Արեգունու գյուղապետարանի քարտուղարը: Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի խորհրդային կարծրատիպերով մտորող մեր հասարակությունը ավագանու անդամներից եւ ավագանու աշխատանքից, այն էլ գյուղերում, երբ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության, թափանցիկության եւ բնակչությանը հաշվետու լինելու գործառույթներն օրենքում ներառված դրույթից այն կողմ չեն անցնում: Իսկ առանց այդ գործառույթների անհնար է արդարացիորեն գնահատել ավագանու դերը եւ աշխատանքը յուրաքանչյուր համայնքի կառավարման գործում:
Մեր ուսումնասիրության արդյունքում կարելի է փաստել, որ շատ եւ շատ համայնքներում անգամ հայտարարությունների տախտակներ փակցված չեն: Դրա կարիքը չեն զգում: Հասարակական եւ միջազգային կազմակերպությունների մեկ-երկու թերթոններն ու հայտարարությունները եւ ընտրական տարաբնույթ պաստառները տարիներով խունանում են համայնքապետարանների պատերին, մինչեւ նորերով փոխարինվելը:
Սրանց գումարվում է նաեւ համայնքապետարանների կողմից բյուջեների թերակատարումը, աշխատավարձերի պարտքերը, գործավարության ցածր մակարդակը, իրավական ակտերի մասին անիրազեկությունը, կրթության եւ ինքնակրթության պակասը:
Տեղական ինքնակառավարման համակարգը մեր երկրում շուրջ 11 տարվա պատմություն ունի: Կարո՞ղ է ժամանակը շտկել այն բազում բացթողումներն ու թերացումներն այս համակարգում, որ մեր հասարակությունը չի նկատում: Թե՞ չնկատելու է տալիս...
Լուսինե Թոփլաղալցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել