HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը թռել է՝ «Զվարթնոցում» թողնելով ուղևորների մի մասին

«Հետքի» լրագրող Անի Սարգսյանը գործնական այցով այսօր PS 614 չվերթով պետք է մեկներ Երևանից Կիև։ Թռիչքից առաջ, երբ մոտեցել է բեռը հանձնելու, նրան տեղեկացրել են, որ ինքնաթիռում այլևս տեղ չկա, և ինքը չի կարող մեկնել։ Նմանատիպ իրավիճակում են հայտնվել ևս 6 ուղևորներ։ Օդանավակայանում ուղևորներին բացատրել են, որ մի տեղը վաճառված է եղել մի քանի հոգու վրա, ինչի հետևանքով էլ նման խնդիր է առաջացել։

Երբ Անի Սարգսյանը պարզաբանում ստանալու համար մտել է «Զվարթնոցում» գտնվող «Ուկրաինական ավիաուղիների» գրասենյակ, այնտեղ գտնվող աշխատակիցը, ով նաև PS 614 չվերթի իրականացման պատասխանատուն է, քաշքշել է լրագրողին՝ փորձելով վերցնել հեռախոսը, որով նկարահանվում էր իրավիճակը։

Ավիաուղիների աշխատակիցը, ով այդպես էլ չի ներկայացել, ուղղորդել է «Հետքի» լրագրողին իրենց «գլխավոր օֆիս»։

«Հետքը» կապվեց «Ուկրաինական ավիաուղիների» գլխավոր գրասենյակ, որի աշխատակից Լիլիթ Դավթյանը պնդեց, որ PS 614 Երևան-Կիև ինքնաթիռում մեկ ազատ տեղ է եղել։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ինքնաթիռ չեն նստեցրել թվով 5-10 ուղևորներից որևէ մեկին, Դավթյանը պատասխանեց, որ չվերթի պատասխանատուն «Զվարթնոցի» գրասենյակի աշխատակիցն է, իրենք կապ չունեն։

«Զվարթնոցի» աշխատակիցներից Կառլեն Մարտիրոսյանը, ով սպասարկել է PS 614 չվերթը, հաստատեց, որ «Ուկրաինական ավիաուղիների» այդ չվերթը գերբեռնված է (overbooked) եղել, ինքնաթիռում ազատ տեղ չի եղել՝ ուղևորներին նստեցնելու․ «Չվերթի հենց սկզբից իրենք [Ուկրաինական ավիաուղիները,-խմբ․] գերծանրաբեռնվածություն են ունեցել, 6 ուղևոր պետք է չթռներ։ Մանրամասների համար պետք է կապվել ավիաուղիների օֆիս, որովհետև մենք հրահանգավորվում ենք իրենց օֆիսից և կատարում ենք գործողությունները՝ ըստ իրենց հրահանգավորումների»,- ասաց «Զվարթնոցի» աշխատակիցը։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու էր «Ուկրաինական ավիաուղիների» աշխատակից Լիլիթ Դավթյանը պնդում, թե ինքնաթիռում մեկ ազատ տեղ է եղել, «Զվարթնոցի» աշխատակից Կառլեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ես հենց նոր կապվեցի օդանավակայանում ավիաուղիների ներկայացուցչի հետ, ով սպասարկում է չվերթը, փոխանցեցի, որ ուղևորն ասում է, որ Լիլիթ Դավթյանը, ում ես չեմ ճանաչում, ըստ երևույթին ինքը ճանաչում էր, ասել է, որ մի տեղ կա ինքնաթիռում։ Ինքն ասաց, որ սխալ տեղեկություն են տվել, չվերթը որևէ ազատ տեղ չի ունեցել»,- պատասխանեց Կառլեն Մարտիրոսյանը։

«Ուկրաինական ավիաուղիների» գրասենյակի աշխատակից Լիլիթ Դավթյանը նշեց, որ իրենց տնօրեն Պարույր Վարդանյանն արձակուրդում է, չի կարող խոսել լրատվամիջոցի հետ, իսկ մամուլի խոսնակ չունեն։

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը չպատասխանեց մեր զանգերին։

Մեկնաբանություններ (1)

Meri
Այդ դեպքում պետք է ավիաընկերությունը պատասխանատվություն կրի և հաջորդ չվերթով ճանապարհի իր ուղևորներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։