
Նախկին զինծառայողի գործով ՊՆ-ում ծառայողական քննություն է սկսվել
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանի իրավունքների խախտումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը և կարգը հստակեցնելու նպատակով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրատապ հանձնարարությամբ անցկացվում է ծառայողական քննություն։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց Ցոլակ Խաչատրյանը՝ տրամադրելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ուղղված՝ նախարար Դավիթ Տոնոյանի պատասխան նամակը։
Ցոլակ Խաչատրյանը նախորդ ամիս հացադուլ էր անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Նա պահանջում էր, որ ՊՆ-ն իրեն վճարի զինվորական ծառայությունից ազատ արձակելու ժամանակ հատկացվող աշխատավարձի միանվագ 15-ապատիկ գումարը, ինչպես նաև շաբաթ օրերին աշխատելու դիմաց փոխհատուցում տրամադրի։ Խաչատրյանը հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ ՊՆ-ն չէր արձագանքել մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ իր իրավունքների խախտումներն արձանագրող որոշմանը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր նամակում տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականը կատարելու վերաբերյալ հայտնում է, որ ՄԻՊ-ի որոշումը ՊՆ-ում մուտքագրվելուց հետո իր հանձնարարությամբ գործում առկա փաստաթղթերը ենթարկվել են մանրակրկիտ ուսումնասիրության։ «Գործն ուսումնասիրվել է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կողմից, որը հանգել է այն եզրակացության, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերևույթ անճշտություններ և թերացումներ»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը։
Ուսումնասիրության արդյուքնները քննարկվել են նախարարի տեղակալի մոտ՝ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Նախարարի կողմից տրվել է հրատապ հանձնարարություն՝ անցկացնելու ծառայողական քննություն՝ առկա թերացումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը, ինչպես նաև կարգը հստակեցնելու նպատակով։
Այս տեղեկությունը վարչապետի աշխատակազմին է փոխանցվել օգոստոսի 1-ին։ Ցոլակ Խաչատրյանը նկատում է, որ ՊՆ-ում ՄԻՊ-ի որոշումն ստացել են մարտ ամսին, և, փաստորեն, 5 ամիսը բավարար չի եղել, որպեսզի ուսումնասիրեն և խախտումները վերացնեն։
Բացի այդ պաշտպանության նախարարն անդրադարձել է միայն աշխատավարձի 15-ապատիկի խնդրի՝ անտեսելով կամ շրջանցելով շաբաթ օրերին աշխատեցնելու և չվճարելու խնդիրը։ Նախկին զինծառայողն այս ամենից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս մեկ նամակ է գրել՝ ներկայացնելով ՊՆ-ի կողմից խնդրի լուծումն արհեստական ձգձգելու վերաբերյալ իր մտահոգությունները։
Լուսանկարում՝ Ցոլակ Խաչատրյանը
Մեկնաբանել