HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսար. ինչպես անցավ վարչապետ Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 12-ից Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամուլսարի խնդրով մտահոգված քաղաքացիների՝ Ջերմուկ համայնքի բնակիչների, ավագանու անդամների, Ամուլսարի պահապանների, բնապահպանների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը։ 

Վարչապետ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել էր Երևան՝ քննարկելու Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության կողմից կատարած փորձաքննության եզրակացությունը, որը հրապարակվել էր մի քանի ամիս ուշացումով։

amulsar.jpg (338 KB)

Հանդիպմանը զուգահեռ, Բաղրամյան 26 շենքի դիմաց տեղի էր ունենում «Ամուլսար. զորակցություն Վարչապետի հետ հանդիպման ընթացքում» ակցիան, որին ներկա էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, հասարակական գործիչներ։ Ավելի վաղ Ջերմուկ քաղաքից Ամուլսարի պահապանները ավտոերթով եկել էին մասնակցելու այս ակցիային։ 

Նշենք, որ հանդիպումը փակ էր, ուղիղ հեռարձակում չկար, այն տևեց մոտ երկու ժամ։ Հանդիպման կեսից «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ, բնապահպան Աննա Շահնազարյանը դուրս եկավ Բաղրամյան 26 շենքից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումը, քանի որ չնայած «ԷԼԱՐԴ» փորձաքննական ուսումնասիրության մեջ հստակ փաստած թերությունների, Փաշինյանն անտեսել է դրանք և «փաստերը ներկայացրել է հակառակ ձևով»։

Վարչապետ Փաշինյանը հանդիպման ընթացքում մասնակիցներին ասել է, որ այս պահին հանքը չշահագործելու համար հիմքեր չկան և որ նոր փորձաքննություն է նշանակվելու, որը, ըստ երևույթի, կկատարի Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական մարմինը։ Սա նշանակում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անցկացրած ՇՄԱԳ-ը (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը) մնալու է ուժի մեջ։ 

Հանդիպման մասնակիցները լրագրողների հետ զրույցներում նշում էին, որ գոհ չեն հանդիպումից, քանի որ հանդիպման ընթացքում արված եզրահանգումները կապ չեն ունեցել Ամուլսարի մասին փորձաքննության իրական փաստերի հետ։ Կառավարության դիրքորոշումն այն է, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, սակայն, ըստ հանդիպման մասնակիցների և բնապահպանների, սա փորձաքննության խնդրահարույց և միակողմանի մեկնաբանություն է։ 

Հանդիպման ավարտից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին գնալ Ազգային Ժողովի այգի, հանրային քննարկում իրականացնելու։ Սակայն ԱԺ-ի դարպասները փակվեցին քաղաքացիների դիմաց, ոստիկանությունը հստակ չհիմնավորեց, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել այգի, որը սովորաբար բաց է քաղաքացիների համար։ 

Ոստիկանության գործունեության դեմ  բողոքը արտահայտելու համար որոշ քաղաքացիներ փորձեցին փակել Բաղրամյան պողոտան։ Ոստիկանները բռնի ուժով ազատեցին փողոցը, ակցիայի մասնակիցներից 7 հոգու բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Որոշ ժամանակ անց ԱԺ շենքի մոտ դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը և զրուցեց քաղաքացիների հետ, նշեց, որ նրանք նույնպես մտահոգված են Ամուլսարի խնդրով։ Որոշ քաղաքացիներ, սակայն, պնդեցին, որ «Լուսավոր Հայաստանը» կեղծ ընդդիմություն է, հիշեցնելով խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վերջերս տված հարցազրույցը։ 

ԱԺ մոտ եկան նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Նաիրա Զորհաբյանը ոստիկանների գործողությունները որակեց ոչ իրավաչափ, փորձեց զրուցել և պարզաբանումներ ստանալ ոստիկաններից։ Զոհրաբյանը հնչեցրեց խմբակցության դիրքորոշումը, այն է, որ «եթե Հայաստանի միակ իշխանությունը՝ ժողովուրդը, դեմ է, Ամուլսարը չի կարող շահագործվել»։ Ակցիայի մասնակիցները Զոհրաբյանին նույնպես հիշեցրեցին, որ Ամուլսարի թույլտվությունը տրվել է այն ժամանակ, երբ նրանք իշխանության մասն էին։ 

lusine photo amulsar.jpeg (200 KB)

Չկարողանալով հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում` քաղաքացիները տեղափոխվեցին Սարյանի այգի։ Այնտեղ ելույթ ունեցան  և վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից պատմեցին բնապահպան Լևոն Գալստյանը, Գնդեվազի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, բնապահպան Աննա Շահնազարյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին և այլոք։ Հանրային քննակումը տևեց մոտ մեկ ժամ, որից հետո որոշում կայացվեց ևս մեկ հանրային քննարկում անցկացնել հետագա գործողությունները որոշելու համար։ 

Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ավելի ուշ ուղիղ հեռարձակումով հանրությանը կներկայացնի Ամուլսարի հարցով իր դիրքորոշումը։ 

Ամուլսարի պահապանների ավտոշարասյունը ետ վերադարձավ Ջերմուկ՝ Ամուլսարի պոստեր։ 

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
ԱՄՈՒԼՍԱՐ (ակրոստիկոս ապագայից) Ահա՝ որդիս, Ամուրսարն է հեռվում նիրհում, դարդն իր սրտում, Մեր նույն նախկին Ամուլսարն է դանդաղ կարծես ամպից սնվում, Ուսերը լայն փռած կարծես մեզ գրկել է նա պատրաստվում, Լուռ նիրհում է, սակայն կարծես հին վերքերից է մրմռում, Սա այն սարն է, որ փրկեցին դարեր առաջ Նիկոլի հետ Պապերը մեր, Ամբողջ ազգով ոտքի ելան մի մարդու պես և գրկեցին սարը այս մեծ, Րոպեական հավաքվեցին շուրջբոլորը և փրկեցին վկային այս լուռ ալեհեր... Երևան 22/08/2019
Hovhannes
Ա Մ ՈՒ Լ Ս Ա Ր ոչ թէ Ա Մ Ու Լ Ս Ա Ր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter