HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն անհիմն հարստանում՝ ունեզրկելով բաժանորդներին

սկիզբը

2018 թ. մարտից մինչեւ 2019 թ. մայիս ամիսը «Վեոլիա ջուրը» «ստուգաչափել» է ավելի քան 51 000 հատ ջրաչափ։ Ջրաչափերի փոխարինման կամ ապահավաքակցման ու հետագայում նոր ջրաչափերի տեղադրման գործընթացները կանոնակարգված են եւ պետք է իրականացվեն քայլերի հստակ հաջորդականությամբ։  «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային վերահսկողություն» նախաձեռնության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ միայն չի պահպանվում օրենսդրությամբ սահմանված քայլերի հաջորդականությունը, դրանց ժամկետները, այլեւ հաճախ գործընթացները տեղի են ունենում փնթի ու անշնորհք փաստաթղթավորմամբ, երբեմն՝ փաստաթղթավորման իսպառ բացակայությամբ կամ պարզ ասած՝ «Վեոլիա ջրին» բնորոշ անփութությամբ։

Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակումներում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն առաջնորդվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 30.11.2016 թ. թիվ 378-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման» կանոններով (այսուհետ՝ ՋՄՕԿ) եւ ջրաչափերի փոխարինման ծրագրերով, իրականացնում է բաժանորդի սեփականությունը համարվող ջրաչափերի ապամոնտաժում, դրանք փոխարինում նորով։

Գրեթե առանց բացառության, բոլոր դեպքերում ՋՄՕԿ 30 եւ 31 կետերի իրավակարգավորումների համաձայն՝ «Վեոլիա ջուրը» բաժանորդի սեփականությունը համարվող ջրաչափը (տվյալ պահին գործող, կամ չգործող, խախտված կամ ոչ) տեղափոխում է իրեն պատկանող ջրաչափերի ստուգաչափման եւ կարգաբերման լաբորատորիա՝ ստուգաչափման (արդեն իսկ ներկայացրել ենք ապացույցներ, որ իրականում որեւէ ստուգաչափում չի կատարվում, այնուամենայնիվ, սույն հրապարակման մեջ կկիրառենք «ստուգաչափում» եզրույթը)։

Մեկ անգամ եւս արձանագրենք, որ «Վեոլիա ջուրը» ստուգաչափման նպատակով ապահավաքակցում ու իր լաբորատորիա է տեղափոխում ջրաչափերը։ Բոլոր այն դեպքերում, երբ բաժանորդը պահանջում է ստուգաչափումից հետո վերադարձնել իր ջրաչափը՝ «Վեոլիա ջուրը» համապատասխան ակտով այն վերադարձնում է բաժանորդին՝ անկախ ջրաչափի շահագործման համար պիտանի լինելու հանգամանքից։

Եթե բաժանորդը կամ ջրաչափի սեփականատերը ջրաչափը վերադարձնելու մասին որեւէ տեղ չի արձանագրում, ապա «Վեոլիա ջուրը» փոխարինելով բաժանորդի ջրաչափը, այն տանում է ստուգաչափման ու հետ չի վերադարձնում՝ անկախ ստուգաչափման արդյունքներից։ Այսինքն, եթե անգամ ստուգաչափմամբ պարզվում է, որ ջրաչափը նորմալ է ու իդեալական է աշխատում, ասել է թե այն հստակ ունի որոշակի արժեք (քաղաքացիները ժամանակին ջրաչափերը ձեռք են բերել մինչեւ 15 000 դրամ վճարելով), միեւնույն է, շահագործման համար պիտանի ու հստակ արժեք ունեցող ջրաչափը «Վեոլիա ջուրը» եթե անգամ չի յուրացնում, ապա առնվազն բաժանորդին առանց որեւէ փոխհատուցման ունեզրկում է այդ ջրաչափի արժեքով։ Մյուս կողմից էլ՝ բաժանորդի ջրաչափը նորով փոխարինելիս տեղակայման արձանագրության մեջ «Վեոլիա ջուր»-ն անպայմանորեն նշում է, որ նոր տեղադրված ջրաչափը «Վեոլիա ջրի» սեփականությունն է:

Եթե ջրաչափը ստուգաչափմամբ համարվում է շահագործման համար ոչ պիտանի, ապա եթե ոչ ջրաչափն ամբողջությամբ որպես մեկ մարմին, այլ որպես դրա առանձին տարրեր (պահեստամասեր, դետալներ, վերջին հաշվով՝ գունավոր մետաղի ջարդոն) այն եւս ունի արժեք ու բաժանորդին չվերադարձնելով՝ «Վեոլիա ջուրը» կամ նրա առանձին «ձեռներեց» որոշ աշխատակիցներ կրկին ունեզրկում են Հայաստանի քաղաքացիներին եւ անհիմն հարստանում այդ ջրաչափի կամ դրա դետալների արժեքի չափով։

Այս պարագայում բաժանորդն ակնհայտ ունեզրկվում է, մնում է հասկանալ «Վեոլիա ջուրն» այս դեպքում անհիմն հարստանո՞ւմ է, թե՝ ոչ։ Բաժանորդի ջրաչափը լաբորատորիայում ստուգաչափելու համար պետք է որ իրականացվի պատշաճ փաստաթղթավորում։ Սա կազմակերպության ներքին ընթացակարգերին է վերաբերում ու այս մասով հիմնավոր պնդումներ չենք իրականացնի։ Սակայն, բոլոր դեպքերում, ստուգաչափման ներկայացված ու Վեոլիայի սեփականությունը չհանդիսացող ջրաչափերի դեպքում առկա է հետեւյալ դեպքերից մեկը.

  1. ջրաչափը կամ դրա մասնատված մասերը հետ են վերադարձվել սեփականատիրոջը (բաժանորդին),
  2. ջրաչափը կամ դրա ամբողջ մասնատված մասերը սեփականատիրոջը (բաժանորդին) հետ չեն վերադարձվել, քանի որ

ա/        բաժանորդը հրաժարվել է ջրաչափից,

բ/         «Վեոլիա ջուրը» ջրաչափը դեռեւս պահպանում է իր մոտ,

գ/         ջրաչափը ոչնչացվել է կամ փաստացի դուրս եկել «Վեոլիա ջրի» տիրապետման տարածքից։

1-ին կետի հետ կապված այս պահին հարցադրումներ չունենք, բայց նման բաժանորդները կազմում են ընդհանուրի առավելագույնը 10%-ը (առավել եւս որ միայն վերջերս է «Վեոլիա ջուր»-ն իր արձանագրություններում ավելացրել այդ մասին նշագրումը), ուստի մեր բարձրացրած հարցը վերաբերում է ստուգաչափված 51 000 հատ ջրաչափերից մոտ 45 000-ին։

ա/ Եթե բաժանորդը հրաժարվել է ջրաչափից, ապա ընկերությունը կա՛մ պետք է իրականացնի ջրաչափի արժեքի գնահատում եւ գնահատված արժեքի չափով եկամուտ ճանաչի, կա՛մ պետք է այն ոչնչացնի (ոչնչացման մասին՝ հաջորդիվ)։

բ/   Եթե ջրաչափը «Վեոլիա ջրի» մոտ է, ապա Վեոլիան պարտավոր է այն վերադարձնել սեփականատիրոջը կամ պարտավոր է հատուցել ձեռքբերման պահին ջրաչափի իրական արժեքը, ինչպես նաեւ որոշ դեպքերում ջրաչափի հետագա փոփոխությունների պատճառով ծագած վնասները (օրինակ մասնատման արդյունքում ջրաչափի որպես այդպիսին անպիտան դառնալու դեպքում)։

գ/   Եթե ջրաչափը փաստացի ոչնչացվել է կամ դուրս է եկել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տարածքից, ապա ընկերությունը պարտավոր էր այդ մասով ապահովել անհրաժեշտ փաստաթղթավորումը։ Եթե ջրաչափերը կամ դրանց մասնատված մասերը փաստացի դուրս են եկել «Վեոլիա ջրի» տարածքից, ապա չի բացառվում, որ դրանք վաճառվել են որպես ջրաչափեր, պահեստամասեր կամ առնվազն որպես մետաղի ջարդոն ու արդյունքում բաժանորդների սեփականությունը համարվող գույքի հետագա իրացումից անհիմն հարստացել է «Վեոլիա ջուրը» (եթե օտարում-վաճառքն իրականացվել է «Վեոլիա ջրի» անունից), կամ «Վեոլիա ջրի» այս կամ այն աշխատակցի, ով մաս է կազմել այդ գործարքին։

Եթե Վեոլիան ջրաչափերը փաստացի ոչնչացրել է կամ որպես երկրորդական հումք հանձնել է այլ կազմակերպությունների, ապա դրանք առնվազն պետք է փաստաթղթավորվեին՝

  • ջրաչափի թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ, որի հիման վրա կատարվում է այդ ջրաչափի դուրսգրումը, եւ՝
  • դուրսգրման ենթակա եւ (կամ) դուրս գրված ջրաչափի՝

ա/ ոչնչացման մասին կազմված ակտով կամ արձանագրությամբ, եթե ջրաչափի ոչնչացումը կատարվել է «Վեոլիա ջրի» կողմից ինքնուրույն, կամ՝

բ/ ոչնչացման մասին «Վեոլիա ջրի» կամ պետական մարմնի կողմից կազմված ակտով կամ արձանագրությամբ, եթե ջրաչափի ոչնչացումը կատարվել է այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կամ պետական մարմնի մասնակցությամբ, կամ՝

գ/ հանձնման-ընդունման ակտով կամ հաշիվ-ապրանքագրով, եթե ջրաչափերը հանձնվել են այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջը) կամ պետական մարմնին:

Կարծում ենք, որ մեր նախնական հաշվարկներով ունեզրկված մոտ 45 000 բաժանորդների սեփականությունը համարվող ջրաչափերի հետագա ճակատագրի հարցը անհրաժեշտ է օր առաջ հստակեցնել եւ սույն հանրային իրազեկման պահը դիտարկել որպես «Վեոլիա ջրի» անհիմն հարստացման մասին հաղորդագրություն։ Իսկ անհիմն հարստացման կամ խնայման միջոցով ձեռք բերված գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում «Վեոլիա ջուր»-ը պետք է տուժողին հատուցի ձեռքբերման պահին այդ գույքի իրական արժեքը, ինչպես նաեւ գույքի արժեքի հետագա փոփոխությունների պատճառով ծագած վնասները, եթե «Վեոլիա ջուր»-ն անհիմն հարստացման մասին իմանալուց հետո անմիջապես չի հատուցել գույքի արժեքը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1095, մաս 1):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը): Ասվածից հետեւում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

  1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,
  2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձեւով:

Եթե ենթադրենք, որ ձեռքբերման պահին ջրաչափերի միջին իրական արժեքը կազմել է 4000 ՀՀ դրամ, ապա «Վեոլիա ջրի» անհիմն հարստացումը կկազմի շուրջ 180 մլն ՀՀ դրամ։ Կարծում ենք, որ բարձրացված հարցում պետք է հետաքրքրվածություն ունենա հարկային մարմինը, քանի որ բաժանորդներից վերցված եւ հետ չվերադարձված ջրաչափերի կամ դրանց առանձին մասերի արժեքի (անկախ դրանց իրացված լինելու հանգամանքից) գումարով հարստացած «Վեոլիա ջուրը» կամ նրա ներկայացուցիչ  աշխատակիցները որպես «հմուտ ձեռներեցներ» եթե չեն գրանցել իրենց հաշվետվություններում այդ գումարները որպես եկամուտ, ապա խուսափել են համապատասխանաբար շահութահարկի կամ եկամտային հարկի պարտավորություններից, իսկ եթե գրանցել են (ինչը գրեթե անհավանական է), ապա առնվազն պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավապահ մարմինների կողմից՝ որպես անհիմն կամ խարդախությամբ հարստացողներ:

Հ.Գ. Սույն հրապարակման խնդիրը ջրաչափ տեղադրելու քայլերի հաջորդականությունը ներկայացնելը չէ, այդուհանդերձ, բաժանորդներին իրազեկենք, որ ջրաչափերի տեղադրման գործընթացները կանոնակարգված են եւ պետք է իրականացվեն քայլերի հստակ հաջորդականությամբ: Այսպես.

  1. «Վեոլիա ջուրը» պետք է բաժանորդին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնի առեւտրային հաշվառքի սարքի՝ ջրաչափի ապահավաքակցման եւ ստուգաչափման մասին ծանուցում։
  2. Վերոգրյալ ծանուցումից ոչ շուտ, քան 3 աշխատանքային օր հետո միայն «Վեոլիա ջուրը» իրավունք ունի իրականացնել ջրաչափի ապահավաքակցումը։
  3. Ապահավաքակցումն իրականացնող անձինք պարտավոր են ներկայացնել համապատասխան վկայական՝ որ իրենք համարվում են «Վեոլիա ջրի» աշխատակից կամ այդպիսին չլինելու դեպքում՝ լիազորագիր կամ որեւէ հաստատված փաստաթուղթ, համաձայն որի վերջիններս իրավունք ունեն ներկայացնելու «Վեոլիա ջուրը»։
  4. Ապահավաքակցումն իրականացնելիս պետք է կազմվի արձանագրություն, որտեղ ամրագրվի ջրաչափի արտաքին զննման արդյունքները, ցուցմունքը եւ այլն։ Այն պետք է ստորագրեն «Վեոլիա ջրի» ներկայացուցիչը եւ բաժանորդը եւ նշվի կազմելու ամսաթիվը։ Սույն արձանագրությունով «Վեոլիա ջուրը» բաժանորդին տվել է ընտրության իրավունք, որտեղ բաժանորդը նշելով՝ «այո», ստուգաչափմանը մասնակցելու ցանկություն է հայտնում, իսկ «ոչ»-ն ընտրելու դեպքում հրաժարվում է ջրաչափի ստուգաչափմանը մասնակցելուց։
  5. Ապահավաքակցման արձանագրության մեջ, ըստ էության, չի նշվում ջրաչափի ստուգաչափման կոնկրետ ժամկետ (սովորաբար գրվում է՝ սույն արձանագրությունը կազմելուց 2-5 օր հետո), ուստի բաժանորդն իրավունք ունի այն հստակեցնելու ու պահանջելու, որ կոնկրետ օրն ու ժամը ամրագրվի այդ արձանագրության մեջ։
  6. Ապահավաքակցման արձանագրությունը պետք է կազմված լինի այնպիսի ձեւաթղթերի վրա, որ միաժամանակ կրկնօրինակվի եւս 2 օրինակ, որոնցից մեկը հատկացվելու է բաժանորդին, մյուսը՝ ջրաչափի հետ մեկտեղ դրվելու է համարակալված պարկի մեջ, պարկը կնքվելու է ու այդպես փոխանցվի լաբորատորիա։
  7. Ապահավաքակցման արձանագրության մեջ պարտադիր նշվում է պոլիէթիլենային պարկի համարը։
  8. Այնուհետեւ՝ ջրաչափի ապահավաքակցմանը անմիջապես հաջորդող պահից «Վեոլիա ջուրն» իր հաշվին (բաժանորդի համար՝ ԱՆՎՃԱՐ) տեղադրում է նոր ջրաչափ, կազմվում է արձանագրություն, որտեղ ամրագրվում են նոր տեղադրված ջրաչափի ցուցմունքը, տեղակայման ամսաթիվը եւ այլ տեղեկատվություն։ Բոլոր այն բաժանորդները, ովքեր 2017 թ. հունվարի 1-ից մինչ օրս իրենց հաշվին կամ «Վեոլիա ջրի» աշխատակիցներին կատարած վճարի դիմաց տեղադրել են ջրաչափեր, ըստ էության դարձել են անփութության, անտեղյակության եւ/կամ խաբեբայության զոհեր։ Այս խումբ բաժանորդները հղում կատարելով ՋՄՕԿ 54 կետին, կարող են «Վեոլիա ջրից» գրավոր փոխհատուցում պահանջել իրենց ձեռքբերած ու տեղադրած կամ «Վեոլիա ջրի» աշխատակիցներից «գնված» (եթե կան դրանց հիմնավոր ապացույցները) ջրաչափերի դիմաց։
  9. Տեղադրվող նոր ջրաչափը պետք է համապատասխանի ջրաչափերին ներկայացվող բոլոր պահանջերին։ ՋՄՕԿ 2-րդ կետի 15 ենթակետը սահմանում է, որ ջրաչափը դա Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված, խմելու ջրի քանակի հաշվառքի սարք է, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են պայմանագրում։ Այսինքն տեղադրվող ջրաչափը պարտադիր պետք է ունենա ստուգաչափման վկայական՝ տրված չափագիտական ազգային մարմնի՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից։ Եթե ինչ-ինչ պատճառներով «Վեոլիա ջուրը» տեղակայվող ջրաչափի հետ չի տրամադրում վերջինիս ստուգաչափման վկայականը, ապա դա նշանակում է, որ տեղադրվում է մի ջրաչափ, որի աշխատանքի ճշգրտությունը ստուգված չէ ու դեռեւս անորոշ է, թե իրական սպառման ծավալների դիմաց ինչ թվեր կամրագրի այդ սարքը։
  10. Ապահավաքակցված ջրաչափը պետք է ստուգաչափվի ու ստուգաչափման մասին արձանագրությունը ջրաչափի հետ մեկտեղ հանձնվի բաժանորդին, եթե վերջինս այլ պահանջ չի ներկայացրել։
  11. Եթե ստուգաչափման արդյունքը բացասական է, ապա պետք է մարվի ջրաչափի ստուգաչափման դրոշմի արտատիպը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի 19.02.2018 թ. թիվ 133-Ն հրամանով հաստատված «չափման միջոցների ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը» Հավելված 2-ի 6-րդ կետի համաձայն։

Սպասեք «Վեոլիա ջրի» մասին նորանոր բացահայտումների ...

Դավիթ Գասպարյան

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային վերահսկողություն» նախաձեռնության հիմնադիր անդամ

Մեկնաբանություններ (1)

Erazik
Բարեվ ձեզ ես ապրում եմ Սիսիանում,Իսրաելյան փողոցում ։Մենք տարիներ շարունակ օգտվել ենք միայն արտեզյան ջրերից եվ մի երկու֊երեք տարի է մեծ ջանքերով ճանապարհաշինարաչության ժամանակ մի կերպ Վեոլիա ջրի խողովակները հասցրինք նշված հասցե սակայն կոյուղի չունենալու պատճառով հետադարձ ջրերը լսվում է կենտրոնական փողոցի մայթին հատող առուն որը լցվում է գետը մենք չգիտենք ումը դիմենք կոյուղի ունենալու համար այն ժամանակ մենք տեղյակ ենք պահել մինչեվ ճանապարհաշւնարարությունը սկսելը բայց աասվալտը արեցին առանց մեզ կոյուղի տեղադրելը այժմ ամեն օր լապատկայով մաքրում ենք որ տհաճ հոտն առվի վիճակը անցորդներին տհաճություն չառաջացնի որտեղ դիմում ենք ասում են հնարավոր չի խնդրում եմ կասեք ոնց եվ որտեղ դիմենք այդ կայտառակ վիճակը վերացնելու եվ մեզ կոյուղսգիծ հատկացնելու համար մեզ ասել են վեոլա ջուրը խոյուղագիծ չի հատկացնում եթե այսպես է ապա ումը դիմենք թէ առուն որի ջուրը լցվում է Որոտան գետը ծառայի նաեվ կոյուղի այդ վիճակը մենակ մեր տանը չի վերաբերվում կան թաղում այդպիսի շատ տներ որտեղ հետադարձ ջրերը լսվում է առուն եվ առվի մոտից անցնել չի լինում որը համարվում է կենտրոնական փողոց ։Խնդրում եմ այդ խնդրանքիս առձականքեք թէ չէ էլ հնարավոր չէ այդպես ։Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter