HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ուղղվել է»,- ասում է «Արմավիր» ՔԿՀ-ի հոգեբան, սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետը

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ուղղվել է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման գործով նիստին այսօր նման հայտարարություն արեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանը: Վերջինս իր հետ դատարան էր բերել Մանուկյանի հեղինակած «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ...» անունը կրող գրքույկը, որում Մանուկյանը պատմում է 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևանքով ցմահ ազատազրկված լինելու, իր զղջման մասին ու երիտասարդներին հորդորում չկրկնել իր սխալը: Նորայր Գրիգորյանը գրքույկը հանձնեց դատավոր Վահե Խալաթյանին՝ հավատացնելով, որ այն վառ ապացույցն է Աշոտ Մանուկյանի՝ ուղղված լինելու և կատարած արարքում զղջալու մասին:

Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար, որոնցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել: Տուժողների հարազատները նրան ներել են, նոտարական հայտարարություն տվել այն մասին, որ դեմ չեն 23 տարի ազատազրկման մեջ գտնվող դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատ արձակմանը:

Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Նորայր Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս, նշեց, որ դատապարտյալը վայելում է ինչպես քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների, այնպես էլ դատապարտյալների հարգանքն ու վստահությունը, կարծիք հայտնեց, որ Մանուկյանը կառուցողական մտածողություն ունի, ստեղծագործական միտք, հայտնեց, որ իր հեղինակած գրքույկի համար Մանուկյանը շնորհակալագիր է ստացել Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի կողմից, փաստեց, որ նա մասնակցում է քրեակատարողական հիմնարկում կազմակերպվող միջոցառումներին, բացասական վերաբերմունք ունի քրեական ենթամշակույթի նկատմամբ: ՔՀԿ ներկայացուցիչն անգամ զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս է Մանուկյանին հաջողվել մի ամբողջ կյանք քրեակատարողական հիմնարկում պատիժ կրել, բայց կամք դրսևորել, հեռու մնալ բացասական երևույթներից ու չկորցնել մարդկային տեսակը:

Մանուկյանի ազատ արձակմանը, սակայն, դեմ է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Դրական բնութագրելով Աշոտ Մանուկյանի՝ քրեակատարողական ծառայությունը բարձր է գնահատել նրա՝ նոր հանցանք կատարելու ռիսկը: Քրեակատարողական ծառայությունից դատարանում ներկայացուցիչ չկար, ուստի նրանց տված զեկույցի վերաբերյալ պարզաբանումներ չեղան:

Աշոտ Մանուկյանի ազատման վերաբերյալ զեկույց է ներկայացրել նաև Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունը՝ նպատակահարմար գտնելով, որ նա ազատ արձակվի: Ծառայությունը, սակայն, հանդես է եկել տարօրինակ առաջարկով այն մասին, որ դատարանը դատահոգեբանական փորձաքննություն նշանակի Մանուկյանի նկատմամբ: Դատավարության կողմերն այսօր պրոբացիոն ծառայության  ներկայացուցիչ Սարգիս Ստեփանյանին հարցեր ուղղեցին այս առաջարկի վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում դատապարտյալի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակելը: Ինչպես պարզվեց, պրոբացիոն ծառայությունը ցանկանում է պարզել, թե արդյոք Մանուկյանը չունի թաքնված բացասական հակումներ:

Աշոտ Մանուկյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հարց ուղղեց Սարգիս Ստեփանյանին, թե ո՞ր օրենքից ելնելով է պրոբացիոն ծառայությունը նման առաջարկով հանդես եկել, և ի պատասխան Ստեփանյանը նշեց, որ որևէ օրենքի հղում տալ չի կարող, նման կարգավորում չկա:

Ստեփանյանը բացատրեց, որ պրոբացիոն ծառայությունը ինքը կնշանակեր փորձաքննությունը, սակայն նման լիազորություն չունի, ուստի դա առաջարկում է դատարանին:

Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, որտեղ գտնվում են ազատազրկման մեջ պահվող անձինք, հոգեբաններ են աշխատում, որոնք Աշոտ Մանուկյանի վարքագծում կասկածելի երևույթ տեսնելու դեպքում այն կարձանագրեին:

Այսօրվա դատական նիստի մասին տուժողների հարազատները չէին ծանուցվել, ուստի այն հետաձգվեց, որպեսզի հաջորդ՝ սեպտեմբերի 3-ի նիստի վերաբերյալ նրանց ծանուցագրեր ուղարկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter