HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը բողոքարկել է իրենից հօգուտ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտը բողոքարվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանի սահմանած բռնագանձման ենթակա գումարի չափը շատ է նմանատիպ գործի համար:

«Մենք ուսումնասիրել ենք նմանատիպ գործերով դատական պրակտիկան, և հենց նույն դատավորը բռնագանձել է շուրջ 100 հազար դրամ, ընդ որում՝ այն դեպքում, երբ գործով բազմաթիվ դատական նիստեր են տեղի ունեցել և վերջում կայացվել է ըստ էության հարցը լուծող վճիռ, իսկ այդ դեպքում մենք հրաժարվել ենք հայցից, և ոչ մի պատճառ չկար, որ նույն դատավորը շեղվեր իր պրակտիկայից և 200 հազար դրամ բռնագանձեր: Միակ տարբերությունը, հավանաբար այն է, որ գումարը հօգուտ վարչապետի պետք է  բռնագանձվեր: Ուրիշ բացատրություն ես չեմ կարող տեսնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հրապարակային հայտարարությունների համար:

Մասնավորապես, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Քոչարյանը զրպարտություն է համարել Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հայցով Քոչարյանը պահանջում էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար:

Հունիսի 12-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասել է, որ եթե պատասխանողը հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններում նա Քոչարյանին նկատի չի ունեցել, ապա իրենք կհրաժարվեն հայցից: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարել է, որ Փաշինյանը Քոչարյանին նկատի չի ունեցել, որից հետո Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվել է հայցից:

Դատարանը կարճել է գործի վարույթը, և դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալով՝ որոշել Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 200 հազար դրամ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter