HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմբինատորնե՞ր, թե` հանքարդյունաբերողներ. մաս 2

սկիզբը

Ծանոթագրություն

Հոդվածում տեղ գտած փաստական տվյալները վերցված են Կանադական արժեթղթերի կառավարման գործակալության պաշտոնական հրապարակումների համար նախատեսված SEDAR կայքից, իսկ վերլուծությունն ու մեկնաբանությունները հեղինակինն են:

Մաս երկրորդ

Առաջին հրապարակման ամփոփ:

Dawson Creek Capital Corp-ը (այսուհետ` Dawson) ձեռք է բերում Lydian Resource Company Limited (այսուհետ` Lydian) մասնավոր ընկերությանը, որը կանադական բորսայի կանոններով համարվում է որակավորված գործարք: Այս երկուսի միաձուլման արդյունքում արդեն նոր` Lydian International Resource Corp (այսուհետ` Lydian International) անվամբ ընկերության բաժնետոմսերը սկսում են սակարկվել կանադական բորսայում:

Այսինքն, Lydian-ը հայտնվում է բորսայում, ոչ թե իր գործունեության նշանակալի արդյունքների հետևանքով, այլ Dawson-ի միջոցով, որը ստեղծվել էր կապիտալ ներգրավելու և ընկերություններ գնահատելու ու գնելու նպատակով:

Այս մասում կներկայացնենք (ըստ ժամանակագրության) միաձուլումից և բորսայում հայտնվելուց հետո տեղի ունեցած որոշ ուշագրավ զարգացումներ:

2009 թվականի հունվարի 28-ին Lydian International-ը հաղորդում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (անգլերեն` IFC) 1.4 միլիոն կանադական դոլարի ստրատեգիական ներդրման մասին (առկա ծրագրերը աջակցելու և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար): Սրա արդյունքում IFC-ին պատկանող բաժնետոմսերի կշիռը Lydian International-ում կկազմի 18%: 

2009 թվականի փետրվարի 26-ին Lydian International-ը հաղորդում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից (անգլերեն` EBRD) 1.6 միլիոն կանադական դոլարի ստրատեգիական ներդրման մասին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ սա նպատակադրված է ի լրումն IFC-ից ներգրավվող 1.4 միլիոնի` Արևմտյան Բալկաններում առկա ծրագրերը աջակցելու և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Սրա արդյունքում EBRD-ին պատկանող բաժնետոմսերի կշիռը Lydian International-ում կկազմի 8.1%:

2009 թվականի մարտի 31 դրությամբ Lydian International-ի կառուցվածքը` իր դուստր ընկերությունների հետ միասին հետևյալն է (ձախ գծապատկեր, իսկ աջը ցույց է տալիս 2008 դրությամբ կառուցվածքը):

21.png (51 KB) 22.png (25 KB)

Ինչպես երևում է գծապատկերներից միաձուլումից և բորսայում հայտնվելուց հետո Lydian-ը ոչ թե ուղղակի վերանվանվում է, այլ Lydian International Resource Corp (հակիրճ` Lydian International) անվամբ նոր մայր ընկերություն է գրանցում Ջերսի, Նորմանդյան կղզիներ (անգլերենով` Jersey, Channel Islands) օֆշորային տարածքում, որը դառնում է նախկինում մայր` Lydian Resource Company Limited (հակիրճ` Lydian) անվամբ ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր: 2009 թվականի մարտի 31 դրությամբ դուստր ընկերությունների կառուցվածքը մնում է նույնը:

2009 թվականի մարտի 31-ին Lydian International-ի կողմից հրապարակված Տարեկան տեղեկագրում (2008 թվականի դեկտմեբեր 31 դրությամբ) ասվում է, որ Lydian International-ը Հայաստանում ունի երեք հատ հետախուզական աշխատանքների իրականացման թույլտվություն (նշված է, որ երեքը միասին կազմում են 98 կմ/2 մակերես): Ասվում է, որ Lydian International-ը աշխատանքներ է տանում Կառավարության հետ այս հետախուզական աշխատանքների թույլտվությունները հանքարդյունահանում իրականացնելու թույլտվություններով փոխակերպելու համար: Ասվում է նաև, որ այս երեք թույլտվությունները պատկանում են Հայաստանում գրանցված «Գեոթիմ» ՓԲԻ-ին, որի բաժնետոմսերի 95%-ը պատկանում է Lydian International-ի դուստր Lydian Resources Armenia ընկերությանը (գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, տես վերևում ներկայացված գծապատկերը), իսկ 5%-ը պատկանում է տեղացի գործընկեր Հայկ Ալոյանին:

2009 թվականի մայիսի 7-ին Lydian International-ը հաղորդագրություն է տարածում Հայաստանում` Ամուլսարում հանքարդյունահանում իրականացնելու հատուկ լիցենզիա ստանալու վերաբերյալ: Հատուկ բառը նշանակում է 25 տարով (տես ստորև նկարը): 

23.png (253 KB)

Լիցենզիան տրվում է «Գեոթիմ»  ՓԲԸ-ին (անգլերեն` Geoteam JSC): Այս ընկերությունը գրանցվել է Պետական ռեգիստրում 2005 թվականի հոկտեմբերի 14-ին: Որպես տնօրեն նշված է Պետրոս Ալոյանի անունը:  2006 թվականի հուլիսի 31-ին Պետական ռեգիստրում տնօրենի անունը փոխվում է Հայկ Ալոյանով: 

Ինչպես երևում է նկարում, հանքաքարում ոսկու միջին պարունակությունը նշված է 0.89 գ/տ, 0.87 գ/տ և 0.91 գ/տ: Տոննայում ոսկու այս պարունակության կարևորության և դրանցով պայմանավորված ֆինանսական հաշվարկների մասին կներկայացնենք հաջորդիվ հրապարակումներում:

2010 թվականի մարտի 10-ին Lydian International-ը հաղորդագրություն է տարածում, որ համաձայնագիր է ստորագրել Newmont Mining Corporation (Հակիրճ` Newmont) –ի դուստր ընկերություն` Newmont Overseas Exploration Limited-ի հետ, որի համաձայն Lydian International-ի դուստր ձեռնարկություն «Գեոթիմ» ՓԲԸ գնելու է Կովկասյան նախաձեռնություն անվամբ համատեղ ձեռնարկության մեջ Newmont-ի ամբողջ մասնաբաժինը: Այս նախաձեռնությունը սկիզբ է դրվել 2006 թվականի մայիսին Newmont-ի և Lydian-ի կողմից: Այս համաձայանգրի համաձայն համատեղ ձեռնարկությունը կդադարի և «Գեոթիմ» ՓԲԸ-ին կանցնի Ամուլսարում ոսկու ամբողջ հայտնաբերվելիք պաշարները: 

Սրա դիմաց Newmont Overseas Exploration Limited-ին Lydian International-ը պարտավորվում է փոխանցել 3 միլիոն հատ բաժնետոմս և կատարել որոշակի նախա-արտադրական (15 միլիոն ԱՄՆ դոլար չափով) և հետ-արտադրական վճարումներ: Վերջինիս համար կնքվում է հոնորարի պայմանագիր, որով պարտավորվում են Newmont Overseas Exploration Limited-ին վճարել մշտական արտադրական հոնորար 3%-չափով` հաշվարկված հանքավայրի ամբողջ տարածքից կորզվելիք թանկարժեք մետաղների վրա (սահմանվում են նաև դրանց գնի հաշվարկի եղանակը և վճարման կարգն ու պայմանները): Հետ-արատադրական վճարման այլընտրանք է նաև տրվում` հանքարդյունահանման առաջին հինգ տարիների ընթացքում կատարել քսան եռամսյակային վճարումներ, յուրաքանչյուրը մեկ միլիոն ԱՄՆ դոլար չափով (ընդամենը 20 միլիոն ԱՄՆ դոլար): Հետ-արտադրական վճարման երրրոդ այլընտրանքն է այս եռամսյակային վճարումներ ստանալու իրավունքի գնումը Newmont-ից` մնացյալ բոլոր վճարումների զուտ ներկա արժեքը հաշվարկելու եղանակով, որում կկիրառվի 10% դիսկոնտավորման տոկոսադրույք (անգլերենով` discount rate):

Այս հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Ամուլսարի Տիգրանես-Արտավազդես տարածքներից հաջորդիվ վերցված նմուշները ցույց են տալիս (2009 դեկտեմբեր գնահատում), որ հնարավոր է շուրջ 49,600 հազար տոննա հանքաքարից կորզել շուրջ 1.4 միլիոն ունցիա ոսկի (1 ունցիան հավասար է շուրջ 28.4 գրամ):

Վերոնշյալ լիցենզիայում միայն Տիգրանես տեղամասի համար նշվել է շահագործման տրամադրվող հանքաքարի քանակը նշվել է 18,395.7 հազար տոննա: Իսկ հաջորդիվ 2011 թվականի նոյեմբերի 22-ին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի հրամանով այս լիցենզիայում կատարվել է փոփոխություն` շահագործման տրամադրվող հանքաքարի պաշարը դարձնելով 56,434 հազար տոննա: Այլ փոփոխությունների և դրանց համադրման արդյունքում ստացվող տեղեկատվության մասին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:

Lydian International-ի 2009 թվականի Տարեկան տեղեկագրում կողմից հրապարակված (հրապարակված 2010 թվականի մարտի 26-ին) ի թիվս այլ կարևոր տեղեկատվության, Ռիսկի գործոններ բաժնում ասվում է հետևյալը:
«Lydian International-ը չի կարող երաշխավորել, որ ներկայի հետախուզական և զարգացման ծրագրերը կհանգեցնեն շահութաբեր հանքարդյունաբերական գործունեության»:
Ասվում է նաև. «Հանքարդյունաբերական այս ծրագրերի տնտեսական իրագործելիությունը հիմնված է շատ գործոնների վրա, ներառյալ` պաշարների գնահատման ճշտություն, մետաղի վերականգնում, կապիտալ և գործառնական ծախսեր, կառավարության կարգավորումներ կապված գների, հարկերի, ռոյալթիների, հողի վարձակալման և օգտագործման, ներկրման, արտահանման և շրջակա միջավայրի պաշտպանության հետ, և նաև թանկարժեք մետաղների գներ, որոնք խիստ անկայուն են»:

2009 թվականի դեկտեմբեր 31-ի դրությամբ Lydian International-ի կառուցվածքը` իր դուստր ընկերությունների հետ միասին հետևյալն է (ձախ գծապատկեր, իսկ աջը ցույց է տալիս 2009 սկզբի դրությամբ կառուցվածքը):

24.png (40 KB) 25.png (51 KB)

Ինչպես երևում է գծապատկերներից Մեծ Բրիտանիայում (Շոտլանդիա) գրանցված նախկինում մայր ընկերություն Lydian Resource Company Limited-ը (հակիրճ` Lydian) լուծարվում է: Նաև 2009 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանում նոր «ԿԱՎԿԱԶ ԶՈԼՈՏՈ» ՓԲԸ (Kavkaz Zoloto JSC) անվամբ ընկերություն է գրանցվում: Որի 5% փայատերն է լինում Հայկ Ալոյանը, իսկ մնացյալ 95%` Lydian International-ը:

2010 թվականի փետրվարի 26-ին CSA Global Ltd հանքարդյունաբերական ոլորտի խորհրդատվական ընկերությունը տեխնիկական հաշվետվություն է հրապարակում Lydian International-ի կողմից վերցված հանքաքարի նմուշների հիման վրա իրականացված գնահատումների մասին: Այստեղ որոշակի թերություններ են մատնանշվում, մասնավորապես հանքանյութի տոննաժի գերագնահատման վերաբերյալ, միաժամանակ սրանով գնահատված ոսկու չափի պակաս լինելու ռիսկը համարում են ցածր: Այս հաշվետվության մեջ նաև այլ տեխնիկական խորհուրդներ են տրվում հետագայում վերցվելիք նմուշների ստուգման մասով, մասնավորապես խորհուրդ են տալիս նմուշները ստուգող հիմնական լաբարատորիայում նմուշի պատշաճ պատրաստման գործընթացի աուդիտ իրականացնել:

Այս հաշվետվությունը 2010 թվականի մարտի 23-ին վերահրապարակվում է որոշ փոփոխություններով: Մասնավորապես, նախորդ հրապարակման մեջ հանքաքարի նմուշներից ստացված տեղեկատվության ոչ լիարժեք լինելու վերաբերյալ տեղ գտած որոշ բացասական գնահատականներ վերաշարադրվել և դրական են դարձել (հաշվետվության 29-րդ էջի վերջին պարագրաֆներ):

2010 թվականի մարտի 29-ին Lydian International-ը հայտարարում է, որ նախնական ազդագիր է թողարկել մինչև 10 միլիոն դոլարի բաժնետոմսերի հրապարակային թողարկում իրականացնելու վերաբերյալ: Հաջորդիվ թողարկված ազդագրում նշվում է 13,700,000 հատ հասարակ բաժնետոմսերի մասին, որոնք նախատեսվում է տեղաբաշխել մեկ բաժնետոմսը 0.73 կանադական դոլարով:

2010 թվականի հոկտեմբերի 8-ին Lydian International-ը նախնական ազդագիր է թողարկում, որով նախատեսում է 8,100,000 հատ հասարակ բաժնետոմսեր թողարկել, որոնք նախատեսվում է տեղաբաշխել մեկ բաժնետոմսը 2.13 կանադական դոլարով (ընդամենը` 17,253,000): Իսկ տեղաբաշխումը իրականացվելու է Cormark Securities Inc., Dundee Securities Corporation, Canaccord Genuity Corp., TD Securities Inc. և Stifel Nicolaus Canada Inc. ներդրումային բանկիրներից կազմած սինդիկատի միջոցով (սինդիկատ` ֆինանսական որոշակի գործարքներ իրականացնելու համար ձևավորված խումբ): Հաջորդիվ, 2010 թվականի հոկտեմբերի 26-ին Lydian International-ը հաղորդում է, որ վերոնշյալ գործարքի շրջանակներում յուրաքանչյուրը 2.13 կանադական դոլարով տեղաբաշխել է 9,315,000 հատ հասարակ բաժնետոմս` ներգրավելով համախառն 19,840,950 դոլարի մուտքեր:

2010 թվականի նոյեմբերի 15-ին Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան (անգլերեն` IFC) յուրաքանչյուրը 2.13 դոլարով ձեռք է բերում լրացուցիչ 1,527,282 հատ բաժնետոմս: Մինչ այս IFC-ն ուներ 11,548,331 հատ հասարակ բաժնետոմս: Գործարքից հետո IFC-ին պատկանող բաժնետոմսերը կկազմեն ընդհանուրի 13.98%-ը:

2010 թվականի դեկտեմբեր 31 դրությամբ Lydian International-ի կառուցվածքը` իր դուստր ընկերությունների հետ միասին հետևյալն է (ձախ գծապատկեր, իսկ աջը ցույց է տալիս 2009 դրությամբ կառուցվածքը):

26.png (61 KB) 27.png (40 KB)

Ինչպես երևում է գծապատկերներից 2009 թվականին Ջերսի, Նորմանդյան կղզիներ (անգլերենով` Jersey, Channel Islands) օֆշորային տարածքում գրանցվում նոր Lydian Resources Georgia Limited ընկերություն, որը միևնույն տարում Վրաստանում գրանցված Georgian Resource Company ՍՊԸ 100% փայատերն է:

Շարունակելի

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանություններ (2)

satyadeva
Nice article thank you so much sir For know more updates http://jaipurfoot.org/
Գևորգ Չաքմիշյան
Ուսումնասիրելով Lydian-ի պաշտոնական փաստաթղթերը, պարզ է դառնում ընկերության կողմից բարձրագոչ հրապարակվող բնապահպանական ու սոցիալական «երաշխիքների» արժեքը և պայմանները, որոնք հանքը շահագործելու հետ կապված ռիսկերի համեմատ, կոպեկներ են: Խոսքը իսկապես ծիծաղելի գումարների մասին է, որոնք, չգիտես, թե ով և ինչպես է հաշվել: Նախկին կառավարությունը, ընկերության հետ կնքած պայմանագրով, արդեն պայմանավորվել է այդ փոխհատուցումների չափի, հետևաբար նաև սահմանափակումների մասին: Այդ փոխհատուցումները ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ընկերությանը Հայաստանի կառավարության կողմից, եթե դրանց (փոխհատուցումների) արդյունքներն ընդունվեն նույն կառավարության կողմից: Այսինքն՝ ընկերությունը ոչինչ էլ չի հատուցում, եթե, ի վերջո, իր տված գումարը պետք է հետ ստանա կառավարությունից: Սա պարզ աճպարարություն է՝ պայմանագրի տեսքով ամրագրված, սակայն ներկայացվում է որպես լուրջ փաստարկ՝ հանքը շահագործելու կողմնակիցների կողմից: Տես` LYDIAN INTERNATIONAL LIMITED, CONSOLIDATED FINANCIAL STATEMENTS FOR THE YEARS ENDED DECEMBER 31, 2015 AND 2014, para 22.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։