HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատ-Արմենիա»-ն պարտության մատնեց «Դյուդելանժ»-ին

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում «Արարատ-Արմենիա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ»-ի նկատմամբ:

Առաջին խաղակեսն անցավ երևանյան թիմի առավելությամբ։ Բազմաթիվ գրոհների արդյունքում «Արարատ-Արմենիա»-ին 22-րդ րոպեին ի վերջո հաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Աջ եզրից ստացած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Մայլսոն Լիման։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում շարունակում էին գրոհել տանտերերը, և միայն վերջնամասում մրցակցի հակագրոհներից մեկի ժամանակ փայլուն գործեց «Արարատ-Արմենիա»-ի դարպասապահ Դմիտրի Աբակումովը՝ հետ մղելով իր դեմ մենմենակ մնացած «Դյուդելանժ»-ի ֆուտբոլիստի հարվածը։

Հանդիպման երկրորդ կեսի սկզբնամասն անցավ համեմատաբար հավասար պայքարում, սակայն պետք է նշել, որ երևանյան թիմը շատ ավելի սուր էր գրոհում՝ մշտապես նշանառության տակ պահելով «Դյուդելանժ»-ի դարպասը։ Եվ չնայած այս ամենին 68-րդոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ Աչքի ընկավ Դանիլ Սինանին։ Այս գոլից հետո «Արարատ-Արմենիա»-ն մեծացրեց ճնշումը։ Դրվագներից մեկում էլ Ֆյուրդել Նարսինգի հեռահար հարվածը հետ մղվեց դարպասաձողից։ Եվ երբ թվում էր, թե խաղում այլևս գոլեր չեն լինի, մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին փոխարինման մտած Իլյա Անտոնովը խփեց Հայաստանի չեմպիոնի հաղթական գնդակը։

Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-ն եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, սակայն չկարողանալով հաղթահարել շվեդական ԱԻԿ-ի արգելքը՝ հայտնվել էր Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կարողացել էր առավելության հասնել Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն» ակումբի նկատմամբ: Երրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը հանդիպեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ին: Հանրապետականում կայացած առաջին խաղում երևանյան ակումբը 1:2 հաշվով զիջեց, սակայն արտագնա մրցավեճում 2:0 հաշվով հաղթանակ տանելով՝ որակավորման փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճեց:

Լուսանկարը «Արարատ-Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter