
Դատարանն արդարացրել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿ Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, արդարացրել է Քննչական կոմիտեի (ՔԿ) Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, որը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:
Նշենք, որ Բունիաթ Եղիազարյանի մեղադրանքը վերաբերում է քննիչ Միքայել Զադոյանի հետ քաղաքացի Բաբկեն Գասպարյանից կաշառք վերցնելուն: Գասպարյանը ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ որդու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել հաղորդում ներկայացրած Բաբկեն Գասպարյանին, փաստաբան Գայանե Գալոյանին, Էրեբունու քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանին, որը եղել է Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի գործով քննիչը, ու Բունիաթ Եղիազարյանին, որը, ինչպես արդեն նշեցինք, եղել է Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալը:
Բունիաթ Եղիազարյանի գործը քննվել է Միքայել Զադոյանի, Բաբկեն Գասպարյանի և Գայանե Գալոյանի գործից առանձին: Եղիազարյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանի խոսքով՝ ի սկզբանե էլ պարզ է եղել, որ Բունիաթ Եղիազարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել, և իրենց համար տարօրինակ էր նրա գործն առհասարակ դատարան ուղարկելու վերաբերյալ որոշումը:
Կաշառքի գործով մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո Բունիաթ Եղիազարյանի լիազորությունները կասեցվել են: Եթե նրա վերաբերյալ արդարացման դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ, ապա նա իրավունք կունենա շարունակել աշխատանքը Քննչական կոմիտեում:
Նշենք, որ Միքայել Զադոյանի, Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ գործի քննությունն առաջին ատյանի դատարանում ևս ավարտվել է: Դատարանը Միքայել Զադոյանին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու մեջ ու դատապարտել 7 տարի ազատազրկման: Փաստաբան Գայանե Գալոյանը մեղավոր է ճանաչվել կաշառքի միջնորդության, իսկ Բաբկեն Գասպարյանը՝ կաշառք տալու մեջ: Նրանց նկատմամբ համաներում է կիրառվել: Միքայել Զադոյանն ու Գայանե Գալոյանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:
Մեկնաբանել