HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննիչ Միքայել Զադոյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման, փաստաբան Գայանե Գալոյանի արարքը վերաորակվեց ու համաներում կիրառվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր հրապարակեց կաշառքի գործով քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն  Գասպարյանի դատավճիռը:

Դատարանը քննիչ Զադոյանին մեղավոր ճանաչեց իրեն վերագրվող արարքի՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափով  կաշառք ստանալու մեջ և դատապարտեց 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման: Քննիչը  նախաքննության ընթացքում և դատաքննության սկզբնական շրջանում 1 տարի 4 ամիս կալանքի տակ է գտնվել, ապա գրավի դիմաց ազատ արձակվել: Այժմ նա գտնվում է ազատության մեջ:

Բաբկեն Գասպարյանը մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալը, նրան դատապարտեց 3.5 տարի ազատազրկման և համաներմամբ նրա նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը:

Փաստաբան Գայանե Գալոյանին մեղսագրվող կաշառք ստանալու օժանդակությունը վերաորակվեց կաշառքի միջնորդության: Նրա նկատմամբ ևս քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվեց:

Նշենք, որ ամբաստանյալներ Գայանե Գալոյանն ու Միքայել Զադոյանը մեղադրանքը չեն ընդունում: Գալոյանն այս մասին հայտնել էր նախորդ դատական նիստերի ընթացքում պաշտպանական ճառ  ասելիս: Այսօրվա նիստին ճառ ասաց  Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը: Վերջինիս խոսքով՝  գործի դատաքննության ընթացքում Միքայել Զադոյանին մեղսագրվող արարքը չի հիմնավորվել, մեղադրանքի կողմը չի կողմնորոշվել, թե ի վերջո ում է տրվել կաշառքի գումարը, ինչպես է ըստ մեղադրանքի քննիչ Զադոյանն ընդունել կաշառք ստանալու առաջարկը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ կաշառքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է տվել քաղաքացի Բաբկեն Գասպարյանը: Վերջինս, մասնավորապես, ասել է, որ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում (Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, ըստ գործի նյութերի, հարվածել է իր հետ վիճաբանած մի քաղաքացու՝  նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս):

Կաշառքի վերաբերյալ հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց ինքը` ԱԱԾ-ում հաղորդում տված Բաբկեն Գասպարյանը, փաստաբան Գայանե Գալոյանը, Միքայել Զադոյանն, որը Բաբկեն Գասպարյանի որդու գործով քննիչն է եղել և Էրեբունու քննչական բաժնի պետի արդեն նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, որի գործը մեկ այլ դատարանի վարույթում է քննվում:

Ըստ գործի նյութերի` գումարի դիմաց պետք է Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սոս Գասպարյանին մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրվեր, մասնավորապես՝ նրա արարքը պետք է որակվեր ոչ թե «դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառել», այլ «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Արարքը սակայն, չի վերաորակվել, և գործը դատարան է ուղարկել «դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու» հոդվածով:

Հրանտ Անանյանը իր ճառում հիշեցրեց հատված Գայանե Գալոյանի ցուցմունքից: Վերջինս դատարանում ասել է, թե քաջ գիտակցել է, որ Զադոյանի դեմ ցուցմունք տալու դեպքում իրեն ազատ են արձակելու, բայց  նման բան չի արել, խղճին դեմ գնալ չէր կարող, քանի որ ինքը Զադոյանին կաշառք չի տվել:

Ըստ Հրանտ Անանյանի՝ Էրեբունու քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանի գործն անհիմն է անջատվել Զադոյանի գործից: Պաշտպանը հիշեցրեց նաև, որ Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, դատարանում ցուցմունք տալիս հայտնել է, թե գումարային պահանջ չունի, և հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս կարող են Գասպարյանները գումարային պահանջ չունենալ այն դեպքում, երբ պնդում են, թե Գասպարյանի արարքը վերաորակելու համար կաշառք են տվել, իսկ արարքը չի վերաորակվել:

Հրանտ Անանյանն անդրադարձավ նաև գործի շրջանակներում Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառմանը՝ դատարանին միջնորդելով, որ դրա արդյունքում ձեռք բերված տվյալներն անթույլատրելի ապացույց ճանաչվեն:

Նշենք, որ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է այն բանից հետո, երբ Բաբկեն Գասպարյանն ԱԱԾ-ում կաշառքի վերաբերյալ հաղորդում է տվել: Օպերատիվ հսկողության պայմաններում Գասպարյանը գնացել է Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի աշխատասենյակ՝  որդու գործի մասին զրուցելու:

Մեղադրանքի հիմքում դրված են այդ խոսակցություններից հատվածներ: Հրանտ Անանյանը նշեց, որ ամբատանյալների նկատմամբ «ներքին դիտում» իրականացնելու վերաբերյալ դատարանի թույլտվության մեջ նշված չէ վայրը, որտեղ պետք է իրականացվի այդ միջոցառումը:

Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը վերջին խոսքով հանդես եկան Գայանե Գալոյանն ու Միքայել Զադոյանը:

Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին որակեց իբրև «ամբողջ օրը տաքսու վարորդների հետ խոսող անձ», ապա պնդեց, որ եթե Գասպարյանն իսկապես իրեն գումար տված լիներ, ապա ամբողջ Երևանն այդ մասին կիմանար:

Միքայել Զադոյանն ասաց, որ իրեն վերագրվող ծանր հանցագործությունն ինքը չի կատարել:

«Ես որևէ անձի հետ գումարային  խոսակցություն չեմ ունեցել, որևէ անձից գումար չեմ վերցրել և ակնկալիք չեմ ունեցել: Ես կատարել եմ օրենքով սահմանված գործողություններ: Մեղադրողն, ամեն կերպ, ցանկացած առիթ բաց չթողնելով, մինչև վերջին վայրկյանը փորձեց լարվածության մեջ պահել, մեղադրել ու ասել, որ հանցագործություն են կատարել, սակայն Վերաքննիչ դատարանը Սոս Գասպարյանի նկատմամբ 116-րդ հոդվածով գործը բեկանել է ու գործը ուղարկել նոր քննության, և ոչ ոք չի կարող ասել, թե այն ինչ ընթացք կստանա»,- ասաց Միքայել Զադոյանը՝ պնդելով, որ ինքն անմեղ է և որևէ հակաօրինական գործողություն չի կատարել:

Մեզ հետ զրույցում Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ դատավճիռը բողոքարկելու են:

 

Լուսանկարում՝ դատավոր Մեսրոպ Մակյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter