HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անին խորհրդանշում է հայ ճարտարապետական մտքի խրախճանքը». Սամվել Կարապետյան

«Անիով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին: Հատկանշական է, որ գոթական եկեղեցիների հիմք հանդիսացող հայտնի երկկենտրոն սլաքաձև կամարները, որոնք Եվրոպայում հայտնի դարձան 13-14-րդ դարերից հետո միայն, 11-րդ դարի սկզբին նման լուծումներով եկեղեցի կար Անիի մայր տաճարում»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա ներկայացրեց Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս տեսած «Անի» պատկերազարդ, եռալեզու ալբոմ-գիրքը: Այն ստեղծվել է 900 օրինակով, պատվիրատուն սփյուռքի նախարարությունն է: Գիրքը ներառում է եկեղեցիների 660, մեծ մասամբ գունավոր լուսանկար: Ակնկալվում է, որ դրա օրինակները հնարավոր կլինի գտնել նաև գրախանութներում:

Սամվել Կարապետյանի համոզմամբ` գիրքը նաեւ գիտական է, քանի որ ներառում է մանրամասն չափագրություններ, որոնք Թորոս Թորամանյանը և այլ ճարտարապետներ չեն հասցրել ներկայացել, և առաջին անգամ են ներկայացվում հանրությանը:

«Գրքում տեղ են գտել թվանշային վերակազմումներ, նաև Անիի ամբողջական հատակագիծը (հեղինակ` Աշոտ Հակոբյան): Այստեղ հստակ ներկայացվում է Հովվի (Հովիվենց եկեղեցու) գտնվելու նախկին հստակ վայրը, սրա մասին տեղեկատվություն մինչ այսօր ոչ մի տեղ ներկայացված չի եղել»,- ընդգծեց հուշարձանագետը:

Նա հավելեց, որ գրքի ամեն բաժին սկսում է հատակագծով, օրինակ` բնակելի և հասարակական կառույցների նկարագրությամբ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Անիում տաճարները կառուցվել են այն ժամանակահատվածում, երբ մենք պետականություն ունեինք, և պետականություն ունենալու ներկա պայմաններում կառուցվող շինություններին` հուշարձանագետը նկատեց, որ Հայաստանում, մասնավորապես` Երևանում, ակտիվ կառուցապատման աշխատանքներ են ընթանում, իսկ թե ճարտարապետական առումով որքանով են դրանք արդարացված, քննարկման այլ թեմա է:

Աննա Բաբաջանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter