HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մրգաստանի համայնքապետն արդեն երկրորդ անգամ դատապարտվում է յուրացման համար

Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանն արդեն երրորդ անգամ է դատապարտվածի կարգավիճակ ստանում, սակայն ոչ մի դեպքում չի ազատազրկվել: Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008թ.-ից աշխատելով Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2016թ.-ից մինչև 2018թ.-ն ընկած ժամանակահատվածում, քննությամբ չպարզված օրերի, իր պաշտոնական դիրքն օգտագործելով մեկ միասնական դիտավորությամբ, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված և համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափերի` ընդհանուր 2 մլն 150 հազար դրամ գումար:

Նշենք, որ Ռ. Խաչատրյանը դեռևս 1984թ. Էջմիածնի շրջանային ժողդատարանի դատավճռով դատապարտվել է տուգանքի՝ 100 ռուբլիի չափով՝ մեղադրվելով խուլիգանության համար: Այնուհետև Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. դատավճռով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով 7 ամիս, համաներման ակտով ազատվել է պատժի կրումից: Այդ ժամանակ Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը 2009թ. համայնքի տարածքում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի վերանորոգման հարցը քննարկման է դրել ավագանու նիստում: Ավագանու որոշմամբ 1 մլն 900 հազար դրամ է հատկացվել հուշարձանի վերանորոգման սշխատանքների համար:

Հուշարձանի հատակի սալիկապատման աշխատանքներն իրականացնելու համար Ռաֆիկ Խաչատրյանն Արմավիրի մարզի Մրգաստան համայնք է հրավիրել Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ Ա. Օհանջանյանին և նրա հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել սալիկապատման աշխատանքներ իրականացնելու համար վճարել 150.000 դրամ գումար: Ռաֆիկ Խաչատրյանը Ա. Օհանջանյանի հետ, առանց վերջինիս գիտության, կնքել է այդ աշխատանքի կատարման դիմաց 300.000 դրամ վճարելու աշխատանքային պայմանագիր, որից 52.000 դրամը գանձապետարանի կողմից պահվել է որպես եկամտահարկ, իսկ 248.000 դրամը փոխանցվել է «Արդշինինվեստ» բանկի Էջմիածնի մասնաճյուղ, որպես Ավագ Օհանջանյանի աշխատավարձ: Երբ Օհանջանյանը ստացել է 248.000 դրամը և դուրս է եկել բանկից նրան է մոտեցել Ռաֆիկ Խաչատրյանն ու պատճառաբանել, որ ավել գումար է դուրս գրվել և պահանջել է վերադարձնել 100.000 դրամը: Օհանջանյանը կարծելով, որ այդ 100.000 դրամ գումարը պետք վճարվի բանվորներին, այն վերադարձրել է Ռաֆիկ Խաչատրյանին, որն էլ վերջինս յուրացրել է: Ռաֆիկ Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հայտնել, որ զղջում է կատարած հանցանքի համար:

Նույնը կատարվել է նաև երրորդ անգամ ամբաստանյալի աթոռին հայտնվելու ժամանակ: Ռաֆիկ Խաչատրյանը դարձյալ դատարանում առաջադրված՝ 2 մլն 150 հազար դրամ գումար յուրացնելու մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հայտնել, որ զղջում է կատարած հանցանքի համար, նախաքննության ընթացքում կամովին և ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված նյութական վնասը, և դատարանից խնդրել է իրեն ներել, իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ։ Բացի այդ, մինչ դատաքննությունը սկսելը Ռաֆիկ Խաչատրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, որը դատարանի նախագահն է, որպես պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Բացի այդ, նա ֆիզիկապես վատառողջ է, դեռևս նախաքննության ընթացքում կամովին և ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված նյութական վնասը, բնութագրվում է դրականորեն։

«Հաշվի առնելով նշված հանգամանքները, դատարանը գտնում է, որ հնարավոր է ամբաստանյալ Ռաֆիկ Հենրիկի Խաչատրյանի հետագա ուղղումն ու վերադաստիարակումն առանց հասարակությունից մեկուսացնելու և նպատակահարմար չէ, որ վերջինս ազատազրկման ձևով պատիժ կրի, ուստի նրա նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել»,-եզրակացրել է դատարանը:

Արդյունքում դատարանը Ռաֆիկ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ու նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու։ Համայնքապետի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան 1 տարի ժամկետով և նրա վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը հանձնվել է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը։

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Էս դարձավ Միշա Գալուստյանի մարմնավորած бородач-ը։ понять и простить.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter