
«Հետքի» լրագրողի գործը փոխադրվեց դատաքննության փուլ
Երեկ` փետրվարի 14-ին, Լեռնապատի գյուղապետն՝ ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչները չէին ներկայացել: Փաստաբանները Երևանից էին գալիս Վանաձոր, զանգել տեղեկացրել էին, որ ճանապարհից հետ են դառնում դժվարանցանելիության պատճառով:
Ներկայանալով դատարան` պատասխանողը դատավորին միջնորդեց փաստաբանների բացակայությամբ չանցկացնել դատավարությունը, քանի որ բավարար մասնագիտական գիտելիքներ չունի իր շահերն անձամբ ներկայացնելու դատարանում:
Միջնորդության վերաբերյալ գործը քննող դատավոր Վարդուհի Հովնանյանը լսեց հայցվորի կարծիքը: Վանո Եղիազարյանը դիրքորոշում հայտնեց, որ նիստն անցկացվի առանց պատասխանողի ներկայացուցիչների` պատճառաբանելով, թե դատավարությունն «արդեն ձգձգվում է»:
Դատավորը հիշեցրեց, որ նախորդ նիստը հետաձգվել էր, որպեսզի պատասխանողը ժամանակ ունենար հայցադիմումի լրացմանը պատասխան ներկայացնելու համար: Դատավորը հետաքրրքվեց` կողմը պատրա՞ստ է պատասխանելու: Պատասխանողը կրկնեց, որ դատարանում իր շահերը ներկայացնում են իր կողմից լիազորված անձինք` փաստաբանները, որոնք էլ կներկայացնեն հայցադիմումի լրացման պատասխանը: Եվ պնդեց, որ դատական նիստը հետաձգվի:
Դատավոր Հովնանյանը որոշում կայացրեց շարունակել նիստը առանց փաստաբանների`հիմնավորելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով կողմը ունի հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունք, ինչից կարող է օգտվել նաև դատավարության ընթացքում: Իր որոշումը հիմնավորեց նաև նրանով, որ ապացուցման ենթակա բոլոր փաստերն արդեն պարզվել են, սահմանվել է նաև կողմերի ապացուցման պարտականությունը:
Ապա դատավորն առաջարկեց կողմերին ապացույցների հետազոտման հաջորդականություն ընտրել: Վանո Եղիազարյանն առաջարկեց լսել նախ պատասխանողին, ապա իրեն: Պատասխանողը ձեռնպահ մնաց այդ հարցի վերաբերյալ կարծիք հայտնելուց: Դատավորը որոշեց ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը. լսել հայցվորի, ապա պատասխանողի և երրորդ անձի ցուցմունքները, որից հետո վճիռ կայացնել:
Գործը համարելով դատաքննության նախապատրաստված` դատավոր Հովնանյանը որոշեց այն փոխադրել դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 23-ին`ժամը 12.00-ին:
Լուսանկարում` փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը
Մեկնաբանել