HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տնտեսվարողներին տուգանում են ՀԴՄ չունենալու համար, թեև նրանք ՀԴՄ գնելու համար վճարումներ են կատարել

Մի շարք տնտեսվարողներ օրեր շարունակ սոցիալական ցանցերով բարձրաձայնում են հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման խնդիրների մասին։ Նրանք բողոքում են, որ ամիսներ առաջ ՀԴՄ ձեռք բերելու համար դիմել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ», վճարում կատարել, սակայն մինչ օրս ՊՈԱԿ-ից սարքը չեն ստացել, իսկ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրենց տուգանում է՝ ՀԴՄ սարք չունենալու պատճառով։

Նման իրավիճակում է հայտնվել նաև տնտեսվարող Մարիաննա Խաչատրյանը։ Օգոստոսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեն Մարիաննային տուգանել է 300 000 դրամով՝ ՀԴՄ սարք չունենալու համար։

Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ ՀԴՄ սարք գնելու համար հուլիսի 5-ին դիմել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, կատարել 10 000 դրամ վճարում, մինչ օրս ամսական 5000 դրամ վճար է փոխանցել, թեև ՀԴՄ սարքը ՊՈԱԿ-ից  դեռևս չի ստացել։ Առցանց երկու անգամ ստուգել է ՊԵԿ կայքը, որում գրված է եղել, որ նրա հերթը դեռևս չի հասել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունեցած ապրանքը սեզոնային է՝ մանկական շորեր է վաճառում, սկսել է դրանք վաճառել և օրեր առաջ ՊԵԿ տեսուչները ստուգիչ գնում են կատարել խանութում և տուգանել Մարիաննային՝ ՀԴՄ սարք չունենալու համար։

«Իրենք ասացին՝ գնացե՛ք, ուրիշ տեղից գնե՛ք, մենք պարտավոր չենք ձեզ ՀԴՄ տրամադրել։ Ես ասացի՝ եթե պարտավոր չեք, ինչի եք ձեր վրա վերցնում, խոստանում, որ դուք մատչելի գնով ՀԴՄ կբերեք։ Պարտավոր չեք, մարդկանց ասե՛ք՝ գնացեք, գտե՛ք ձեր համար ՀԴՄ, մենք էլ մեր գլխի ճարը կտեսնենք։ Կամ չենք աշխատի, կամ կհասկանանք՝ թանկ գնով մեզ ձե՞ռ է տալիս գնել ՀԴՄ այդ սարքը, թե ոչ։ Եթե իմ խանութում ընդամենը 150 հազար դրամի ապրանք է, ես ամբողջ ամսվա ընթացքում 20 000 ապրանք եմ վաճառել, որը թղթի վրա մանրամասն գրել եմ, որ վճարել եմ այսքան դրամի ապրանք, տոկոսն՝ այսքան, եռամսյակի վերջում պետք է այսքան վճարեմ պետությանը։ Իրանք չեն տրամադրել ՀԴՄ սարքը, բայց ես մեծ սիրով պատրաստ եմ իրենց հարկերը վճարելու»։

Մարիաննան բողոքարկելու է տուգանքի որոշումը։

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 2017 թվականի մի որոշում ունի, որով անվավեր է ճանաչել ՊԵԿ-ի՝ Ա/Ձ Կարեն Մակարյանի տուգանքը։ Մակարյանը բողոքարկել էր ՊԵԿ-ի՝ ՀԴՄ սարք չունենալու տուգանքը։ Վերջինս «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում 60 000 դրամ վճարել էր՝ ՀԴՄ գնելու համար, սակայն հայտնել էին, որ ՊՈԱԿ-ում այդ պահին ՀԴՄ չկա, ստանալու դեպքում անմիջապես կտրամադրեն, այնինչ հետագայում ՊԵԿ-ը տնտեսվարողին տուգանել էր ՀԴՄ չունենալու համար։

Գանգատարկման հանձնաժողովը մասնավորապես հայտնել էր, որ Ա/Ձ Կարեն Մակարյանի մեղքը բացակայում է, քանի որ նրա կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը կատարվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ՀԴՄ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն ՀԴՄ այդպես էլ չի հաջողվել ստանալ, քանի որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ում այն առկա չի եղել։

25.jpg (213 KB)Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Սամսոն Գրիգորյանը գրառում կատարեց ՊԵԿ-ի՝ ՀԴՄ չունենալու տուգանքների մասին։ Վերջինս նաև նշել էր․ «Հայաստանում այս օրերին համատարած տուգանում են այն գործարարներին, ովքեր ամիսներ շարունակ նոր սերնդի ՀԴՄ սարքի են սպասում ՊԵԿ-ից։ Այս գործընթացը ոչ միայն անհապաղ պետք է կասեցվի, նաև պետք է անվավեր համարվեն բոլոր ակտերը»։

Գրառմանն արձագանքել էր նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը․ «Հարցն այնքան բազմաշերտ ու բազմակնճիռ է, որ այս հարթակում քննարկումը կլինի շատ անարդյունավետ: Մեկ բան հստակ է՝ հարկային հսկողությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան, իսկ հարկ վճարողները պիտի օգտվեն իրենց բողոքարկման իրավունքից: Կարծեմ թե բողոքարկման հանձնաժողովի նկատմամբ վերջերս ձևավորված վստահությունն այլևս անբեկանելի է»,-մեկնաբանել էր ՊԵԿ նախագահը։

HDM.PNG.png (21 KB)

Հաշվապահ Տիգրան Քեյանը տնտեսվարողներից հաճախ է ՀԴՄ-ների մատակարարման մասին բողոքներ լսում։ Քեյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այդ բողոքներն ավելի հաճախակի են դառնում։

Քեյանն ընդգծում է՝ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ նոր գրանցվող տնտեվարողներին ՀԴՄ սարքեր գնելու համար առաջնահերթություն է տրվելու, և առկա ՀԴՄ-ները բաշխվելու էին այդ տնտեսվարողներին։ «Երկու ամիս է՝ հայտնվել ենք մի իրավիճակում, որ ՊՈԱԿ-ում այլևս ՀԴՄ գոյություն չունի։ Այսինքն՝ նոր բացվող ընկերություններին կամ այն ընկերությունները, որոնք նոր առևտրի կետ կբացեն, պետք է նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերեն, որը գոյություն չունի»։

Հաշվապահը նշում է, որ եթե տնտեսվարողը ՀԴՄ գնելու համար առցանց դիմում է ներկայացրել, վճարում կատարել և նրան 3 աշխատանքային օրվա ընթացքում չեն մերժել, արդեն տնտեսվարողի մեղքը դրանում բացակայում է, քանի որ այս իրավիճակում պետությունը խոչընդոտում է տնտեսվարողի բիզնեսի կայացմանը, այդ իսկ պատճառով ՊԵԿ-ի՝ ՀԴՄ չունենալու համար նշանակած տուգանքները համարում են անօրիանական և անիրավաչափ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter