HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գյումրու օդանավակայանից բողոքող «Պոբեդան» կրկնապատկում է կանոնավոր չվերթների թիվը

Ռուսական «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդա» ավիաընկերությունը, որը վերջերս բողոքում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ինքնաթիռների վառելիքի թերի լիցքավորումից, դիմել է «Ռոսավիացիային»՝ դեպի Գյումրի չվերթների թիվը կրկնապատկելու համար:

Օգոստոսի 23-ին «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հրաման է ստորագրել, որով փոփոխություն է կատարվել շաբաթական 7 անգամ (ամեն օր) Մոսկվա-Գյումրի-Մոսկվա կանոնավոր թռիչքներ (scheduled, regular flights) իրականացնող «Պոբեդայի» գործող թույլտվության մեջ. չվերթների քանակը դարձվել է 14, այսինքն՝ ռուսական ավիափոխադրողն օրական 2 անգամ է ժամանելու «Շիրակ»: Թռիչքների թիվը շատացնելու համար ընկերությունը թույլտվություն պիտի ստանա նաեւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ): 

Նշենք, որ Գյումրին «Պոբեդայի» միակ հասցեակետն է մեր երկրում, որի ուղղությամբ ռուսական ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է կատարում 2016-ի դեկտեմբերից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից: Ավելին՝ «Պոբեդան» այս պահին «Շիրակից» օգտվող միակ օպերատորն է: Դոնի Ռոստովից Գյումրի թռչելու թույլտվություն ունի նաեւ «Ուրալյան ավիաուղիները», սակայն վերջինիս կայքում այս ուղղության տոմս գտնել հնարավոր չէ, ինչը նշանակում է, որ ընկերությունը դեռ չի օգտվում իր այդ իրավունքից:

Ինչ վերաբերում է «Պոբեդային», հիշեցնենք, որ այս փոխադրողը դեռ 2017-ի դեկտեմբերին «Ռոսավիացիայից» իրավունք էր ստացել Գյումրի թռչել նաեւ Սանկտ Պետերբուրգից, իսկ 2018-ի հունվարին նրան թույլատրվել էր նույնն անել Դոնի Ռոստովից ու Կրասնոդարից: Սակայն այս տարվա հունիսին «Ռոսավիացիան» օպերատորի դիմումի հիման վրա հետ է կանչել Սանկտ Պետերբուրգ-Գյումրի եւ Դոնի Ռոստով-Գյումրի չվերթների թույլտվությունները, իսկ ավելի վաղ՝ 2018-ի սեպտեմբերին, նույն հիմքով հետ էին կանչվել նաեւ «Պոբեդայի»՝ Կրասնոդարից եւ Միներալնիե Վոդիից Գյումրի թռչելու թույլտվությունները (վերջինը տրվել էր 2018-ի ապրիլին):   

«Պոբեդայի» այս ակտիվությունը հատկանշական է վերջերս «Շիրակ» օդանավակայանի հետ ունեցած անախորժությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ռուսական «ТАСС» գործակալությունը հայտնեց, թե ձմեռային աերոնավիգացիոն սեզոնից ընկերությունը դադարեցնելու է դեպի Հայաստան թռիչքները, քանի որ «Շիրակում» վառելիքի թերի լիցքավորում է կատարվում: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ավիափոխադրողից: Մյուս կողմից՝ օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շտապեց հայտարարել. «Ընկերությունը մատուցել եւ շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ՝ հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման եւ որակի ամենաբարձր չափանիշները: Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ եւ ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաեւ կապի մեջ է ավիաընկերության հետ: Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես եւ հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղիք չտալ: Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ «Շիրակ» օդանավակայանում երբեւէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որեւէ խնդիր չի եղել»:

Հաղորդագրություն տարածեց նաեւ ՔԱԿ-ը. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթները: Հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն որեւէ պաշտոնական ծանուցում ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով կոմիտե են հրավիրվել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ձեւավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Այդուհանդերձ, լրացուցիչ տեղեկություն ո՛չ կոնցեսիոներից, ո՛չ ՔԱԿ-ից չեղավ, այսինքն՝ այդպես էլ պաշտոնապես չպարզաբանվեց՝ «Շիրակում» լիցքավորումը թերի՞ է կատարվել, թե՞ ոչ: Փոխարենը օգոստոսի 16-ին «ԱՄՕ»-ն հայտարարեց. «Բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է»:

Օգոստոսի 19-ի ուշ գիշերն էլ ՔԱԿ-ը հայտարարեց, որ ժամը 21-ի սահմաններում «Շիրակում» վայրէջք կատարելիս «Պոբեդայի» ինքնաթիռը ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետեւանքով պոչամասը վնասվել է: «Օդանավում եղել է 173 ուղեւոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով»,- նշել էր կոմիտեն։ Սրան հաջորդեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը, որում, մասնավորապես, ասվում էր. «ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել»: Կոշտ վայրէջքի մասին ձեւակերպումը ռուսական ավիաընկերությունը ցավոտ էր ընդունել ու հանդես եկել հերքումով՝ նշելով, որ ոչ թե կոշտ վայրէջք է իրականացվել, այլ երկրորդ շրջան գնալիս ինքնաթիռի ետնամասը դիպել է գետնին, եւ պոչամասը վնասվել է: Ընկերության պարզաբանումը շատ նման էր ՔԱԿ-ի հաղորդածին:

Վերադառնալով Մոսկվա-Գյումրի-Մոսկվա թռիչքներին՝ նշենք, որ «Պոբեդան» ներկայում իր ամենօրյա DP 855 (Մոսկվա-Գյումրի) եւ DP 856 (Գյումրի-Մոսկվա) չվերթները կատարում է երեկոյան եւ գիշերվա ժամերին: Բայց վերջին շրջանում սրանց ավելացել են նաեւ օրվա ընթացքում եւ երեկոյան իրականացվող DP 975 (Մոսկվա-Գյումրի) եւ DP 976 (Գյումրի-Մոսկվա) չվերթները, որոնք կատարվում են երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ու նախատեսված են մինչեւ օգոստոսի վերջ: Թռիչքներն իրականացվում են «Boeing 737-800» տիպի ինքնաթիռներով:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter