HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սոչի- Դիլիջան- Թավրիզ- Գյումրի՝ «Ույուտ» դելֆինարիումի աֆալինաներն առաջին անգամ չէ, որ հատում են Հայաստանի սահմանը

Ջրավազանում ջրի հանդարտ մակերեսը սկսում է տատանվել մեր՝ տարածք մուտք գործելուն զուգահեռ: Հանգստի վիճակում գտնվող դելֆինները, պտույտներ գործելով, բարձրանում են ջրի երես: Նրանք երկուսն են, ըստ անձնագրային տվյալների՝ Դիանան եւ Մեդեան՝ ծնված 2013թ.-ին եւ 2014թ.-ին: Գյումրու նորաբաց (2019թ. օգոստոսի 8-ին) դելֆինարիումում նրանք հայտնվել են Իրանի Saray Dolfinhaye Khoshal (Սառա Դոլֆինհայե Կհոշալ) դելֆինարիումում մեկ տարի պահվելուց հետո: Ծովային շշաքիթ (աֆալինա) դելֆինները պատկանում են ՌԴ-ում գործող «Морская звезда» դելֆինարիումների ցանցին, որի տնօրենը ծնունդով գյումրեցի Գագիկ Պետրոսյանն է:

Դիանան եւ Մեդեան առաջին անգամ չէ, որ հատում են Հայաստանի սահմանը: 2017թ.-ի սեպտեմբերին «Դելֆինաթերապիա» ՍՊԸ-ն նրանց Սոչիի դելֆինարիումից տեղափոխել էր Դիլիջան՝ նպատակ ունենալով «Բեսթ Վեսթերն Փարադայզ» (Best Western Paradise) հյուրանոցի տարածքում զբաղվել դելֆինաթերապիայով, սակայն ստիպված էր 7 ամիս անց դադարեցնել գործունեությունը: Դիլիջանի դելֆինարիումի պայմանների մասին ահազանգերը հայտնվել էին սոցցանցերում, անդրադարձել էր նաեւ բրիտանական «Daily mail» առցանց պարբերականը՝ գրելով, որ դելֆինները պահվում են հյուրանոցում՝ մարդկանց համար նախատեսված լողավազանում: 

Հասարակական ճնշման ներքո, Դիլիջանում բացված դելֆինարիումը, 2018թ.-ի մարտից դադարեցրեց գործունեությունը, եւ դելֆինները տեղափոխվեցին Իրանի Թավրիզ քաղաք: Հիշեցնենք, որ սա Հայաստանում դելֆինարիումի փակման առաջին դեպքը չէ: 2010թ.-ի դեկտեմբերին, «Դելֆինարի Նեմո» ընկերության Երեւանում բացած դելֆինարիումը գործեց 2 տարի եւ փակվեց 2012թ.-ին:

2011թ.-ին «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները վարչական դատարան հայց էին ներկայացրել ընդդեմ բնապահպանության նախարարության՝ պահանջելով օրենքով նախատեսված փորձաքննության ենթարկել «Նեմո» դելֆինարիումի շինարարությունն ու կենդանիների ներմուծման գործընթացը: Կենդանասերներին անհանգստացրել էին ծովային կաթնասունների պահման պայմանները: Երեւանի դելֆինարիումում 4 դելֆինի տեղաշարժը սահմանափակված էր 5 մետր խորություն, 18 մ շառավիղ եւ 1500 խմ ջրի ծավալ ունեցող տարածքում:

Հայաստանում դելֆինարիումների գործունեության երկու ձախողված ծրագրերից հետո, 2019թ.-ի օգոստոսին, Գյումրիում թույլատրվում է 3-րդի բացումը: Դիլիջանից Թավրիզ տարված դելֆինները տեղափոխվում են Գյումրի: «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գեւորգյանի համոզմամբ՝ Գյումրու նորաբաց դելֆինարիումն ավելի լավ պայմաններ է ապահովում դելֆինների համար, քան նախորդները: Զրուցակիցս դժվարանում է հստակ համեմատություններ անել, միայն հիշատակում է, որ Դիլիջանում դելֆինարիումի համար նախատեսված շենքի բարձրությունը 6 մետր էր, իսկ Գյումրու դելֆինարիումում 13 մետր բարձրություն են ապահովել: Երկու դելֆինի համար նախատեսված ջրավազանն ունի 18 մ շառավիղ, 3 մ խորություն եւ 600 խմ տարողություն:

Ըստ փաստաթղթերի՝ Գյումրու «Ույուտ» դելֆինարիումը ժամանակավոր օդաճնշակայան տաղավար է: Այն տեղադրված է գետնին, եւ նրանում շինարարական աշխատանքներ չեն նախատեսվում: Տեղադրման սխեման համաձայնեցված է քաղաքապետարանի հետ: Տարածքը գործարար, «Морская звезда» դելֆինարիումների ցանցի սեփականատեր, ծնունդով գյումրեցի Գագիկ Պետրոսյանը ձեռք է բերել 2012թ.-ին: 7 տարի առաջ գնված մոտ 2000 քմ տարածքի գործառնական նշանակությունը նշված է՝ հասարակական: Այն կից է Գագիկ Պետրոսյանի սեփականություն հանդիսացող մեկ այլ տարածքի, որտեղ 1990-ականներից գործում էր քաղցրահամ հյութերի արտադրության «Ույուտ» ձեռնարկությունն, ինչպես նաեւ դուռ-պատուհանների պատրաստման արտադրամասը:

«Գագիկ Պետրոսյանը Գյումրուց Սոչի տեղափոխվել է 25 տարի առաջ,- ասում է Թորգոմ Գեւորգյանը,- իր բացակայությունն իհարկե չի խանգարել, որ «Ույուտ» կոնցեռնը գործի, բայց վերջին տարիներին կոնսերվացված վիճակում էր: «Морская звезда» դելֆինարիումների ցանցը իրենն է, ինքը դելֆինարիումներ ունի Սոչիում, Լազարևսկում, Ուկրաինայում, Պարսկաստանում: Պատրաստվում է 4500 տեղանոց դելֆինարիում կառուցել Չինաստանում: Գյումրու դելֆինարիումը 7-րդն է»

 

«Հետք»-ը օգոստոսի 7-ին հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն եւ Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել «Ույուտ» դելֆինարիումի դելֆինների եւ ծովակատվի ներմուծման «CITES» թույլտվության պատճենները, դելֆինարիում կառուցելու հիմքերը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:

Շրջակա միջավայրի նախարարությունից օգոստոսի 15-ին ստացված գրության մեջ նշված է, որ Գյումրի քաղաքում գտնվող «Ույուտ» դելֆինարիումի կողմից «ՍԻԹԵՍ» թույլտվություն ստանալու հայտ չի ներկայացվել: Դելֆին շշաքիթ սևծովյան (Tursiops trunqcaus ponticus) կենդանատեսակն ընդգրկված է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի» մասին (CITES) հավելված 2-րդում եւ ներմուծման համար հիմք է հանդիսանում արտահանող երկրի թույլտվությունը, իսկ ծովակատուն «CITES» հավելվածներում ընդգրկված չէ: 

Ըստ առկա փաստաթղթերի՝ երկու աֆալինաները Իրանից Գյումրի են ուղարկվել թերապեւտիկ, զվարճալի միջոցառումների նպատակով: Կաթնասունները բերվել են մեքենայով՝ անցնելով Թավրիզ- Ագարակ- Գյումրի ճանապարհը: Իրանից Հայաստան է բերվել նաեւ մեկ ծովակատու՝ հյուրախաղերին մասնակցելու նպատակով: Թույլտվությունը տվել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Դելֆինների եւ ծովակատվի, այսպես կոչված, հյուրախաղային գործունեությունը Հայաստանի տարածքում թույլատրված է մինչեւ 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Գյումրիում դելֆինարիումի բացման հետ կապված բնապահպաններն ու կենդանասերները կրկին ահազանգում են Հայաստանի տարածքում դելֆինարիումների գործունեության անթույլատրելիության մասին: Բնապահպանները մեկ անգամ եւս հիշեցնում են, որ հնարավոր չէ ջրավազանում ապահովել ծովային պայմաններ, եւ որ անազատության պայմաններում դելֆիններն ապրում են առնվազն 6-7 տարի: «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գեւորգյանն ու «Морская звезда» դելֆինարիումների ցանցի սեփականատեր Գագիկ Պետրոսյանը շտապեցին լրատվամիջոցներով տարածել դելֆինների անազատության մեջ ծնված լինելու մասին լուրերն, ինչպես նաեւ, որ նրանք 12 եւ 9 տարեկան են: Այնինչ, ըստ փաստաթղթերի, Դիանան եւ Մեդեան, որոնք Գյումրիում դարձել են Քսյուշա եւ Սաշա, իսկ Իրանում հանդես են եկել Սառա եւ Կհոլալ անուններով, ընդամենը 5 եւ 6 տարեկան են:

Դելֆինների տարիքի հետ կապված փաստաթղթային եւ բանավոր տարածած տեղեկատվության անհամապատասխանության վերաբերյալ դելֆինարիումի տնօրենը որեւէ բացատրություն չտվեց, սակայն շարունակեց պնդել, որ նրանք Սոչիի դելֆինարիումում անազատության մեջ պահվող դելֆինների 3-րդ սերունդն են: «Իրենք ծնվել են անազատության մեջ, սովոր չեն ձուկ որսալու, սովոր չեն մեծ տարածության, ի՞նչ կլինի էս դելֆինների վիճակը, եթե բաց թողնենք ծով»,- ասում է Թորգոմ Գեւորգյանը,- մենք ձուկն անգամ փշահան արած ենք տալիս՝ գլուխները կտրած, ա՜յ էդքան, որ փափուկ կյանքի են սովորած»:

Դելֆինարիումի տնօրենը ցույց է տալիս երկու հսկայական տարաները, որոնցում պատրաստվում է ջրավազան լցվող «ծովաջուրը»: Գլխավոր ջրավազանից բացի, տարածքում կա եւս մեկ՝ ծավալներով ավելի փոքր ջրավազան: «Էդ մեր պահեստային ջրավազանն է, որտեղ պիտի հետագայում դելֆինաթերապիան անցկացնենք, նաեւ, եթե կարիք լինի դելֆիններին բժշկական զննում անցկացնել եւ այլն,- բացատրում է Թորգոմ Գեւորգյանը,- մենք փորձում ենք հնարավորինս լավ պայմաններ ապահովել դելֆինների համար, աշխատում ենք, որ ջուրն ու կերը նորմայի մեջ լինեն: Սառած ձուկ ենք ներկրում՝ ծովատառեխ, սկումբրիա, սաղմոն եւ այլն՝ մոտ 7-8 տեսակ, էնպես որ կերը բազմազան լինի: Ջրի հետ կապված էլ աշխատում ենք բոլոր միկրոտարրերն ապահովել»

«Ույուտ» դելֆինարիումի աշխատակազմը մեծ չէ՝ 11 հոգի: Երկու մարզիչները հրավիրված են Սոչիից եւ Ղրիմից, մնացած աշխատակիցները հայեր են: Դելֆինների եւ ծովակատվի մասնակցությամբ ներկայացումները օրական երկու անգամ են՝ ժամը 14:00-ին եւ 18:00-ին: Ներկայացման ժամերը հարմարեցրել են դելֆինների կերակրման ժամերի հետ: Տոմսի արժեքը 3000 դրամ է: 300 տեղանոց դահլիճի առաջին երկու շարքերի տոմսերն արժեն 5000 դրամ, մինչեւ 3 տարեկան երեխաների համար ներկայացումն անվճար է, դելֆինների հետ լուսանկարվելը՝ 2500 դրամ: Ներկայացման ժամանակ դելֆինների «վրձնած կտավները» դրվում են վաճառքի՝ ամենաշատ գումար առաջարկած ծնողների երեխաներին թույլատրվում է պտույտներ գործել ջրավազանում` դելֆինի լողակը բռնած: Դելֆինարիում այցելած գյումրեցիներից մեկն արդեն իսկ հասցրել է երեխայի եւ դելֆինի համատեղ լողը պատկերող տեսանյութը տարածել համացանցում:

«Էս դելֆինարիումը Գագիկը Գյումրիում որ բացեց պատճառը պարոն վարչապետի կոչն էր, թե եկեք, ձեր հայրենիքում ներդրումներ արեք,- ասում է Թորգոմ Գեւորգյանը,- ինքն էս պահին վնասով է աշխատում, ես չգիտեմ քանի տարի է պետք, որ ներդրածը հետ բերվի, բայց դե Գագիկն ասում է, քաղաքիս համար է, թեկուզ վնասով թող մի 5-6 տարի աշխատի»:

-Չե՞ք համարում, որ սա ամեն դեպքում դաժան վերաբերմունք է դելֆինների նկատմամբ՝ փակել նման փոքր տարածքում, այն դեպքում, որ ազատության մեջ իրենք օրական 160 կմ են լողում՝ զարգացնելով 37 կմ/ժ արագություն, ապրում են շատ մեծ խմբերով եւ այլն

-Եթե իրենք բերված լինեին ծովային տարածքից, ես ձեր հետ համակարծիք կլինեի, բայց մեր դելֆինները ծնվել են անազատության մեջ,- միակ փաստարկը, որ մատնանշում է պ. Գեւորգյանը՝ հավելելով, որ գուցե ձմռան ցրտերն ընկնելուն պես իրենք դադարեցնեն գործունեությունը, դելֆիններին տեղափոխեն Սոչի՝ գարնանը վերադառնալու նպատակով, գուցեեւ բիզնեսի ուղղվածությունը փոխեն՝ դելֆինարիումի փոխարեն ջրաշխարհ կառուցեն:

«ՀՀ- ում չկա հստակ օրենք, որ կարգելի կամ կկարգավորի դելֆինների ներմուծումն և անազատության մեջ պահումն ու շահագործումը» 

Կրկեսային ցուցադրության նպատակով դելֆիններն ու սպիտակ կետերն առաջին անգամ անազատությունից զրկվել են 1840-50թթ.-ին: Նրանց ցուցադրում էին մագնատ Բառնումին պատկանող Նյու Յորքում գտնվող կրկեսում: ԱՄՆ-ում դելֆինների եւ մարզիչների մասնակցությամբ շոուները լայն մասսայականություն էին վայելում 1960-70թթ.-ին: «Չմոռանանք մարդու կողմից այդ խելացի կենդանիների նկատմամբ առավել դաժան վերաբերմունքի դրսեւորումներն 1-ին եւ 2-րդ Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ դելֆիններին օգտագործում էին, որպես կենդանի տորպեդներ,- ասում է «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Գեւորգ Պետրոսյանը,- ու սա այն դեպքում, որ մարդն ի սկզբանե նրան համարել է այրունակից եղբայր (հունական դիցաբանության մեջ Ապոլոնի որդուն անվանեցին Դելֆոս (Δέλφος), հետագայում հին հույներն այդպես կոչեցին դելֆինին, հեղ.): Ստացվում է, որ մենք ստրկացնում ենք մեր եղբորը»:

Բնապահպանի կարծիքով, եթե առաջին դելֆինարիումի փակումից հետո ԱԺ-ում ընդունվեր համապատասխան օրենք, որով կսահմանվեր երկիր՝ ծովային կաթնասունների ներմուծման կարգը կամ արգելքը, ներմուծման դեպքում պահման պայմանների նորմատիվները կամ սամանափակումները, շահագործման ձեւերն եւ այլն, ապա չէր լինի Դիլիջանի նախադեպը եւ 3-րդ դելֆինարիումի առկայությունը Գյումրիում:

«Չկա օրենք, չկան սահմանված նորմատիվներ եւ ցանկացած մեկը կարող է այս բիզնեսով զբաղվել Հայաստանում՝ բախումների տանելով քաղհասարակության երկու հատվածներին,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը,-ցանկացած մեկն, ունենալով արտահանման երկրի թույլտվությունը, կարող է մեր երկրում դելֆինարիում բացել: Արդեն 3-րդ դեպքն է նույն սցենարով, Հայաստանում դա իրագործվում է՝ բախման տանելով կենդանասերներին: Մեր պատգամավորները շատ լուրջ պետք է վերաբերեն այս խնդրին: Շատ չչարչարվելու համար կարելի է վերցնել դելֆինարիումների գործունեությունը կամ արգելումը կարգավորող եվրոպական կամ ռուսական չափանիշները»:

Որպես օրինակ՝ Գեւորգ Պետրոսյանը բերում է «Ույուտ» դելֆինարիումում դելֆինների համար ստեղծված պայմանները, որոնք սեփականատերը համարում է լիովին ընդունելի: «Եթե նայենք եվրոպական նորմատիվները, ապա դրանք հետեւյալն են՝ առնվազն ջրի 3,5 մ խորություն, մեկ դելֆինի դեպքում ջրի մակերեսը 75 քմ ոչ պակաս, ջրի ծավալն էլ 300 խմ, բայց երկու դելֆինի դեպքում նշված չափերը ոչ թե կրկնապատկվում են, այլ մոտավորապես 30, 40 անգամ՝ աճում: Դելֆիններին կիսաազատության մեջ պահելու համար տարածքների հաշվարկը, որ ներկայացվում է էս պահին Գյումրիում, չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը: Սա նշանակում է, որ եթե Հայաստանն ունենար ոլորտը կարգավորող օրենք, ապա սեփականատերը կամ չպետք է նման բիզնես հիմներ, կամ պետք է դելֆինների պահման պայմանները համապատասխանեցներ սահմանված չափանիշներին:

«Տարբեր կարծիքներ կան անազատության մեջ ծնված դելֆինների մասին, օրինակ՝ Ֆրանսիայում անազատության մեջ ծնված դելֆինների հետ կապված մեղմացրել են օրենսդրությունը, որովհետեւ միանգամից դրված արգելքը սպառնալիք է նաեւ էդ կենդանիների համար: Մենք էլ մեր օրենքները պետք է ունենանք,- պնդում է զրուցակիցս,- տեսեք, մենք թույլ ենք տալիս ներմուծել, սակայն չենք սահմանում պահման կարգ, չունենք նորմատիվներ, որ դելֆին ներմուծողն ու բիզնես սկսողը հասկանա՝ ինչն է կարելի, ինչը չէ: Գուցե ՀՀ-ն օրենք է ընդունում, որ ընդհանրապես արգելու՞մ է դելֆինարիումները»:

Ով կամ ովքեր, ինչպես եւ ինչ ձեւերով պետք է վերահսկեն դելֆինարիումների գործունեությունը Հայաստանում՝ սկսած ջրի որակից, կաթնասուններին տրվող ձկնատեսակների քանակից մինչև շահագործման պայմանները: Ի վերջո, որքան էլ որ սեփականատերերը հավաստիացնեն, թե ջրավազանում ջուրը առավելագույնս մոտեցված է ծովի ջրին, մանրէազերծման նպատակով օգտագործվում է քլոր եւ պղնձի սուլֆատ (պղնձարջասպ), որոնք բացասական ազդեցություն են ունենում աչքերի վրա: Դելֆիններն անազատության մեջ լողում են փակ կամ կիսափակ աչքերով:

«Ազատության մեջ ապրող դելֆինը լողում է օրական 160 կմ, անազատության մեջ ապրողը երեւի 10 կմ էլ չի լողա: Դելֆիններն ազատության մեջ լողում են մինչեւ 37 կմ/ժ արագությամբ, որը չի թողնում մաշկի վրա տարբեր բակտերիաներ կուտակվեն: Անազատության մեջ իրենց ստիպված են ամեն օր կամ երկու օրը մեկ մաքրել, անտիբիոտիկներ սրսկել, որ մաշկի ու աչքերի խնդիր չունենան: Ազատության մեջ դելֆինները ժամանակի մեծ մասն անցկացնում են ջրի խորքերում, իսկ անազատության մեջ՝ հակառակն է: Եվ եթե ազատության մեջ դելֆինը շանս ունի ապրելու մինչեւ 60 տարի, անազատության մեջ այն մի քանի անգամ կրճատվում է»:

Երկրներ, որտեղ արգելվել կամ սահմանափակվել են դելֆինարիումների գործունեությունը

2005թ.-ին Կոստա Ռիկայում արգելեցին դելֆինարիումները: Կոստա Ռիկան աշխարհում առաջին երկիրն էր, որ արգելեց դելֆինների ու կետերի պահումն անազատության մեջ: Հնդկաստանը 2013թ.-ին դելֆիններին ճանաչել է որպես անհատ՝ հավասարեցնելով մարդուն եւ արգելել դելֆիններին անազատության մեջ պահել, ինչպես նաեւ զվարճանքի արդյունաբերության մեջ օգտագործել՝ դառնալով 4-րդ երկիրը, որ արգելում է դելֆինարիումները: Ավելի վաղ նման միջոցառումեր էին ձեռնարկել նաեւ Հունգարիան եւ Չիլին: Ըստ www.vita.org կայքի հրապարակած տվյալների՝ hասարակական ճնշման տակ, աշխարհում փակվել է ավելի քան 60 դելֆինարիում, որից 14-ը շինարարության փուլում:

Դելֆինների եւ այլ կենդանիների օգտագործումը արգելված կամ սահմանափակված է շատ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում (Աթենք 2011թ.), Իսրայելում (դելֆինների ներմուծումը զվարճանքի նպատակներով արգելված է), Բահամներում, ԱՄՆ-ի՝ Օկլահոմա, Ֆլորիդա, Կարոլինա Միսսուրի, Օհայո, Կալիֆոռնիա նահանգներում, Կոլումբիայում, Բրազիլիայում (ծովային կաթնասունների օգտագործումը զվարճանքի համար արգելված է), Շվեյցարիայում (կետանման կաթնասունների ներմուծումն արգելված է 2012թ.-ի մարտի 14-ից), Արգենտինայում, Նիկարագուայում, Գվատեմալայում, Կանադայում (արգելված է սպիտակ կետի որսն ու շահագործումը), Հավայան կղզիներում, Անթիլիայում, Հաիթիում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Մալդիվներում, Պուերտո Ռիկոյում, Խորվաթիայում (2009թ.-ից արգելված է բոլոր ծովային կետանման կաթնասունների պահումն անազատության մեջ) եւ այլն:

Անազատության մեջ պահվող դելֆիններին եւ սպիտակ կետերին ծովային միջավայր բաց թողնելու փորձերը սկսվել են 1970-ականներից: 2013թ.-ին Հարավային Կորեայի Չեդժու կղզում ստեղծվել է վերականգնողական կենտրոն, որտեղ գերության մեջ երկար տարիներ պահված կետանման կաթնասուններին ազատություն են շնորհում: 2017թ-ի հուլիսի 18-ին, Սեուլի քաղաքապետի անմիջական մասնակցությամբ, որոշում էր կայացվել 20 տարի գերության մեջ գտնվող երկու դելֆիններին՝ Դեպոնին եւ Գումդունգին «տուն» վերադարձնել: Նրանց հետ 5 շաբաթ աշխատած մասնագետները ապշել էին, թե ինչ արագությամբ են այդքան տարիներ կրկեսում ծաղրածուի դեր տարած դելֆինների մոտ վերադարձել վայրի բնազդները՝ բավարար է եղել ընդամենը նրանց բնական միջավայր վերադարձնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter