Դելֆինաթերապիա, թե՞ դաժան բիզնես. ֆիլմ՝ ռուսաստանյան փորձի մասին
Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» (Best Western Paradise) հյուրանոցի տարածքում շարունակում են շահագործվել վերջերս Հայաստան բերված երկու դելֆինները՝ չնայած շատ քաղաքացիների դիմադրությանը: Դելֆինարիումն առաջարկում է «դելֆինաթերապիա»՝ մի շարք հիվանդությունների համար, մինչդեռ քաղաքացիները մտահոգված են ոչ միայն փոքր ավազանում պահվող դելֆինների, այլև նրանց հետ լողացող երեխաների առողջությամբ:
«Ժամանց, թե՞ դաժան բիզնես». դելֆինարիումների գործունեությանը վերաբերող այս հարցը «Կոմունա» սոցիալ-մշակութային ՀԿ-ում երեկ կայացած քննարկման և ցուցադրված ֆիլմի առանցքում է: «Ազատ ծնվածները» (Born to be Free / Рожденные свободными) ռուսաստանյան արտադրության փաստագրական ֆիլմն անդրադառնում է դելֆինների և այլ ծովային կաթնասունների, հատկապես՝ սպիտակ կետերի (beluga) ճակատագրին՝ անազատության մեջ:
Ծովից և օվկիանոսից վերցվող կենդանիները տեղափոխվում են Ռուսաստանի կամ այլ երկրների դելֆինարիումներ և օգտագործվում շոուների համար: Նրանց մի մասը սատկում կամ վնասվածքներ են ստանում որսի և տեղափոխման ժամանակ: Ֆիլմում հանդես եկող մասնագետները խոսում են ինչպես այս գործընթացի, այնպես էլ պահման ու վարժեցման ժամանակ կենդանիների հանդեպ վերաբերմունքի մասին, որից դելֆինարիումների հաճախորդների մեծ մասն անտեղյակ է:
Բնության մեջ դելֆինները լողում են օրական միջինը 150 կմ՝ 100 մ խորությամբ: Նրանք նաև ընդգծված սոցիալական վարք ունեն և հիմնականում լողում են խմբերով: Ֆիլմի մասնակիցները դելֆիններին իրենց բնական միջավայրից առանձնացնելը համարում են նրանց հանդեպ ամենադաժան վարմունքը և լողավազանները համեմատում բանտի հետ: Նախքան դելֆինարիում տեղափոխելը՝ այս կենդանիներին սովորեցնում են սատկած ձուկ ուտել, իսկ դելֆինարիումների քլորն ու ջրի մյուս ախտահանիչները վնասում են կենդանիների մաշկն ու աչքերը:
«Ազատ ծնվածները» ֆիլմի ռեժիսորը և համահեղինակը Գայանե Պետրոսյանն է, որը 20-ից ավելի վավերագրական ֆիլմեր է նկարել: Նա տրամադրել էր ֆիլմը՝ Երևանում անվճար ցուցադրության համար, և մասնակցեց դիտմանը հաջորդած քննարկմանը Ռուսաստանից՝ տեսակապով: Գայանեն ասում է, որ դելֆինաթերապիան կարող է հանգեցնել առողջական խնդիրների, քանի որ հատկապես շշաքիթ դելֆինները, ինչպիսիք պահվում են Դիլիջանում, մեծ արտաթորանք են թողնում ջրում, ինչից հեշտությամբ կարող են վարակվել երեխաները:
«Այս ֆիլմը միանշանակորեն կապված է հայաստանյան իրադրությունների հետ, որովհետև սա, փաստորեն, դելֆինների միջոցով իրականացվող երկրորդ բիզնես ծրագիրն է»,- ասում է մի շարք բնապահպանական նախաձեռնությունների անդամ Աննա Շահնազարյանը: Ինչպես հիշում են քննարկման մասնակիցները, 2010թ-ին Երևանում բացված «Դելֆինարի-Նեմո»-ն նույնպես շեշտում էր դելֆինաթերապիայի հանգամանքը՝ հաճախորդներ գրավելու համար:
Հյուրանոցը հերքում է կապը դելֆինարիումի հետ, փաստաթղթերը՝ հաստատում
Դիլիջանում դելֆինարիումի բացման լուրը սոցցանցերում հայտնվեց սեպտեմբերի վերջին: Այս հարցին անդրադարձավ նաև բրիտանական Daily Mail առցանց պարբերականը՝ գրելով, որ «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցում դելֆինները պահվում են մարդկանց համար պատրաստված լողավազանում, իսկ համապատասխան վկայականը, որը ցույց է տալիս նրանց ծագումը, կեղծ է, քանի որ ոչ համար ունի, ոչ էլ կնիք:
Հրապարակումից հետո Դիլիջանի հյուրանոցը պարզաբանում է ուղարկել պարբերականին, ըստ որի՝ դելֆինարիումը պատկանում է հյուրանոցին չառնչվող մեկ այլ ընկերության և գործում է դրա կողմից: Հյուրանոցն ավելացնում է, որ այդ կազմակերպության հետ համագործակցությունը խզվել է նոյեմբերի 1-ից:
«Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցի տնօրեն Վահագն Հարությունյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է, որ «դելֆինները հյուրանոցի սեփականությունը չեն» և պատկանում են Սոչիի դելֆինարիումին:
Դիլիջանի դելֆինարիումը / Facebook
Daily Mail-ի հրապարակումից օրեր անց[1] հյուրանոցը սոցցանցում հրապարակում է Սոչիի Морская Звезда դելֆինարիումի գրությունն այն մասին, որ իրենք համագործակցել են «միայն վաճառքի և մարքեթինգի շրջանակում՝ մինչև նոյեմբերի 1-ը»: Դիլիջանի հյուրանոցն ու դելֆինարիումը, ըստ այս հայտարարության, տարբեր ընկերություններ են և չունեն ոչինչ ընդհանուր, քան շինության միևնույն մուտքը:
Բնապահպանները, սակայն, հերքում են հյուրանոցի հայտարարությունն ու ռուսական դելֆինարիումի պարզաբանումը՝ հղում անելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հրապարակած թույլտվությանը, որտեղ որպես ներկրող՝ նշվում է հենց «Փարադայս հոթել» ՍՊԸ-ն՝ հյուրանոցը շահագործող ընկերությունը: «Դա մաքուր խաբեություն է, որովհետև գոյություն ունեցող միակ փաստաթղթում նշված է, որ ներկրումն արվել է հենց հյուրանոցի կողմից»,- ասում է Աննա Շահնազարյանը:
Մյուս կողմից, կենդանիների ներկրման հարցերը կարգավորող մեկ այլ պետական մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության բաժնի պետ Անուշ Հարությունյանը սեպտեմբերին «Հետք»-ին հայտնել է, որ այս դելֆինները Հայաստան են բերվել «Դելֆինաթերապիա փարադայս» ՍՊԸ-ի կողմից: Վահագն Հարությունյանը, ով ներկայանում է որպես «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցի տնօրեն, մինչև վերջերս տնօրեն է եղել նաև «Դելֆինաթերապիա փարադայս» ՍՊԸ-ում և պաշտոնից դուրս է եկել միայն հոկտեմբերի 24-ին:
Հետաքրքրական է, որ համաձայն հարկային ծառայության պաշտոնական կայքի տեղեկության՝ երկու ընկերություններն էլ չեն վճարում ավելացված արժեքի հարկ:
Ի՞նչ արժեն դելֆինները
Դելֆինների առևտուրը թանկարժեք բիզնես է: Գայանե Պետրոսյանն ասում է, որ նախկինում սպիտակ կետերը գնահատվում էին մինչև 70 հազար դոլար, այժմ նրանց գինն իջել է 30 հազարի, իսկ կետադելֆինների (косатка) գինը հասնում է 6-7 մլն դոլարի:
Հայտնի չէ, թե որքան են արժեցել Դիլիջան բերված սևծովյան շշաքիթ դելֆինները: Սակայն նման կենդանիների գների մասին հուշում է կառավարության 2011թ-ի որոշումը, որով արտոնություն տրվեց «Դելֆինարի-Նեմո» ընկերությանը՝ թույլատրելով «ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը»: Իսկ «ներմուծված ապրանքները» 4 դելֆիններ էին՝ 250 մլն դրամ ընդհանուր մաքսային արժեքով և 2 ծովային փոկեր՝ 47 մլն դրամ արժողությամբ: Այսինքն, ամեն դելֆինն արժեցել է մոտ 166 հազար դոլար (որոշման օրվա փոխարժեքով):
«Դելֆինարիայի գլխավոր խնդիրներից է ծովային կաթնասունների մասին գիտելիքների տարածումը, բնապահպանական գաղափարների քարոզումը, բնակչության էկոլոգիական կուլտուրայի զարգացումը»,- գրված էր որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ «Նեմո» դելֆինարիումի բացումից հետո բնապահպանները բարձրաձայնել էին դելֆիններին սպառնացող նմանատիպ վտանգների մասին: Դելֆինարիումը փակվեց 2 տարի գործելուց հետո: Բնապահպանության նախարարությունից «Հետք»-ի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ 4 դելֆիններն ու 2 փոկերը ուղարկվել են Ռուսաստան՝ «Էկոլոգիչեսկի ցենտր» ընկերությանը:
Փաստաթուղթը վկայում է, որ բոլոր 6 կենդանիները վերցված են եղել բնությունից. դելֆինները ծնվել են Ճապոնիայում, փոկերը՝ Ուրուգվայում, բայց բոլորը Հայաստան են բերվել Ուկրաինայից:
Այնուամենայնիվ, «Դելֆինարի-Նեմո»-ն կենդանիներ է արտահանել նույնիսկ դելֆինարիումի փակման հաջորդ տարում՝ 2013-ին: Բնապահպանության նախարարության տրամադրած թույլտվության համաձայն՝ ընկերությունը Քաթար է արտահանել կրկին 6 կենդանի՝ 4 դելֆին և 2 փոկ: Հաշվի առնելով, որ փոկերի նախկին թույլտվությունների համարները համընկնում են, կարելի է ենթադրել, որ դրանք Հայաստանից Ռուսաստան ուղարկված կենդանիներն են: Նկատենք, որ վտանգված կենդանիների նման շարժը հատուկ է Հայաստանին, որը հաճախ գործում է իբրև տարանցիկ երկիր տարածաշրջանի այլ երկրների միջև:
Դելֆինների առևտուրը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (CITES), որը նաև արձանագրում է վտանգված կենդանիների առևտրի ծավալը: 2017թ-ի տվյալները, սակայն, կհրապարակվեն 2018-ի սկզբին, և գուցե պարզ լինի, թե արդյոք այս կենդանիների առևտուրը հաղորդվել է կոնվենցիան համակարգող մարմնին:
[1] Ուղղում (09 հունվար 2018). հոդվածում փոփոխություն է կատարվել՝ հիմք ընդունելով «Փարադայս հոթել» ՍՊԸ-ի փաստաբան Վահագն Գասպարյանի գրությունը: Նշվող ժամանակահատվածը՝ «Daily Mail-ի հրապարակումից օրեր անց», սխալմամբ վերագրվել էր հյուրանոցի տնօրեն Վահագն Հարությունյանի տված հարցազրույցին: Վրիպման համար հայցում ենք ընթերցողների և նշված ընկերության ներողամտությունը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել